Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքը պիտի զարգանա եւ ուժեղանա, որպեսզի Հայաստանը հաջողության հասնի․ Լորան Վոքիե (ֆոտոշարք, տեսանյութ)

Մարտ 30,2023 21:12

2022թ. հոկտեմբերին, երբ Սյունիքի մարզպետը պաշտոնական այցով մեկնել էր Լիոն, Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպի շրջանային խորհուրդն որոշեց 300.000 եվրո գումար Սյունիքին հատկացնելու մասին՝ հայ-ադրբեջանական հակամարտության հետևանքների հաղթահարման գործում։ Անցած տարվանից սկսված համագործակցության արդյունքում մարտի 29-ին՝ Տաթեւի վանական համալիրի տարածքում անսովոր աշխուժություն է։ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ու Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի շրջանային խորհրդի նախագահ Լորան Վոքիեն պատրաստվում են ստորագրելու համագործակցության համաձայնագիր։

«Թող Աստված օրհնի ձեզ, որ մեր բարեկամությունը հաստատ լինի ու թող տա Աստված, ինչ բարի նպատակ ունեք, որ այս սուրբ հողի վրա իրականություն դառնա»,-նախ օրհնության խոսք է ասում Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ տեր Մակար վարդապետ Հակոբյանը։

Ռոբերտ Ղուկասյանը կարեւորում է հենց Տաթեւի վանական համալիրում՝ «Աստծո տանը համաձայնագրի ստորագրումը»։ «Ճանապարհին՝ պարոն Վոքիեի հետ զրուցում էինք եւ իրականում երկուսս էլ վստահ ենք, որ այս համագործակցությունը սկիզբ է դնելու մի նոր բարեկամական ժամանակահատվածի, որը հետագայում մեծ հնարավորություններ ունի դառնալու պատմական։ Հայ-ֆրանսիական հարաբերությունների մասին օրերով կարելի է խոսել, որովհետեւ Ֆրանսիան եղել է, կա՛ ու վստահ եմ՝ կմնա Հայաստանի լավագույն երկրների առաջին հորիզոնականներում»,-ասաց մարզպետը։

Բուժօգնության հասանելիություն, տնտեսական զարգացում, մասնավորապես գյուղատնտեսության ոլորտում՝ գյուղերում՝ ոռոգման համակարգի կառուցում, երիտասարդների մասնագիտական կրթություն, զբոսաշրջության խթանում, ֆրանսերենի ուսուցման խորացում։ Սրանք են համագործակցության հիմնական ոլորտները, իսկ Օվերնյ-Ռոն-Ալպի շրջանային խորհրդի նախագահը, բացի նշվածները, նաեւ անվտանգային համագործակցությունն է կարեւորում։ Նրա խոսքով՝ «արդեն Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի եւ Սյունիքի մարզի ճակատագրերը համատեղ են» ։ «Սա նշանակում է, ով հարձակվի Սյունիքի վրա, հարձակվում է Օվերնյ-Ռոն-Ալպի վրա, ով ոտնձգություն կկատարի Սյունիքի հանդեպ, ճանապարհին կհանդիպի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանին»,-Տաթեւում հայտարարեց Լորան Վոքիեն։

Պարոն Վոքիեն համոզված է՝ որ Հայաստանի ամբողջականության համար պայքարը հենց Սյունիքում է որոշվելու, քանի որ միշտ սյունեցիները կրել են հայ դիմադրության ոգին։ Նա նույնպես լեռնային երկրամասից է ու զգայուն է այնպիսի անհատների հանդեպ, ինչպիսիք են Դավիթ Բեկը կամ Գարեգին Նժդեհը։

«Սյունիքը երբեք չի ընկրկել։ Կարծում եմ, որպեսզի Հայաստանը հաջողության հասնի, Սյունիքը պիտի զարգանա եւ ուժեղ լինի։ Հենց այդ նպատակով էլ պետք է հզորացնել այս մարզը՝ համատեղ ծրագրերի ու համագործակցության միջոցով։ Դուք քաղաքականության մի փոքրիկ կտոր եք, որ դիմադրում է բարբարոսությանը»,-ասաց նա։

Համագործակցության համաձայնագիրը ստորագրելուց հետո՝ հնչում են Տաթեւի վանական համալիրի զանգերը՝ իբրեւ հարատեւության նշան։

Լորան Վոքիեն չի ցանկանում, որ կնքված համագործակցության համաձայնագիրը այլ ծրագրերի նման սահմանափակվի միայն փոխադարձ այցերով, հետազոտություններ կատարելով։ Նրա խոսքով՝ դրանք անիմաստ ու ծախսատար են։ «Մենք ուզում ենք, որ հնարավորինս արագ գործնական քայլեր անել՝ աջակցելու սյունեցիներին, որպեսզի բնակիչներն էլ զգան փոփոխությունները։ Մենք արդեն պատրաստել ենք այն գումարները, որոնք անհրաժեշտ են աշխատանքները սկսելու համար»,-ասաց պարոն Վոքիեն։ Ֆրանսիացի պաշտոնյան համոզված է՝ որ տնտեսապես զարգացած լինելը կօգնի պայքարել նաեւ արտաքին ոտնձգությունների դեմ։

«Ճանապարհին տեսանք ադրբեջանական դրոշները, որոնք բնակավայրերից հարյուրավոր մետր հեռավորության վրա են գտնվում։ Այստեղ մենք անելիք ունենք, պիտի լսելի դարձնենք որ գործ ունենք մարդու ու պետության սուվերեն իրավունքների խախտման հետ»,-ասաց Լորան Վոքիեն։ Ֆրանսիական պատվիրակության անդամներն եղան նաեւ ֆրանս-հայկական համագործակցությամբ գործող առողջապահական եւ կրթական հաստատություններում։

Հիշեցնենք, որ երեկ Լորան Վոքիեն այցելել էր նաեւ դեպի Արցախ տանող ճանապարհի Լաչինի սկզբնամաս, որն արդեն փակ է մոտ 110 օր։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031