Մարտի 29-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Սերգեյ Ատոմյանն աշխատանքային այցով եղել է «Սևան» քրեակատարողական հիմնարկում:
Սերգեյ Ատոմյանն իր առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանի, Ծառայության գլխավոր քարտուղար Արամ Նիկոյանի, խորհրդական Անդրանիկ Սիմոնյանի և հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Արսեն Արզումանյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել հիմնարկի ողջ տարածքում, ծանոթացել 2022 թվականին իրականացված շինբարեկարգման աշխատանքներին:
Մասնավորապես նախորդ տարվա ընթացքում «Սևան» քրեակատարողական հիմնարկում վերանորոգվել են կոյուղագծերը, դատապարտյալների հանրակացարանները, տեղադրվել է կոյուղաջրերի մաքրման կայան, կառուցվել են թեքահարթակներ հենաշարժողական խնդիրներ ունեցող դատապարտյալների համար, բնակելի գոտու սենյակներից մեկը վերանորոգվել և վերափոխվել է փայտամշակման արտադրամասի:
2023 թվականին ևս նախատեսվում է իրականացնել մի շարք կապիտալ վերանորոգման աշխատանքներ՝ վարչական շենքի ընդլայնում, հսկիչ-անցագրային կետի վերանորոգում, երկու դիտաշտարակների կառուցում, բնակելի գոտու բաղնիք-լվացքատան մասնաշենքի կապիտալ վերանորոգում և այլն:
Կարդացեք նաև
Շրջայցի ընթացքում Սերգեյ Ատոմյանը զրուցել է նաև դատապարտյալների և տեսակցության եկած հարազատների հետ՝ լսելու նրանց հարցերը, դժգոհությունները կամ առաջարկները:
Ամփոփելով այցը «Սևան» քրեակատարողական հիմնարկում՝ Ծառայության պետը տվել է խիստ հանձնարարականներ շինարարական աշխատանքների ընթացքում վերհանված թերությունները կարճ ժամկետում վերացնելու ուղղությամբ:
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ