Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

«Ախուվախ են անում՝ բա որ Պուտինը վիրավորվի, չեմ հասկանում, Պուտինի՞ն ենք սպասարկում, էդ Պուտինի պրոբլեմն է կվիրավորվի, թե չէ». Վիգեն Խաչատրյան

Մարտ 30,2023 23:23

Ինչպես հայտնի է, վարչապետ Նիկոլ Փաշինյանը առցանց ձևաչափով մասնակցեց «Հանուն ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովին ու ելույթով հանդես եկավ:

Լիագումար նիստի վերջում գագաթնաժողովի մասնակից երկրները ստորագրեցին հռչակագիր, որին Հայաստանը, ի թիվս 12 այլ երկրների, միացավ վերապահումով:

Վերապահումը մասնավորապես հետեւյալ պարբերությանն էր վերաբերում՝ «Պահանջում ենք, որ Ռուսաստանը անհապաղ, ամբողջությամբ և անվերապահորեն դուրս բերի իր բոլոր ռազմական ուժերը միջազգայնորեն ճանաչված սահմաններով Ուկրաինայի տարածքից և կոչ ենք անում դադարեցնել ռազմական գործողությունները»: Ըստ Հայաստանի դիրքորոշման,

«Սույն պարբերությունը համապարփակ և ընդգրկուն կերպով չի արտացոլում բոլոր հակամարտությունները և ճգնաժամերը և չի անդրադառնում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ագրեսիայի դրսևորման և Հայաստանի ինքնիշխան տարածքի որոշակի հատվածների օկուպացման փաստին»:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանն ասաց, որ այս վերապահմամբ ոչ թե պաշտպանում ու աջակցում ենք ՌԴ-ին, այլ ասում ենք, որ եթե ընտրողաբար են վերաբերվում ու չեն նշում ադրբեջանական ագրեսիայի մասին, մենք ձեռնպահ կմնանք. «Ռուսաստանը այդտեղ որեւէ կապ չունի: Պետք էր նշել նաեւ Ադրբեջանի ագրեսիան, որը զավթել է ՀՀ ինքնիշխան տարածքի մի հատված: Կոնկրետ հիմնավորումը սա է, բայց դրա տակ ով ինչ համոզմունքներ ունի, այն էլ տեսնելու է, պարզ չի՞: Դրա տակ ով ինչ հակում ունի, ում ուզում է դուր գա կամ չգա՝ սկսում է արտահայտվել: Ովքեր ռուսամետ են, ուրիշ բան են ասում, ովքեր եվրոպամետ են, ուրիշ բան են ասում, մենք էլ ասել ենք՝ ո՛չ ռուսամետ ենք, ո՛չ եվրոպամետ, Հայաստանի շահերն ենք սպասարկում: Շատ դժվար է դրանում համոզվել, որովհետեւ տարիներ ի վեր նման քաղաքականություն շահերը սպասարկելու չի եղել, մարդիկ սովոր չեն դրան: Մեծամասնությունը դեռ չի ընկալում, որ կա Հայաստանի շահ, որը պիտի իշխանությունը սպասարկի եւ չպիտի Հայաստանի շահը ստորադասվի այս կամ այն պետության շահերին, չի կարելի դա անել: Տարիներով դա են արել»:

Ըստ Վիգեն Խաչատրյանի, դարերով մենք մեր ծրագրերը չենք կառուցել՝ ելնելով մեր կարողություններից եւ կապել ենք այս կամ այն ուժի հետ, որը միշտ բերում է հիասթափության եւ կոտրած տաշտակի առջեւ է կանգնեցնում. «Մենք պիտի մեր ծրագրերը կառուցենք՝ ելնելով մեր կարողություններից, մշակենք ծրագրեր: Նման վարքագծի մենք սովոր չենք: Դրա համար էլ, երբ որ իշխանությունն իր առջեւ ծառացած պատասխանատու խնդիրները կապում է այս կամ այն պետության հետ, այդ իշխանությունը սկսում է չարաշահումներ անել, համակարգված կոռուպցիա է ծաղկում, տիրանում է, որովհետեւ պատասխանատու չի»: Թե ինչպես ենք մեր կարողություններով մարտահրավերների դեմն առնելու, սա, ըստ պատգամավորի, վիճելի է, բայց միանշանակ է, որ մենք ոչ թե պիտի մտածենք մեր քայլն ում դուր կգա կամ չի գա, այլ մեր շահերից բխող քայլեր անենք. «Հիմա մեր շահերից բխում է ու մենք բարձրաձայնում ենք՝ Ադրբեջանն ագրեսոր է, պիտի գնահատական ստանա: Չի կարելի մեկին ասել ագրեսոր, մյուսին չտեսնել, որովհետեւ այնտեղ նավթ կա կամ գազ կա»:

Անդրադառնալով ՌԴ-ին՝ Վիգեն Խաչատրյանն ասաց՝ Ռուսաստանը ՀՀ-ին որպես ինքնիշխան պետություն չի ընկալում. «Տասնյակ տարիներով ասել են, որ մեր ապագան իր հետ է որոշվում, հիմա 5 տարի Հայաստանն ասում է՝ շնորհակալ եմ, թույլ տուր ես որոշեմ՝ ինչի եմ ունակ, սովոր չի, խանդում է, գրգռվում է: Աստիճանաբար կհասկանա, որ Հայաստանն առանձին պետություն է եւ իր դաշնակիցն է, մի բան, որ մենք իր կողմից, որպես դաշնակից, չենք տեսնում շատ հաճախ: Ինքը հիմա ավելի շատ Ադրբեջանի դաշնակիցն է, քան մեր: Ի՞նչ անենք, իրեն այդպես է հարմար, չասե՞նք, չհասկացնե՞նք»:

Դիտարկմանը՝ ձեզ ասում են՝ եթե Ռուսաստանի հետ էլ «թարսվեցիք», մեր միակ ռազմավարական դաշնակիցն է, էլ ո՞ւմ հետ պիտի լավ հարաբերություններ ունենաք՝ Վիգեն Խաչատրյանն արձագանքեց. «Մենք Ռուսաստանի հետ չենք ուզում վատ հարաբերություններ ունենալ, մենք չենք ուզում ՌԴ-ի պատանդը լինենք: Չենք ուզում ՌԴ-ն Հայաստանին մանրադրամ դիտի՝ իր շահերը լուծելու, այս կամ այն չափով զիջելով Հայաստանի շահերը: Մենք շահագրգռված ենք ՌԴ-ի հետ նորմալ հարաբերություններ ունենալ, հարաբերությունները Ռուսաստանն է փչացնում: Մենք որեւէ պարտավորություն ՌԴ-ի հանդեպ որ ստանձնել ենք, չենք ձախողել, իսկ ինքը բազում պարտավորություններ բառիս բուն իմաստով տապալել է: Գուցե չի կարողանում, գուցե չի ցանկանում՝ դա արդեն իր պրոբլեմն է:

Փաստն այն է, որ իր պարտավորությունները՝ որպես դաշնակից, չի կատարում: Ընդ որում, չի էլ հայտարարում, որ ես այլեւս նման պարտավորություն չունեմ: Դա էլ է լուծում, երբ որ ասի՝ կներեք, ես չեմ կարող դատապարտել Ադրբեջանի ագրեսիան: Պարզ կարող է ասի, չէ՞՝ ինձ հետ հույս մի կապեք: ՌԴ-ն մեռավ հասկացնելով, որ ինքը շահագրգռված չի, մեր մոտ շարունակում են ինչ-որ մարդիկ մտածել, որ ՌԴ-ն իրենց կարող է բերել իշխանության ու սպասարկում են ՌԴ-ի շահերը: Չեմ կարծում, որ ՌԴ-ն իրենց խնդրում է դրա համար: Դա մարդիկ ուզում են օգտագործել իշխանություն զավթելու համար, ոչ թե այդ հարցերն արդյունավետ լուծելու, պարզ չի՞: Ռուսաստանին տանիք են տեսնում՝ մտածելով, որ այս իշխանությունները ձեռնտու չեն ՌԴ-ին, կուզեն փոխվի: Բայց պիտի Ռուսաստանն իմանա, որ ինքը չի փոխում Հայաստանում իշխանությունը, դա ժողովուրդն է որոշում: Դժվար է դրա հետ համակերպվել Ռուսաստանին, հասկանում եմ: Տասնյակ տարիներով իրենք են որոշել, հիմա էլ չեն որոշելու»:

Երբ փոխանցեցինք՝ Ռուսաստանը մեզ գոնե զենք է տալիս՝ նա հակադարձեց. «Զենք չի տալիս, դա բիզնես է ու ինչքան մեզ է տալիս, 20 այդքան Ադրբեջանին է տալիս: Չտեսանք Ռուսաստանի զենքը տված, որ գործի դրվի: Ռուսաստանի հետ մենք համատեղ հակաօդային պաշտպանության համաձայնագիր ունենք, չաշխատեց այդ համակարգը պաշտպանության: Երբ Ադրբեջանը ակնհայտ ցեղասպանություն է նախապատրաստում Արցախում, այդ ժամանակ ՌԴ ԱԳ նախարարը հայտարարում է, որ կարելի է թույլ տալ, որ արցախցիները հայերեն խոսեն ու հայերեն սովորեն եւ ենթադրում է, որ նրանք Կոսովոյի սերբերն են, էլ ի՞նչ է պետք հասկանալու համար, որ ղարաբաղցիների խնդիրը Ռուսաստանին քիչ է մտահոգում: Իրեն տարածքն է հետաքրքրում, ոչ թե մարդը»:

Երբ ասացինք՝ դրանում էլի ձեզ են մեղադրում, որ իշխանություններն են հասցրել նրան, որ ՌԴ-ին Ղարաբաղը քիչ հետաքրքրի, ձեր քաղաքականությունն է պատճառը՝ Վիգեն Խաչատրյանը պատասխանեց. «Մեզ չեն մեղադրում, դրանով փորձում են ընդամենը ՌԴ-ին դուր գալ: Չեն հասկանում, որ իշխանության կրողը այլեւս դարձել է ՀՀ քաղաքացին, որը կորոշի ամեն ընտրությունում իշխանությունն ինչպիսին կլինի: Մեզ անընդհատ ուզում են տանեն ՌԴ-ին սպասարկելու դաշտ: Չի՛ լինելու ու դա հակառուսական չի: Դա ՀՀ ժողովրդի շահերից բխող քաղաքականությունն է: Հիմա փոխանակ ասեն՝ ի՜նչ լավ է, որ Հայաստանը վերապահում է արել, մի անգամ եւս ընդգծել է Ադրբեջանի հանցավոր քաղաքականությունը, ողջունեն դա…

Հռոմի ստատուտին ենք մենք միացել, որը թույլ է տալիս քրեական գործ հարուցել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հանդեպ՝ որպես պատերազմական հանցագործներ, որովհետեւ բազում հիմքեր կան, ախուվախ են անում՝ բա որ Պուտինը վիրավորվի: Չեմ հասկանում, Պուտինի՞ն ենք սպասարկում, էդ Պուտինի պրոբլեմն է կվիրավորվի, թե չէ, կարո՞ղ է Պուտինը գնահատել է Ադրբեջանի վայրագությունները: Աչքներիս առաջ կանգնած՝ վերջին բարբարոսությունն արեցին զինվորների հանդեպ, գերիների գնդակահարեցին, ո՞րն ասեմ….Ծպտուն հանե՞լ է ՌԴ-ն: Էդ ռուսաստանահպատակ հայկական ազգանունով շարասյունը ծպտուն հանե՞ց ՌԴ-ի հասցեին: Պարտավոր էր չէ՞ ՌԴ-ն գնահատական տալ՝ ոնց որ որպես դաշնակից: Չտվեց, չէ՞: Ի՞նչ ասենք մենք դրան: Ասենք՝ չասենք, կնեղանա՞ն: Չասենք ավելի կլկտիանան»:

Ճշտեցինք՝ Հռոմի ստատուտին կո՞ղմ եք քվեարկելու՝ նա պատասխանեց. «Հռոմի ստատուտին ՀՀ-ն որոշել է միանալ 98 թվին, պարզապես այն ժամանակվա գործող սահմանադրության հետ կապված խնդիր է եղել, թե չէ վաղուց միացած կլինեինք: Բա այդ վայ-հայրենասերները որտե՞ղ էին 98 թվին»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031