Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Էդգարը չի հրաժարվել, այդ խիզախությունը վերցրել է իր վրա, պետք է ոչ թե քարկոծել, այլ շանս տալ»․ Նաիրա Զոհրաբյան

Մարտ 30,2023 17:31

«Իհարկե, հասկանում եմ, ընդունում եմ այն դիրքորոշումը այն առումով, որ այն մարդիկ, որոնք իրապես, առանձնահատուկ կռիվ են տվել, պետք է առնվազն իրենց հետ քննարկվի ցանկացած թեկնածություն։ Բայց շատ կուզեմ, որ այս կարգի տարաձայնությունները դրվեն մի կողմ, այդ հարցերը լուծվեն ներսում»,- «Հայելի» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների համատեղ որոշմանը՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թափուր պաշտոնում առաջադրել Էդգար Ղազարյանին և այդ հարցով քննարկումներին։

Փաստելով, որ խմբակցությունները դիմել են մի շարք իրավաբանների, որոնք մերժել են, ասաց․ «Եթե ինձ էլ առաջարկեին, գուցե ես կհրաժարվեի՝ իմանալով դրա կանխատեսելի ելքը։ Եթե Էդգարը չի հրաժարվել, այդ խիզախությունը վերցրել է իր վրա, պետք է ոչ թե քարկոծել, այլ շանս տալ։ Պետք չէ անընդհատ մտածել՝ անիմաստ է, իրենք շատ են, գլխաքանակ են»։

Նաիրա Զոհրաբյանն ասաց՝ շատ կուզի, որ ՄԻՊ-ի քվեարկության օրը ԱԺ-ի մոտ հավաքվեն հասարակության ներկայացուցիչներ և փորձեն դրական ճնշում գործադրել խորհրդարանի վրա, քանի որ նրա վստահեցմամբ՝ փոքր հաջողություններից է սկսվելու մեծ հաջողությունը։

Նաիրա Զոհրաբյանի կարծիքով՝ առաջիկա ամենամեծ քաղաքական ընտրությունը, որտեղ հնարավոր է վերջին հրաժեշտը տալ Նիկոլ Փաշինյանին, Երևանի ավագանու սեպտեմբերին սպասվող ընտրություններն են։ Նա ասաց․ «Մենք ձեզ հետ միասին կարող ենք կազմակերպել սեպտեմբերին վերջին հրաժեշտ Նիկոլ Փաշինյանին, երբ քաղաքական ուժերը միավորվեն մեկ միասնական թեկնածուի շուրջ։ Դաշնակցության մոտեցումն այդպիսին է, ՀՀԿ-ի տեսակետն էլ։ Եթե ամեն մեկը գրկի իր 4-6 տոկոսանոց թեկնածուին, իրարից ձայն են փախցնելու, և հաղթելու է Նիկոլը։ Ի սկզբանե պետք է լինի քաղաքական պայմանավորվածություն երևանի ավագանու քաղաքական ընտրությանը միասնական թեկնածուով մասնակցելու հարցով։ Նիկոլ Փաշինյանը հիմա ունի իր բոլոր ժամանակների ամենացածր վարկանիշը։ Իսկ Երևանում միացյալ ճակատով Նիկոլ Փաշինյանին հաղթելը կամքի, ցանկության հարց է։ Դա պետք է լինի համազգային շարժում։ Ունենք փայլուն հնարավորություն սեպտեմբերին վերջին հրաժեշտ տալ Նիկոլ Փաշինյանին»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031