Aravot.am-ի տեղեկություններով, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հայկ Իսրայելյանն այսօր փոխել է ռուս զբոսաշրջիկներին կողոպուտի ենթարկելու, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ կամ տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ հափշտակելու, շորթելու, ոչնչացնելու, վնասելու կամ թաքցնելու մեջ մեղադրվող Գյումրու ՔՊ-ական անդամ, պաշտոնաթող փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի ազգական Աղասի Մաթևոսյանի ու նրա երեք ընկերների խափանման միջոցը։ Աղասի Մաթևոսյանն ու նրա երեք ընկերները երկու ամիս է՝ կալանավորված էին։
Դատարանը որոշել է երկամսյա տնային կալանք տալ Աղասի Մաթևոսյանին՝ համակցելով 3 միլիոն դրամ գրավով։ Տնային կալանք ու 500 հազար դրամի գրավ կիրառվել է նաև Աղասի Մաթևոսյանի այն ընկերոջ նկատմամբ, որի մոտ ևս հայտնաբերվել էր զբոսաշրջիկներից կողոպտված գումարը։
Հիշեցնենք, որը ըստ քրգործի, նրանք, կողոպտելով ռուս զբոսաշրջիկներին, նրանցից վերցրել էին 920 եվրո, որից 700 եվրոն հայտնաբերվել էր հենց Աղասի Մաթևոսյանի գրպանից, 210՝ ընկերներից մեկի։
Աղասի Մաթևոսյանի մյուս երկու ընկերներին ազատ են արձակել միայն գրավով՝ մեկին 200 հազար դրամ գրավի, մյուսին՝ 300 հազար դրամի դիմաց։
Կարդացեք նաև
Տնային կալանքը որպես խափանման միջոց նորություն է․ ուժի մեջ է մտել հունվարի 1-ից, այս դեպքում ամբաստանյալը չի կարող տանից դուրս գալ, հյուրեր ընդունել, նամակագրություն ունենալ կամ հեռախոսազանգեր կատարել։
Հիշեցնենք նաև, որ այս դեպքի մասին պաշտոնական տեղեկատվություն էր տարածել ՀՀ ոստիկանությունը՝ հայտնելով․ «Փետրվարի 3-ին, ժամը 06.45-ին, ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ ժամը 03.00-ի սահմաններում ընկերուհու հետ եղել են Գյումրի քաղաքի ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում, երբ իրենց է մոտեցել «Նիվա» մակնիշի մի մեքենա, ապա մեքենայից իջած երեք անձինք սկսել են խուզարկել իրենց, իր մոտից վերցրել են դրամապանակը և հեռախոսը, իսկ ընկերուհու մոտից՝ նրա և իր ՌԴ քաղաքացու անձնագրերը և հեռախոսը, վիճաբանել են իրենց հետ, ինչից հետո նրանցից մեկը իր դրամապանակից վերցնելով 910 եվրո՝ հեռացել են:
Քաղաքացին նաև հայտնել էր, որ այդ ժամանակ նկատելով պարեկային ծառայության մեքենան՝ մոտեցել են և պարեկներին հայտնել կատարվածի մասին:
Պարեկային ծառայողները և Ախուրյանի բաժնի ծառայողները համատեղ միջոցառումների արդյունքում Գյումրի քաղաքի Թեհլերյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել և Ախուրյանի բաժին են տարել չորս տղամարդու՝ «Նիվայով» հանդերձ: Բաժնում կատարված անձնական խուզարկությամբ նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է 710 եվրո և 17 000 դրամ, մյուսի մոտ՝ 200 եվրո: Գյումրեցի չորս տղամարդիկ, կազմված փաստաթղթերը և հայտնաբերվածը ներկայացվել են Ախուրյանի քննչական բաժին»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ