Լրահոս
Օրվա լրահոսը

«Թամանյանի արձանի դիմացի հացենիները մեր տերյանական աշուն էին, որը երկու ամիս էր տևում։ Փոխարինեցինք սակուրայով, որը տասն օր պիտի ծաղկի»․ Քրիստինա Վարդանյան

Մարտ 30,2023 17:57

«Այն իրավիճակը, որում հայտնվել ենք զանգվածային էտումների հետ կապված, չունի որևէ իրավական հիմք»,- «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի մամուլի սրահում Երևանում շարունակվող ծառերի զանգվածային հատումների հետևանքների և վտանգների մասին քննարկման ժամանակ հայտարարեց Երևանի ավագանու անդամ, Երևանի պետական բժշկական համալսարանի Հիգիենա և էկոլոգիա ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու Քրիստինա Վարդանյանը։

Նրա հավաստմամբ՝ բոլոր երկրներում էլ այսպիսի գործընթաց լինում է, բայց նման տիպի աշխատանքները նաև ավագանու որոշմամբ են ամրագրվում․ «Սրանք ռազմավարական երկարաժամկետ կամ կարճաժամկետ ծրագրեր են, որոնք անպայման ձևակերպված պիտի լինեն և ստանան Երևանի ավագանու կողմից դրական վերաբերմունք։ Նման խոշոր միջամտության և այդ ծրագրի իրականացման համար պետք է ավագանու դրական վերաբերմունքը։ Նման աշխատանքները պարտադիր անցնում են ՇՄԱԳ, թե ինչպիսի արձագանք է ունենալու շրջակա միջավայրի վրա։ Խոսում ենք 2500 ծառի մասին։ Անպայման, եթե լինեին մի քանի հանրային լսումներ, գուցե քաղաքացիներն այս աղմուկը չբարձրացնեին»։

Քրիստինա Վարդանյանը փաստեց՝ ամեն գործընթաց ունի իր մեթոդաբանությունը և պարզաբանեց․ «Երևանն այսօր մրցում է ամենաաղտոտված քաղաքների հետ օդի ավազանի ցուցանիշներով։ Երևանում ուժեղ քամի էր, ունեինք փոշու մակարդակի 22 անգամ գերազանցում։ Սարսափելի թվեր են»։

Ըստ Քրիստինա Վարդանյանի՝ այս պայմաններում ցանկացած գործընթաց, որն իրականացվում է, պետք է ուղղված լինի շրջակա միջավայրից եկող ռիսկերը նվազեցնելուն։ Նա նշեց․ «Երբ փողոցի երկայնքով ծառերը հատեցինք, թեկուզ տասը տարեկան տնկեցինք, այդ ու նախկին ծառերի սաղարթները երկար տարիներ չեն լինելու նույն ծավալի։ Այսինքն՝ շրջակա միջավայրից եկած այդ ռիսկերն այդքան ժամանակ չեն կառավարվելու և ունենալու ենք խնդիրներ»։

Նա նշեց, որ հացենիները դենդրոլոգները պատահաբար չէին ընտրել․ «Հացենիները մեր տերյանական աշունն էին։ Դենդրոլոգները դրա համար էին այդպես արել։ Թամանյանի արձանի դիմաց տերյանական աշուն էր, որը երկու ամիս էր տևում։ Մենք փոխարինեցինք սակուրայով, որը տասն օր պիտի ծաղկի։ Ճապոնական փիլիսոփայությունը կյանքի կարճատևության մասին է։ Արագ բողբոջեց, ծաղկեց և տերևները թափվեցին։ Ճապոնացիները այդ տասն օրվա մեջ խանամին են վայելում։ Դա իրենց մշակույթն է, իսկ մերը տերյանական աշունն էր։ Երևան քաղաքի գլխավոր հատակագծի հիմնադրի աչքի առաջ, որը եղել է ՀՀ պատմամշակութային արժեքների և ճարտարապետական կոթողների պաշտպանը, բերել ու շարել այլ մշակույթի ծառատեսակ, չգիտեմ՝ ինչքանո՞վ է ճիշտ»։

Արձագանքելով այն պնդումներին, թե սակուրաներով կգրավենք զբոսաշրջիկների ուշադրությունը, Քրիստինա Վարդանյանն ասաց․ «Զբոսաշրջիկները գնում են ճանաչելու այդ ազգի մշակույթը։ Ոչ մեկը չի գալիս՝ տեսնի Թամանյանին, որի կողքին աճում է սակուրան։ Դա նորմալ չէ, քանի որ, եթե մենք հագնում ենք կիմոնո, մենք կիմոնոյին համապատասխան պետք է մնացած ամեն բան հագնենք։ Կանաչապատումը գիտություն է, որը փոխկապակցված է քաղաքի ճարտարապետական տեսքի հետ։ Եթե հանեցինք հացենին, կա հիգիենիկ օրենք, փոխում ենք ծառատեսակը, ուրեմն կամ նույնանման սանիտարահիգիենիկ հատկանիշներով ծառերով պետք է փոխարինենք, կամ ավելի բարձր։ Տվյալ դեպքում չեմ տեսնում, որ նրանք նույնն են»։

Խոսելով ծառերի խնամքի մասին՝ Քրիստինա Վարդանյանն ասաց․ «Մենք խոր էտ արեցինք, իջեցրինք ծառերի դիմադրողականությունը, և միջատների գրոհին ծառը չկարողացավ դիմանալ։ Սա էր պատճառը, այլ ոչ թե այն, որ թեղին վատ ծառատեսակ է։ Եթե կաշտան ենք բերում, բայց չենք կարողանալու խնամքն ապահովել, նույն խնդիրը սակուրայի հետ է լինելու։ Սակուրան անվերջ հիվանդանում է լվիճներով, նաև սնկային հիվանդություններով։ Դրա համար գերադասելի է, որ մշտադալարների հետ չտնկեն։ Մի մտահոգություն էլ ունեմ։ Մելիք Ադամյան փողոցը նեղ է, գնդաձև թեղիներն այնտեղ իրենց լավ չեն զգա։ Այդ ծառատեսակի սաղարթը մեծ է, ծառը գալու, կպնելու է շենքի՞ն։ Հանրապետության հրապարակում գնդաձև թեղիներն իրենց լավ են զգում, քանի որ տարածքը մեծ է»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031