Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես մանկուց հենց Կասկադի այդ նույն ծառերի տակ եմ մեծացել։ Դա ինձ համար ուղղաձիգ իմ հիշողության շեշտադրում էր։ Կլինեն հետևանքներ»․ Վիկտոր Մնացականյան

Մարտ 30,2023 18:25

«Մենք քննարկում ենք հետևանքը, բայց կարևոր է հասկանալ պատճառը։ Պատճառն այն է, որ ունենք քաղաքային կառավարման ճգնաժամ»,-«Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի մամուլի սրահում Երևանում շարունակվող ծառերի զանգվածային հատումների հետևանքների և վտանգների մասին քննարկման ժամանակ հայտարարեց Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը։

Ըստ նրա՝ դա այսօր, երեկ չի առաջացել, բայց այսօր ավելի սրվել է՝ հաշվի առնելով, որ մի քանի տարում փոխեցինք մի քանի քաղաքապետեր, ՀՈԱԿ-ների պատասխանատուներ․ «Օրինակ՝ քաղաքային կառավարման ճգնաժամ է այն, որ այս հարցում մենք չլսեցինք ավագանու անդամներին՝ բացի մեկ-երկու հարգարժան ավագանու անդամների կարծիքը։ Տեսնում ենք՝ ավագանին միայն զբաղվում է փողոցների անվանափոխությամբ, բայց դա չէ իրենց խնդիրը։ Չտեսանք համատիրություններին, թաղապետերին, նրանք այդ ճգնաժամի ամենաառաջին մեղավորներն են, քանի որ շփման առաջնագծում են»։

Ըստ Վիկտոր Մնացականյանի՝ մյուս կարևոր խնդիրն այն է, որ այսօրվա քաղաքական իշխանությունը չի տարբերակում կարևորն անկարևորից։ Ըստ նրա՝ ծառերի ոչնչացման խնդիրը նաև երևանցու ինքնության և պատվախնդրության հարց է․ «Ես մանկուց հենց Կասկադի այդ նույն ծառերի տակ եմ մեծացել։ Փորձել եմ ծնողներիցս խնդրել, որ գտնեն նկարները։ Դա ինձ համար ուղղաձիգ իմ հիշողության շեշտադրում էր։ Իմ նման հազարավոր մարդիկ կան։ Այստեղ նուրբ հարց կա, ինձ համար Կարապի լճի մեջտեղի ուռենին ամենակարևոր խորհրդանիշն է Երևանի, նույնը Թումանյանի տուն-թանգարանի դիմացի ուռենին։ Այսինքն՝ ծառը կարող է լինել երևանի խորհրդանիշ»։

Նա վստահեցրեց՝ կլինեն հետևանքներ։ Նաև շեշտեց՝ չեն ուզում՝ քաղաքային նշանակության հարցը դառնա քաղաքական․ «Մեզ՝ երևանցիներիս և քաղաքային իշխանություններին սպասվում է «ծառագեյթի» նման մի բան՝ արդյոք դրա պատասխանը ի՞նչ է լինելու։ Եթե կա վիճարկվող հարց, դա կարելի է անել դատարանով, վերադասությամբ։ Այդ ծառերը հնարավոր չէ վերականգնել։ Բայց մենք կարող են վերականգնել երևանցու պատիվը, հույսը և դեպի ընդհանուր քաղաքականություն և մնացած քաղաքային ուժեր նման պատասխանատու ժամանակաշրջանում»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031