Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյան. Ռազմավարական նպատակ ենք ձևակերպել տնտեսության բարդության աստիճանը մեծացնել և ավելացնել

Մարտ 30,2023 17:27

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը, Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի շուրջ վերջին զարգացումներին, Ադրբեջանի կողմից շարունակվող սադրիչ գործելակերպին, տարածաշրջանում խաղաղության ապահովման ուղղությամբ միջազգային պատշաճ երաշխիքային մեխանիզմների գործարկման հարցին:

Վարչապետը կառավարության այսօրվա նիստում հայտնել է,  որ ըստ տնտեսական ակտիվության ցուցանիշի՝ Հայաստանում  առևտրի շրջանառությունն աճել է   մոտավորապես 18 տոկոսով, ինչը ոչ միայն ֆիզիկական ծավալների ավելացման հետ է կապված, այլ նաև հենց թափանցիկ, այսինքն՝ երևացող առևտրի ցուցանիշ է։ «Ուզում եմ արձանագրել նաև, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը փետրվարին կազմել է 11,3 տոկոս, արտաքին առևտրաշրջանառությունը աճել է 79,5 տոկոսով, ընդ որում արտահանումը 2,1 անգամ, իսկ ներմուծումը 163 տոկոսով։ Շինարարությունը շարունակում է շատ մեծ տեմպերով աճել՝ 13,9 տոկոս, առևտուրը՝ 18,2 տոկոս, ծառայությունները՝ 21 տոկոս։ Արդյունաբերության աճը 0,7 տոկոս է փետրվարին, նախորդ տարվա փետրվարի համեմատ, իսկ հունվար, փետրվարի ցուցանիշներով 1 տոկոս։ Մենք խնդիր ունենք արդյունաբերության ոլորտում ավելի մեծ և ավելի տեսանելի աճ արձանագրել, և խնդիրը միայն հանքարդյունաբերության մեջ չէ: Մենք ռազմավարական նպատակ ենք ձևակերպել մեր տնտեսության բարդության աստիճանը մեծացնել և ավելացնել»,- ասել է ՀՀ կառավարության ղեկավարը։

Ամփոփելով՝ վարչապետը նշել է, որ  հունվար, փետրվար ամսվա ցուցանիշներով տնտեսական ակտիվության ցուցանիշը 10,9 տոկոս  է. «Ուզում եմ արձանագրել, որ արդեն երկու ամիս մենք ավելի քան 10 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ ենք արձանագրում։ Մասնավոր և պետական հատվածի առաջնային խնդիրն է այս տնտեսական ակտիվության տեմպը պահպանել, որպեսզի կարողանանք լուծել մեր խնդիրը, որն արձանագրված է 2021-2026թթ Կառավարության գործունեության ծրագրի մեջ: Մենք տարեկան առնվազն 7 տոկոս տնտեսական աճ պետք է ապահովենք և մենք պետք է հետևողականորեն աշխատենք այս ուղղությամբ»:

Կստեղծվի պետական կառավարման համակարգի նոր մարմին` Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Գործադիրը հավանություն է տվել «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  ՀՀ օրենքների նախագծերին: Օրենքների նախագծերի ընդունումը հնարավոր կդարձնի ոլորտները կանոնակարգող իրավական ակտերի համապատասխանեցումը բարձրագույն կրթության և գիտության զարգացման արդի վիճակին և միջազգային չափանիշներին, կնպաստի այդ ոլորտների առաջընթացին և դինամիկ զարգացմանը: Գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառի իրավահարաբերությունների բարելավման և արդիականացման նպատակով նախատեսվում է ստեղծել պետական կառավարման համակարգի նոր մարմին` Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե:

Ինչպես նշել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ կառավարության ծրագրով բարձրագույն կրթության և գիտության ոլորտների որակական զարգացումն առաջնահերթություն է, որի շրջանակում իրականացվել է մեծածավալ աշխատանք. «Կառավարությունը 2018 թվականի համեմատ  գիտության ոլորտի ֆինանսավորումն այս տարվա համար ավելացրել է 21,74 մլրդ դրամով՝ այն դարձնելով 36 մլրդ դրամ, որը 2.5 անգամ ավելի է 2018 թվականին տրամադրված ֆինանսավորումից: Գիտության ոլորտում մեկնարկել է գիտաշխատողների ատեստավորման և վարձատրության բարձրացման ծրագիրը, որի արդյունքում, օրինակ, ամենամեծ թվով գիտնականներ ընդգրկող տարակարգի՝ գիտական աշխատողների բազային աշխատավարձը նախկինում միջինը 90 հազար դրամի փոխարեն 2022 թվականին կազմել է 150 հազար դրամ, 2023 թվականին՝  250 հազար, 2025 թվականին արդեն փուլային աճման սկզբունքով կկազմի 276 հազար դրամ: Առաջատար գիտաշխատողների պարագայում, օրինակ,  արդեն 2022 թվականից ունեինք ավելի քան կրկնապատկված աշխատավարձ՝ 114 հազար դրամի փոխարեն 250 հազար դրամ: 2023-ին առաջատար գիտաշխատողների աշխատավարձը 350 հազար դրամ է, իսկ 2025-ին կլինի 443 հազար դրամ»:

 Նախարարի խոսքով՝ մեծ ծավալի աշխատանքներ են կատարվում գիտական ենթակառուցվածքների և սարքավորումների ձեռքբերման, գիտության ոլորտում սերնդափոխության, արտերկրից հեղինակավոր գիտնականների  ներգրավման ուղղությամբ՝ թիրախային դրամաշնորհային ծրագրերի միջոցով, որոնք արդեն ունեն տեսանելի արդյունքներ:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է օրինագծի ընդունումը և մեկ անգամ ևս ընդգծել, որ  առանց կրթության ոլորտում խորը և բովանդակային փոփոխությունների, որոնք կբերեն կրթության որակի և արդյունավետության բարձրացմանը,  հնարավոր չի լինի  ապահովել երկրի ապագան: «Այդ իմաստով մենք, իհարկե, շատ մանրամասն հետազոտել ենք այն գործընթացները, որոնք տեղի են ունեցել կամ այն պրոբլեմները, որոնք մենք ունենք բարձրագույն կրթության ոլորտում: Դրանցից  են ֆիզիկական ենթակառուցվածքների բովանդակային հատվածի անհամապատասխանությունը ժամանակակից չափանիշներին: Մենք արձանագրել ենք հետևյալը, որ ցավոք չենք նկատել, թե ինչպես է բուհական համակարգը շարունակաբար մեկուսանում հետազոտական բաղադրիչից: Այսինքն՝ մենք այսօր ունենք իրավիճակներ, երբ կարող է Հայաստանի Հանրապետությունում դիմորդն ընդունվել բուհ, ավարտել բուհը, դիպլոմավորվել և այդպես էլ որևէ առարկայական առնչություն չունենալ իր մասնագիտության և բովանդակության հետ: Մեր ռազմավարության կարևոր բաղադրիչներից է հետազոտական և բուհական բաղադրիչները  մեկտեղել այնտեղ, որտեղ այն անհրաժեշտ է և տրամաբանական: Դուք գիտեք, որ Ակադեմիական քաղաքի շրջանակում մենք արձանագրել ենք, որ Հայաստանի Հանրապետությունում պետք է ունենանք մինչև 8 լիարժեք, ամբողջությամբ ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող բուհ: Այդ բուհերը պետք է ձևավորվեն ոչ միայն բուհական, այլ հետազոտական բաղադրիչների հիման վրա: Առաջիկայում ենթադրում եմ, որ մենք կարող ենք,  նախապատրաստական աշխատանքներ իրականացնելուց հետո,  այս առաջարկն արտապատվիրակել հենց բուհերին և հետազոտական հաստատություններին՝ նրանց առաջարկելով սկսել քննարկումներ իրենց համատեղ ապագան կառուցելու վերաբերյալ»,-ասել է վարչապետը:

 Կխստացվեն ՀՀ պետական դրոշին ներկայացվող պահանջները. պետական խորհրդանիշի նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորողները կտուգանվեն

Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ դրոշի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերին: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել ՀՀ դրոշի ամբողջական, մաքուր և չգունաթափված լինելու պահանջների պահպանությունը ոչ միայն բարձրացված դրոշների, այլև տեղադրված և ամրացված դրոշների համար, ինչպես նաև ապահովել օրենքով սահմանված դրոշին ներկայացվող պահանջների հստակությունը և որոշակիությունը, որը կնպաստի հանրության կողմից պետական խորհրդանիշերից՝ ՀՀ դրոշի արժևորմանը և ՀՀ դրոշի նկատմամբ հարգանքի ձևավորմանը: Օրինագծերով  առաջարկվում է հստակեցնել ՀՀ դրոշին ներկայացվող պահանջները, մասնավորապես՝ ՀՀ դրոշի ամբողջական, մաքուր և չգունաթափված լինելու պահանջը սահմանել, որպես ընդհանուր պահանջ, օրենսգրքով սահմանված ՀՀ դրոշին ներկայացվող պահանջները խախտելու համար պատասխանատվության ենթակա սուբյեկտների շրջանակը, ինչպես նաև առանձնացնել ֆիզիկական, իրավաբանական և պաշտոնատար անձանց կողմից կատարված վարչական իրավախախտումների համար սահմանված պատասխանատվության չափը: Նախագծով վերանայվել են նշված իրավախախտման համար վարչական պատասխանատվություն կիրառող սուբյեկտների վերաբերյալ կարգավորումները. հաշվի առնելով վարչական դատարանի ծանրաբեռնվածությունը և նպատակ ունենալով ապահովել ողջամիտ ժամկետներում վարչական վարույթի իրականացումը՝ անհրաժեշտություն է առաջացել նշված վարչական իրավախախտման համար պատասխանատվություն կիրառելու լիազորությունը վերապահել ՀՀ ոստիկանությանը:

Ինչպես նշել է ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, նախագծերի հիմնական նպատակն է խստացնել ՀՀ խորհրդանիշներից մեկի՝ ՀՀ դրոշին ներկայացվող պահանջները  և այնպես անել, որ  դրոշի պահանջների խախտումները պատժելի լինեն բոլոր դեպքերում: «Այսօրվա գործող կարգավորումների համաձայն՝ բարձրացված ՀՀ դրոշը պետք է լինի ամբողջական, մաքուր և չգունաթափված: Ընդ որում, դրոշի ներքևի մասը պետք է գտնվի գետնից 2,5 մետրից ոչ պակաս բարձրության վրա: Միևնույն ժամանակ, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում անցած տարի  կատարվել են լրացումներ, որով վարչական պատասխանատվություն է սահմանվել դրոշին ներկայացվող պահանջները խախտելու համար. տուգանքի նշանակում՝ 30-ից 50 հազար դրամի չափով: Նշված կարգավորումները ներկայումս տարածվում են միայն շենքերի վրա բարձրացված դրոշներին, օրինակ՝  Հանրապետության նախագահի նստավայրի, կառավարության, դատարանների, մարզական, մշակութային կազմակերպությունների և այլ օրենքով սահմանված շենքերի վրա»,-ասել է նախարարը: Ինչ վերաբերում է պաշտոնատար անձանց աշխատասենյակներում կամ այլ վայրերում տեղադրված դրոշներին, կամ օրենքով նախատեսված փոխադրամիջոցների վրա ամրացված դրոշներին, ապա ստացվում է, որ այդ դեպքում դրոշին ներկայացվող պահանջները որպես պարտադիր պահանջներ նախատեսված չեն և վարչական պատասխանատվության հիմք հանդիսանալ չեն կարող:

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով օրենսդրական նախաձեռնությանը,  նշել է, որ պետական խորհրդանիշը, անկախ նրանից որտեղ և ում կողմից է գործածվում, պետք է արժանանա պատշաճ վերաբերմունքի,  և դա պետք է լինի մեր  պետական մտածողության կարևոր մի մաս:  Խոսելով պետական դրոշի համար սահմանված պահանջները խախտելու համար նախատեսված վարչական պատասխանատվության  ենթարկվելու մասին՝ վարչապետը նշել է, որ պաշտոնատար անձանց դեպքում միայն դա բավարար չէ. «Կարծում եմ՝ Աշխատանքային օրենսգրքում պետք է փոփոխություններ անենք, որ, օրինակ, եթե պետական պաշտոնյան երկու անգամ նույն դեպքով վարչական պատասխանատվության է ենթարկվել, պետք է դա հիմք դառնա նրա հետ պայմանագիրը խզելու համար։ Եթե մարդն աշխատում է պետության հետ և պետության խորհրդանիշերի նկատմամբ հարգանք չունի, այդ մարդու հետագա աշխատանքը նպատակահարմար չէ»:

Նիկոլ Փաշինյանը նշել է նաև, որ պետությունը չի պարտադրում որևէ մեկին դրոշ տեղադրել. «Դա ցանկացած քաղաքացու իրավունքն է։ Բայց եթե քաղաքացին կայացրել է այդ որոշումը, պետք է բարի լինի հետագա խնամքի մասին մտածել։ Չի կարելի որևէ տեղ դրոշ տեղադրել և հետո 10 տարով մոռանալ նրա գոյության ու խնամքի մասին»:

Վարչապետը կարևորել է նաև գործող օրենքի 3-րդ հոդվածի պահանջի ապահովումը, որի  համաձայն՝  ՀՀ դրոշը պետք է տեղադրված լինի նաև հանրակրթական, բարձրագույն ուսումնական հաստատությունների, պետական գիտական, մարզական և մշակութային կազմակերպությունների, պետության և համայնքի հիմնադրած այլ իրավաբանական անձանց շենքերի վրա:

ԱՊՊԱ ազատականացված սակագների համակարգը կգործի ապրիլի 1-ից

Կառավարության այսօրվա նիստում վարչապետն անդրադարձել է ԱՊՊԱ համակարգի շուկայի ազատականացմանը և նշել, որ դրա վերաբերյալ  քննարկումը սկսվել է այն բանից հետո, երբ  խնդիր է դրվել, որ պետական հատվածի բոլոր հիմնարկությունների ավտոպատասխանատվության պարտադիր ապահովագրությունը պետք է իրականացվի մրցութային կարգով: «Մենք հետազոտել և  տեսել ենք, որ այդտեղ կան պրոբլեմներ, որովհետև, ըստ էության, գներն ի սկզանե  են սահմանված և շուկայական մոտեցում չկա: Դրանից հետո ես  հանձնարարել էի կառուցակարգերը բարեփոխել այնպես, որ ավտոապահովագրությունները տեղի ունենան բացառապես մրցութային կարգով: Եվ ահա այս ճանապարհին, կարծում եմ, բավականին լավ որոշումներ ենք կայացրել, շատ լուրջ ինստիտուցիոնալ բարեփոխում, որի արդյունքները կվայելեն նաև ՀՀ ամենակարգապահ քաղաքացիները երթևեկության կանոնների պահպանման դեպքում,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը տեղեկացրել է, որ 2023-ի ապրիլի 1-ից անցում ենք կատարում ԱՊՊԱ ազատականացված սակագների համակարգին։ «Ազատականացումը համակարգի բնականոն զարգացման հաջորդական փուլն է, որովհետև կարծում ենք, որ արդեն բյուրոն թե՛ տեխնիկապես, թե՛ իր կարողությունների տեսանկյունից պատրաստ է ազատական համակարգի անցմանը։ Ավտոսեփականատերերի համար ունենալու ենք իրենց ռիսկերին համարժեք արդար գնի ձևավորման համակարգի ներմուծում, որը նախկինում չենք ունեցել։ Ազատականացման արդյունքում քաղաքացիներն ավելի լավ կպատկերացնեն իրենց վարքագծի և ԱՊՊԱ պայմանագրի համար վճարվող գումարների միջև եղած կապը։ Երկրորդ` գների ազատականացման արդյունքում կվերանան վարորդների անհատական վարքագծի հետ կապ չունեցող գործոնները։ Օրինակ` մենք ունեինք խմբային մոտեցում տաքսիստների համար կամ մինչև 80 ձիաուժ ունեցող մեքենաների սեփականատերերի համար։ Այդ կառուցակարգերն այլևս չեն գործելու, այլ գործելու է ազատ շուկայական մեխանիզմ, վարորդի անհատական տվյալները ձևավորելու են այն սակագինը, որը ինքը վճարելու է ԱՊՊԱ համար: Քաղաքացիներն այսուհետ առցանց հարթակով ԱՊՊԱ պայմանագիր կնքելիս միաժամանակ տեսնելու են բոլոր ապահովագրական ընկերությունների գնառաջարկը։ Ըստ այդմ, կարող են ընտրել իրենց համար լավագույ գին/որակ հարաբերակցությունը»,- նշել է ԿԲ նախագահը։

Մարտին Գալստյանի խոսքով՝ եթե բոլոր ավտոսեփականատերերն ընտրեն իրենց առաջարկվող գներից նվազագույնը, ապա 56 տոկոսի համար գները կնվազեն, 21 տոկոսի համար գները գրեթե չեն փոխվի, 23 տոկոսի համար գները կթանկանան. «Սա չի վերաբերում  բոնուս-մալուսի կիրառմանը, այլ  վերաբերում է բազային պայմանագրին: Բնականաբար բոնուս-մալուսի հետ կապված հարցերը կառաջանան անհատական տվյալները մուտքագրելուց հետո, գինը կձևավորվի այդ երկուսի համադրան արդյունքում»։

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ  23 տոկոսը կվերաբերի այն քաղաքացիներին, ովքեր առանձնապես նախանձախնդիր չեն երթևեկության կանոնները պահպանելու հարցում. «Այստեղ կարծում ենք, որ ինչ որ առումով անհատական մոտեցումներն ավելի ճիշտ են։ Իհարկե,  դա կապված կլինի նաև մեքենայի ձիաուժի և   ամենատարբեր հանգամանքների հետ։ Ընդհանուր առմամբ այս փոփոխությունները հնարավորություն են տալիս նաև որակական փոփոխությունները քաջալերել, այդ թվում ավտոպարկի տրամաբանության և նաև վարքագծային առումով։ Կարծում եմ՝ շատ կարևոր ինստիտուցիոնալ փոփոխություն է  և ամենակարևորը՝ այլևս որևէ պետական հիմնարկ չունի որևէ խոչընդոտ ավտոմեքենաների ապահովագրությունն իրականացնել բացառապես մրցութային կարգով: Հույս ունեմ, որ մենք այս թեման մեկընդմիշտ փակեցինք. այլևս որևէ պետական գերատեսչություն իրավունք չունի ԱՊՊԱ պայմանագիր կնքել առանց մրցույթի»,- ասել է վարչապետը

Կենսաթոշակառուները փետրվարին 3.4 մլրդ դրամի անկանխիկ առևտուր են արել

Կառավարության այսօրվա նիստում անդրադարձ է կատարվել անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին և նպաստառուներին հետվճար տրամադրելու միջոցառմանը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կենսաթոշակառուների կողմից իրականացվող անկանխիկ առևտրի տեմպը շարունակում է աճել. «Օրինակ փետրվարին մեր սիրելի թոշակառուները անկանխիկ եղանակով իրականացրել են 3,4 մլրդ դրամի առևտուր։ Ուզում եմ հիշեցնել, որ 2022 թ. այս ցուցանիշը ըստ էության ձգտում էր զրոյի, իսկ դեկտեմբերին և հունվարին 2,7 մլրդ դրամի շրջանակներում էր, ինչը նշանակում է, որ ամսական 20-25 տոկոսի աճի տեմպը մենք շարունակում ենք պահպանել և նաև փետրվարի համար մենք այս առևտրի արդյունքում 286 մլն 711 հազար դրամ վերադարձնում ենք այդ առևտուրն իրականացնող կենսաթոշակառուներին։ Նաև պետք է արձանագրեմ հետևյալը, որ Կենտրոնական բանկի ներկայացրած տվյալների համաձայն, եթե 2022 թ հուլիսին Հայաստանի Հանրապետությունում կար շուրջ 22հազար ակտիվ POS-տերմինալ, ապա այսօրվա դրությամբ այդ թիվը եռապատկվել է, ինչն իր հետ բերում է լրացուցիչ արդյունք, այդ թվում՝ ստվերի կրճատման»։

Անդրադառնալով անկանխիկ առևտրի ծավալներին՝ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը նշել է. «2022թ հունիսի 1-ի դրությամբ կենսաթոշակառուների վճարների ընդամենը 1,8 տոկոսն էր արվում անկանխիկ եղանակով, այս պահի դրությամբ 17,5 տոկոսն արդեն իրականացվում է անկանխիկ։ Ընդհանուր վճարային քարտերով իրականացված անկանխիկ վճարումների հետ կապված մի թիվ նշեմ Հայաստանյան բանկերի կողմից թողարկված քարտերի միջոցով անկանխիկ վճարումները   անցած տարվա ընթացքում կազմել են ավելի քան  1,3 տրիլիոն դրամ, որը նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ 58 տոկոսով ավելի է: Այսինքն՝ անկանխիկ գործառնությունները, որոնք իրականացվել են հայկական բանկերի կողմից թողարկված քարտերով, մոտավորապես 60 տոկոս աճել են»։

Երևանում կկառուցվի ժամանակակից բոլոր չափանիշներին համապատասխանող Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոց

Կառավարությունը որոշել է Հրազդան մարզահամալիրին  սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի, Հրազդանի կիրճ հ. 4 հասցեում գտնվող անշարժ գույքն ու հողամասը  նվիրաբերել Երևան համայնքին՝ Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի նոր մարզաբազայի կառուցման նպատակով: Որոշման ընդունման արդյունքում՝ Երևան համայնքը կունենա ժամանակակից բոլոր չափանիշներին համապատասխանող մարզադպրոց՝ ստորգետնյա ավտոկայանատեղիով, գեղարվեստական մարմնամարզության և սպորտային ակրոբատիկայի համար նախատեսված մարզադահլիճներով, ինչի արդյունքում հայ մարմնամարզիկները հնարավորություն կունենան պատշաճ կազմակերպել մարզումային գործընթացը, կխթանվի առողջ ապրելակերպը և մասսայականացմանը, ինչպես նաև կավելանա հետաքրքրվածությունը մարմնամարզության նկատմամբ, ինչն էլ իր հերթին կնպաստի միջազգային ասպարեզներում ՀՀ-ը ներկայացնող մարզիկների ներկայացվածության աճին:

Թեմայի առնչությամբ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Երևան քաղաքի կենտրոնում այժմ էլ գործում է Ալբերտ Ազարյանի անվան սպորտային մարմնամարզության մարզադպրոցը: Խնդիր էր, թե ինչպես անել այդ մարզադպրոցը համապատասխանի ժամանակակից միջազգային ստանդարտներին: Բոլոր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ նույն տարածքում հնարավոր չէ կառուցել, այնպես վերակառուցել, որ համապատասխանի միջազգային,  ժամանակակից ստանդարտներին: Մենք որոշեցինք ոչ թե ուղղակի գնալ վերակառուցման ճանապարհով, այլ զրոյից կառուցել Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոց»:

Վարչապետը հայտնել է նաև, որ Հայաստանը նվաճել է 2027 թվականին մարմնամարզության Եվրոպայի առաջնություն իրականացնելու իրավունքը, և ըստ ծրագրի՝ մինչև այդ իրադարձությունը շահագործման կհանձնվի բոլոր միջազգային չափանիշներին  համապատասխանող այդ մարզադպրոցը:  Կառավարության ղեկավարն  ընդգծել է նաև, որ ավարտին է մոտենում Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցի կառուցումը, աշխատանքներ են իրականացվում Խորեն Հովհաննիսյանի անվան ֆուտբոլի դպրոց, Արթուր Ալեքսանյանի, Սիմոն Մարտիրոսյանի,  Արթուր Աբրահամյանի անվան մարզադպրոցներ ունենալու համար:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մանրամասներ է ներկայացրել մարզադպրոցներում իրականացվող շինաշխատանքների վերաբերյալ. «Հրանտ Շահինյանի անվան սպորտային գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում շինաշխատանքները  կավարտվեն 2024 թվականին: Բավականին մեծ ծավալի աշխատանք է արվում, մենք ունենալու ենք նաև տրիբունաներով մարզադահլիճ, ինչը թույլ է տալու, որ այստեղ միջազգային մրցաշարեր նույնպես կազմակերպենք և անցկացնենք: Ինչ վերաբերում է մյուս մարզադպրոցներին, ապա Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցին կից գրեթե նույն շենքում, տարածքում հեծանվային սպորտի մարզադպրոցն է, որտեղ նույնպես աշխատանքները 2024 թվականին կավարտենք: Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցը Ջրառատում կավարտենք այս տարի, ավարտված է նաև գույքի մրցույթը, և մենք այս տարի արդեն կունենանք ամբողջական գույքով հագեցված ու վերակառուցված դպրոց: Արթուր Աբրահամի անվան մարզադպրոցի մասով կառավարության որոշումն ընդունվել է՝ Ներքին Չարբախում հատկացրել ենք համապատասխան հողատարածք, որտեղ արդեն նախագծման աշխատանքները կիրականացվեն: Խորեն Հովհաննիսյանի անվան ֆուտբոլային մարզադպրոցի մասով աշխատանքները ֆեդերացիան է իրականացնում, առավելագույնը 40 օրում աշխատանքները կավարտվեն, դաշտն արդեն պատրաստ է, շենքը կանգուն է, կոսմետիկ աշխատանքներն են իրականացվում: Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի մասով նշեմ,  սա մեր ամենամեծածավալ համալիրներից է, աշխատանքների ընդհանուր արժեքը 5.3 միլիարդ դրամ է: Այս պահին աշխատանքների շուրջ 40 տոկոսն արված է: Նախորդ տարի մենք նաև փոփոխություն ունեցանք լողավազան, հրաձգարան նախատեսվեց նաև: Եվ սա թույլ է տալու, որ մենք այդտեղ շատ մեծ ծավալի միջոցառումներ անցկացնենք: Նախատեսում ենք, որ աշխատանքները կավարտվեն 2026 թվականին»:

Վարչապետը հանձնարարել է շահագրգիռ գերատեսչություններին համատեղ աշխատանք իրականացնել  ցրտահարման ռիսկերը հնարավորինս կանխարգելելու համար

Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին ամեն ինչ անել, որպեսզի բերքի ցրտահարման դեպքեր չլինեն կամ նման դեպքերը նվազագույնի հասցվեն։

«Արդեն մի քանի օր է համապատասխան մարմինները տեղեկություններ են տալիս առաջիկայում եղանակային փոփոխությունների մասին։ Ուզում եմ հրապարակային հանձնարարել Էկոնոմիկայի նախարարությանը, Շրջակա միջավայրի նախարարությանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը և մարզպետարաններին՝ գյուղացիական տնտեսությունների հետ աշխատելով, այնպես անենք, որ ռիսկերը հնարավորինս կանխարգելենք, կառավարենք, որպեսզի  ցրտահարումներ չլինեն կամ նվազագույն աստիճանի հասցվեն։ Մաքսիմալ ակտիվ աշխատանք է պետք իրականացնել»,- ասել է վարչապետը:

Լցակայաններում թերլիցքավորման նկատմամբ կստեղծվի հանրային վերահսկողություն իրականացնելու գործիքակազմ

Կառավարությունը  հաստատել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» ցուցանակի ձևը, տեղադրման և ապամոնտաժման կարգը և սահմանել QR (արագ արձագանքման) կոդին ներկայացվող պահանջները և դրանց միջոցով արտացոլվող տեղեկատվության ձևը: 2022 թ. դեկտեմբերի 7-ին ընդունվել է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը, որի համաձայն՝  խախտում  հայտնաբերելուց և տվյալ խախտման համար օրենքով սահմանված կարգով վարչական պատասխանատվություն կիրառելուց հետո վարչական ակտն անբողոքարկելի դառնալու օրվան հաջորդող հինգ օրվա ընթացքում լիցքավորման բաշխիչ աշտարակների կամ վառելիքաբաշխիչ սարքավորումների վրա՝ ընթեռնելի և տեղադրված վարորդին տեսանելի հատվածում, չափումների միասնականության ապահովման ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը մեկ ամիս ժամկետով փակցնում է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» ցուցանակ: Բացի այդ, տնտեսավարող սուբյեկտները պարտավոր են ունենալ չափագիտության բնագավառում իրենց մոտ իրականացված նախորդ ստուգումների ժամկետների, արդյունքների մասին տեղեկատվություն պարունակող QR կոդ: Այսպիսով՝ սպառողները հեղուկ գազի, բենզինի, բնական գազի և դիզվառելիքի լցակայաններից օգտվելիս կունենան հանրային վերահսկողություն իրականացնելու գործիքակազմ և լցակայանների՝ նախկինում իրականացրած գործունեության վերաբերյալ տեղեկանալու հնարավորություն:

Գործադիրը սահմանել է նաև Պետական եկամուտների կոմիտեի կողմից չափումների միասնականության ապահովման ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին ստուգմանը նախորդող եռամսյակի՝ հեղուկ վառելիքի սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում հսկիչ դրամարկղային մեքենաներով իրացման շրջանառության վերաբերյալ տեղեկատվության տրամադրման կարգը: Արդյունքում ակնկալվում է ապահովել Տեսչական մարմնի բնականոն գործունեության ընթացքի հետ կապված իրավական հիմքերը: Միաժամանակ, Տեսչական մարմինը հնարավորություն կընձեռի Պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրած տեղեկությունների հիման վրա և  հաշվի առնելով տնտեսվարողների իրացման շրջանառության ծավալները հաշվարկել համաչափ տուգանք:

Կիրականացվեն  պեղումների,  հուշարձանների վերականգնման աշխատանքներ

 Կառավարությունը վերաբաշխում է կատարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2023 թ. պետբյուջեով կապիտալ ծրագրերին հատկացված միջոցների միջև՝ 54,098.2 հազար դրամ ուղղելով ՀՀ-ում մի շարք հուշարձանների վերականգնման և պեղումների աշխատանքներին: Որոշման ընդունման արդյունքում կապահովվեն մշակութային դաստիարակության համար շենքային առավել բարենպաստ պայմաններ։ Մասնավորապես՝ կիրականացվեն պեղումներ «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում, Բջնի գյուղի Սբ. Աստվածածին եկեղեցու հյուսիսային ավանդատան արտաքին պատի, Դիլիջան համայնքի Հ.Շարամբեյանի անվան ժողովրդական արհեստների թանգարանի նորոգման, ամրակայման աշխատանքներ: Նախատեսվում է նաև Շուշանիկ Կուրղինյանի կիսանդրիի պատրաստում և տեղադրում:

Գործադիրի որոշմամբ նախատեսվում է ստեղծել «Արտաշատ մայրաքաղաք» պատմամշակութային արգելոց, որը հանդիսանում է հանրապետական նշանակության հուշարձան և ընդգրկված է պետական ցուցակում: Արգելոցի հետագա պահպանությունն ու շահագործումն իրականացվելու է «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի արտաբյուջետային միջոցների հաշվին՝ մասնավորապես արգելոցի ստեղծումից և տոմսային տնտեսության գործարկումից հետո ու զբոսաշրջիկներից ստացված միջոցներով է իրականացվելու հետագա պահպանությունը: «Արտաշատ Մայրաքաղաք» պատմամշակութային արգելոցի համար անհրաժեշտ տարածքը համարվում է պետական սեփականության պատմության և մշակույթի հողեր, որոնց վրա գտնվում են հանրապետական նշանակության հուշարձաններ մասնավորապես Արտաշատ մայրաքաղաքը ( (մ.թ.ա. II – մ. թ. IV դդ․.), որը կառուցել է Հայոց արքա Արտաշեսը մ.թ.ա. 180-170-ական թթ. և իր անունով անվանել Արտաշատ: Արգելոցի ստեղծումը միտված է պատմական, հնագիտական, ճարտարապետական անշարժ հուշարձանների, հուշարձանների համալիրների, հուշարձանախմբերի, պատմական և բնապատմական միջավայրի, մշակութային այլ արժեքների ուսումնասիրման և հանրահռչակման աշխատանքների արդյունավետության բարձրացմանը:

Կպարզեցվեն ներդրումային ծրագրեր իրականացնող տնտեսվարողների համար մաքսատուրքի արտոնության տրամադրման ընթացակարգերը

Կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ներդրումային ծրագրեր իրականացնող տնտեսվարողների համար մաքսատուրքի արտոնության տրամադրման ընթացակարգերի պարզեցման  նպատակով: Ըստ հիմնավորման, կառավարության 2021 թ. համապատասխան որոշմամբ հաստատվել էր ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատման արտոնության տրամադրման նոր կարգը, որը բացառում էր և հնարավորություն չէր տալիս ապրանքների ներմուծման մաքսատուրքի արտոնությունից օգտվել մինչև կառավարության համապատասխան որոշման ընդունումը։ Հաշվի առնելով, որ նոր կարգով սահմանված դրույթները դժվարություններ էին առաջացնում ընկերությունների համար արտոնությունից օգտվելու, ինչպես նաև տնտեսվարող սուբյեկտների կողմից ներդրումային ծրագրով նախատեսված ապրանքները ՀՀ են ներմուծվում ավելի շուտ քան ընդունվում է կառավարության համապատասխան որոշումը, հետևաբար, փոփոխություններ են կատարվել որոշման մեջ և նոր 2022 թ. հուլիսի 28-ի համապատասխան որոշման փոփոխություններով և գործող կարգավորումով տնտեսվարող սուբյեկտները հնարավորություն ունեն ապրանքների ներմուծել և օգտվել արտոնությունից մինչև կառավարության համապատասխան որոշման ընդունումը։ Գործադիրի այսօրվա որոշմամբ հնարավորություն կտրվի ամբողջացնել ՀՀ կառավարության 2022 թ. հուլիսի 28-ի որոշմամբ ընդունված հետադարձ ուժի դրույթը, կկանոնակարգի ներդրումային ծրագրերի ընթացքը և բարելավող նորմի կարգավորումները տարածել 2021 թ. ապրիլի 24-ից ծագած հարաբերությունների վրա: Այն է՝ կիրառել արտոնությունը նաև ներդրումային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ այն ապրանքների վրա, որոնք ՀՀ են ներմուծվել ավելի շուտ քան համապատասխան որոշման ընդունումը, բայց ոչ ավելի շուտ քան ընկերությունների կողմից հայտ ներկայացնելը։

Պետական ստանդարտացման ծրագրի իրականացման արդյունքում  տնտեսության ճյուղերում կստեղծվեն բարենպաստ պայմաններ որակի և մրցունակության բարձրացման համար

Գործադիրը հաստատել է Պետական ստանդարտացման 2023 թ. ծրագիրը և 2023 թ. ստանդարտացման աշխատանքների ցանկը: Ըստ հիմնավորման՝ Ազգային ստանդարտների մշակման ծառայությունների ծրագրի հիմնական նպատակն է ՀՀ-ում տնտեսության ճյուղերի ինովացիոն զարգացման համար ստեղծել միջազգային և եվրոպական ստանդարտներին ներդաշնակ ազգային ստանդարտների արդիականացված ֆոնդ, ինչպես նաև ապահովել ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարումը: Ծրագրի նպատակն է նաև ռազմարդյունաբերության, էներգախնայողության և էներգաարդյունավետության, պարենային և ոչ պարենային արտադրանքի, բարձր տեխնոլոգիաների, առողջապահության, բնապահպանության, հողի որակի, ռազմարդյունաբերության, ոլորտներում աջակցել աշխատանքների կարգավորմանը և արդյունավետության բարձրացմանը: Ծրագրի իրականացումը կապահովի իրատեսական նախադրյալներ` համաշխարհային շուկայի հետ ՀՀ-ի տնտեսության ինտեգրման՝ տնտեսության գերակայող ճյուղերում ժամանակակից տեխնիկայի և տեխնոլոգիայի ներդրման, սպառողական շուկայում արտադրանքի անվտանգության ապահովման, պարենային և ոչ պարենային արտադրանքի որակի և մրցունակության բարձրացման համար: Ծրագրի իրականացման արդյունքում տնտեսության ճյուղերում կստեղծվեն բարենպաստ պայմաններ որակի և մրցունակության բարձրացման համար, ինչպես նաև կապահովի ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարումը: Կընդլայնվի Հայաստանի Հանրապետության համագործակցությունը միջազգային և տարածաշրջանային ստանդարտացման մարմինների հետ:

Միջազգային համագործակցություն

Գործադիրը հավանություն է տվել 2019 թ. ապրիլի 9-ին Երևանում  ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չեխիայի Հանրապետության կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Համաձայնագրի վավերացումն իրավական հիմք է ստեղծում  ռազմատեխնիկական ոլորտում կողմերի միջև ընդհանուր ստեղծված համագործակցության զարգացման և  խորացման համար: Դրա վավերացմամբ կողմերն ընդունում և ամրապնդում են համագործակցությունը ռազմական և տնտեսական ոլորտներում: Համաձայնագիրը նախատեսում է համագործակցություն ուսումնական հաստատություններում մասնագետների և տեխնիկական անձնակազմի պատրաստում: Համաձայնագրի դրույթների  իրագործման նպատակով նախատեսվում է, որ կողմերը հայ-չեխական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի շրջանակում պետք է ստեղծեն ռազմատեխնիկական համագործակցության աշխատանքային խումբ, որի նիստերի անցկացման ժամկետները, կանոնակարգը և աշխատանքների կարգը կսահմանեն կողմերի լիազոր մարմինները:

Հավանության է արժանացել 2022 թ. դեկտեմբերի 13-ին Աբու Դաբի քաղաքում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ քաղաքացիների աշխատանքային գործունեության կանոնակարգման մասին» փոխըմբռնման հուշագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագիծը: Հուշագրի վավերացումը կնպաստի Արաբական Միացյալ Էմիրություններում աշխատող կամ աշխատելու պատրաստակամություն ունեցող ՀՀ քաղաքացիների աշխատանքային հարաբերությունների կանոնակարգմանը և աշխատանքային միգրանտների իրավունքների ու շահերի պաշտպանությանը:

Պետական գույքը կօտարվի դասական աճուրդով

 Կառավարության  որոշմամբ նախատեսվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող Երևանի Արաբկիրում գտնվող անշարժ գույքը, համապատասխան հողամասն  օտարել դասական աճուրդով: Այդ գույքը հանդիսանում է հասարակական նշանակության շենք, որից իրականացվել են մասնակի օտարումներ և ներկայումս նշված շենքում ՀՀ սեփականություն է հանդիսանում շենքից մեկ և կես հարկ։ Օտարման առաջարկվող սենյակները փաստացի չեն շահագործվում որևէ սուբյեկտի կողմից։ 2022 թ. դեկտեմբերի 23-ի դրությամբ գույքի գնահատված շուկայական արժեքը կազմում է  73 930 000 ՀՀ դրամ, այդ թվում հատկացված հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքը՝ 4 628 910  դրամ։ Աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գին է սահմանվել գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 73 930 000 ՀՀ դրամ։

Այլ որոշումներ

 Կառավարության որոշմամբ ֆինանսկան միջոցներ են նախատեսվել ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ընթացքում կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված զինծառայողների ծնողների վերարտադրողական առողջությանն աջակցելու նպատակով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման որոշ ծախսերի մասնակի փոխհատուցում տրամադրելու համար: Ըստ այդմ՝  23.5 մլն դրամ  կհատկացվի 2023 թ. առաջին եռամսյակի համար:

Գործադիրը հաստատել է Կայունացման հաշվի միջոցների համալրման և օգտագործման կարգը: Արդյունքում կլինեն հստակ ձևակերպված իրավական ընթացակարգեր և մեխանիզմներ՝ կառավարության պարտքի կառավարման քաղաքականության արդյունավետությունը բարձրացնելու և հարկաբյուջետային կայունության պահպանմանն աջակցելու համար։

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ընթացիկ խնդիրների ֆինանսավորման կարգավորման նպատակով վերաբաշխում կատարել  2023 թ. պետբյուջեով հատկացված միջոցների միջև և 45.5 մլն դրամն ուղղել  ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031