ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր շրջայց է կատարել «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ին հատկացված տարածքում՝ տեղում ծանոթանալու շենքային առկա վիճակին, իրականացվող աշխատանքներին և առաջիկա անելիքներին: Շրջայցին ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:
Նախարար Ժաննա Անդրեասյանը շրջել է տարածքում, հանգամանորեն ծանոթացել շենքի առկա վիճակին, որից հետո նվագախմբի տնօրենության հետ մանրամասն քննարկել է աշխատանքների ընթացքն ու նախատեսվող գործողությունները:
Նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը ներկայացրել է բոլոր գործընթացները՝ փուլային առաջնահերթությամբ: Նրա նշմամբ՝ հատկացված շենքը շատ հարմար է նվագախմբի պրոֆեսիոնալ աշխատանքը կազմակերպելու համար, սակայն շենքի ներսում բավականին մեծ աշխատանքներ պետք է իրականացվեն:
Տնօրենի ներկայացմամբ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին ամրացված գույքն օգտագործվելու է որպես նվագախմբի փորձասենյակ, ձայնագրման ստուդիա, գործիքների պահեստ, ինչպես նաև ստեղծագործական և վարչատնտեսական անձնակազմի գրասենյակ: Նվագախմբի փորձերի իրականացման պարտադիր նորմերի և պայմանների ապահովման, ինչպես նաև անձնակազմի բնականոն գործունեության կազմակերպման համար անհրաժեշտ է կատարել համապատասխան աշխատանքներ:
Կարդացեք նաև
Ժաննա Անդրեասյանն ընդգծել է սիմֆոնիկ նվագախմբին տարածք հատկացնելու կարևորությունը և արձանագրել, որ արդեն պատրաստ է շենքի նորոգման նախագծանախահաշվային փաթեթը, և այժմ այն փորձաքննության փուլում է։
«Հստակ է, որ ունենալու ենք արդիական, ամբողջական ենթակառուցվածք՝ թե՛ փորձերի, թե՛ աշխատանքային տարածքի, և թե՛ ձայնագրման ստուդիայի մասով: Հատկապես կարևորում եմ, որ այդ ենթակառուցվածքները, ընդհանուր առմամբ, ծառայելու են ոլորտին: Օրինակ՝ ձայնագրության ստուդիաների մասով կան խնդիրներ, և սիմֆոնիկ նվագախմբի համար նախատեսված այս աշխատանքային միջավայրը, ձայնագրության ստուդիան կծառայեն նաև ոլորտի մեր մյուս կազմակերպություններին՝ ձայնագրությունների ֆոնդը թարմացնելու, նոր ձայնագրություններ անելու, փորձեր անցկացնելու նպատակով: Ունենք բազմաթիվ շնորհալի երաժիշտներ և նվագախմբեր, որոնք ակտիվ գործունեություն են ծավալում, սակայն ակնհայտ է, որ զուգահեռաբար առկա է տարածքների խնդիր: Եվ պատահական չէ, որ ակադեմիական քաղաքի շրջանակում խոսում ենք ժամանակակից համերգասրահ ունենալու անհրաժեշտության մասին: Վերջին տարիների միտումները ցույց են տալիս, որ հանդիսատեսն ակտիվորեն հաճախում է համերգասրահներ: Համերգների ժամանակ գրեթե չենք ունենում ազատ նստատեղեր, իսկ դա նշանակում է, որ մարդկանց համար հաղորդակցումը մշակութային կյանքին ավելի ու ավելի է կարևորվում: Եվ այս համատեքստում անհրաժեշտ է ունենալ բոլոր այն պայմանները, որոնք կապահովեն այդ պահանջարկի որակյալ բավարարումը»,- ասել է նախարար Ժաննա Անդրեասյանը:
Իրականացվող աշխատանքների ավարտից հետո շենքը հագեցած կլինի լիարժեք գույքային պայմաններով, նոր երաժշտական գործիքներով և ձայնագրման ստուդիայի համար անհրաժեշտ տեխնիկայով:
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ