Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատ գյուղի զորամասի գործով Նիկոլ Փաշինյանը չի հարցաքննվի. Նորիկ Նորիկյանը զինդատախազի հետ հանդիպումից մանրամասներ է պատմում

Մարտ 30,2023 19:22

ՀՀ գլխավոր զինդատախազ Գրիգոր Էլիզբարյանի հետ շուրջ երեք ժամ տեւած հանդիպումից, Ազատ գյուղի զորամասի ողբերգության արդյունքում զոհվածների ծնողներն ու հարազատները իրենց հուզող հարցերի պատասխանները լիարժեք չեն ստացել. հանդիպման ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում այդ մասին ասաց Արման Բարսեղյանը՝ ողբերգության արդյունքում զոհված Գագիկ Բարսեղյանի հայրը: Արման Բարսեղյանը հույս հայտնեց, որ քննությունը ճիշտ ուղով կգնա: Հանդիպումից այլ մանրամասներ նա չհրապարակեց՝ քննչական գաղտնիքներ չբացահայտելու նպատակով:

Երեկ կայացած մամուլի ասուլիսում մի շարք հարցեր էին հրապարակվել, որոնց պատասխանները տուժողները եւ նրանց ներկայացուցիչը ակնկալում էին ստանալ այսօր՝ զինդատախազից. լրագրողի հարցին՝ պատասխաններ ստացա՞ն: Արման Բարսեղյանն ասաց, որ հարցերը տվել են, քննությունն ընթանում է հենց այդ հարցերի շրջանակում եւ ինքը հույս ունի, որ մոտ ժամանակներս այդ հարցերի պատասխանները բոլորը կստանան:

Արման Բարսեղյանը տեղեկացրեց, որ ողբերգության մի քանի վարկած է քննվում, բայց մանրամասներ չհայտնեց:

Մանրամասները՝ տեսանյութում

Տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ ձեռնպահ կմնա ասել, թե իրենց բարձրացրած հարցերի վերաբերյալ ամբողջությամբ պատասխան են ստացել, քանի որ որոշ հարցերի մասով ասվել է, թե քննություն է ընթանում, որոշ հարցերի դեպքում, ասվել է, որ դրա անհրաժեշտությունը չկա: Ամեն դեպքում, տուժող հարցին հետաքրքրող բոլոր հարցերը բարձրացվել են եւ իրենք հետամուտ են լինելու դրանց: Փաստաբանը եւս հաստատեց, որ զինդատախազությունում ասել են՝ հնարավոր բոլոր վարկածների ուղղությամբ քննություն է ընթանում, բայց որեւէ վարկածի վերաբերյալ որեւէ արդյունքի մասին, տուժող կողմին սպառիչ տեղեկատվություն չի տրամադրվել:

Նորայր Նորիկյանը տեղեկացրեց նաեւ, որ զինդատախազը չի բացառել այս վարույթի շրջանակներում այլ անձանց նկատմամբ եւս քրեական հետապնդում իրականացնելը: Սույն գործով այժմ 5 անձի նկատմամբ է վարույթ իրականացվում: Զինդատախազը չի մանրամասնել՝ թե ի՞նչ շրջանակի անձանց նկատմամբ է հնարավոր հետապնդումն իրականացվելու:

Տուժող կողմը զինդատախազին է փոխանցել իր անվստահությունը՝ վարույթ իրականացնող մարմինների նկատմամբ, ինչը պայմանավորված է այդ մարմինները ներկայացնող անձանց հրապարակային հայտարարություններում առկա հակասություններով:

«Հարց ենք բարձրացրել նաեւ հնարավոր պետական դավաճանության մասին կամ հակառակորդի կողմից հնարավոր գործողությունների արդյունքում այս ողբերգության մասին»,- ասաց Նորայր Նորիկյանը՝ մանրամասնելով, որ իրենց փոխանցվել է՝ հնարավոր բոլոր վարկածներով քննություն է ընթանում:

Երեկ մամուլի ասուլիսում հնչեցված հարցերի մասով էլ՝ ո՞ւմ հրամանով եւ ինչպե՞ս է դեպքի վայրից իրականացվել զինվորների դիակների տեղափոխումը, ինչո՞ւ է խախտվել դեպքի վայրը, հարցաքննվե՞լ է Նիկոլ Փաշինյանը եւ ողբերգության օրը լեյտենանտի փոխանցած տեղեկությունը, որ տարածքում բենզին չի եղել՝ որքանո՞վ է համապատասխանում իրականությանը, հարցերին ի՞նչ պատասխաններ են տրվել՝ լրագրողների պնդումներին ի պատասխան, Նորայր Նորիկյանը մանրամասնեց, որ դատախազների փոխանցած տեղեկության համաձայն, վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի հարցաքննվել, քանի որ հարցաքննության համոզմունք չի ձեւավորվել քննիչների մոտ: Լեյտենանտի փոխանցած տեղեկության մասով, ըստ փաստաբանի, սպառիչ պատասխան են ստացել, որը նա չցանկացավ բարձրաձայնել, բայց ասաց, որ այն ավելի մեծացնում է կասկածամտությունը: Փաստաբանը հավաստիացրեց, որ այդ հարցում եւս իրենք հետամուտ են լինելու:

Զինդատախազությունում տուժողներին ասել են նաեւ, թե ովքե՞ր են զինծառայողների մարմինները հանել դեպքի վայրից: Հիշեցնենք, որ փաստաբանը քանիցս է հայտարարել այն մասին, որ դեպքի վայրը խախտված է եղել եւ վարույթ իրականացնող մարմինը հասանելիություն է ունեցել դեպքի վայրին՝ զինծառայողների մարմինների հանելուց հետո: Դիերը հանողը քննչական մարմինը չի եղել:

Փաստաբանը ոչ հերքեց, ոչ հաստատեց, ոչ հերքեց լրագրողի հարցը՝ ԱԻՆ-ն է եղե՞լ: Նորայր Նորիկյանը վստահ է, որ տեսա եւ լուսանկարահանումներ են եղել դեպքի վայրում եւ հետամուտ է լինելու պարզելու՝ թե ի՞նչ պայմաններում են եղել զոհվածների մարմինները՝ մինչեւ դեպքի վայրից դուրս բերելը:

Զինդատախազությունում նաեւ ծնողներին փոխանցել են, որ դեռ աշխատանքներ են տարվում պարզելու, թե փրկված զինծառայողները որտե՞ղ են եղել:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031