Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերջապես ինքնաբացարկ հայտնեք, թողեք այս գործն այլ դատավոր քննի»․ կալանավորված դատավորը՝ նախագահող դատավորին

Մարտ 30,2023 17:11

Հակակոռուպցիոն դատարանում այսօր դատավոր Արուսյակ Ալեքսանյանի եւ փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործով հերթական դատական նիստն էր։ Դատավորը, հիշեցնենք, կալանավորված է, իսկ Էրիկ Ալեքսանյանը վերջերս կալանքից ազատ է արձակվել։

Էրիկ Ալեքսանյանը, հիշեցնենք, մեղադրվում է այն բանի համար, որ օժանդակել է դատավորին՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու հարցում։ Դատավոր Արուսյակ Ալեքսանյանը, ըստ մեղադրանքի, անցել է պաշտոնեական լիազորությունները՝ ակնհայտ անարդար դատական ակտ է կայացրել՝ գրավով կալանքից ազատելով Էրիկ Ալեքսանյանի պաշտպանյալին՝ քրեական հեղինակություն համարվող «Ֆազ»-ին՝ Սերգեյ Գրիգորյանին։ Նա էլ մեղադրվում է դատարանի Կենտրոնի նստավայրի բակում այլ քրեական հեղինակությունների հետ ծեծկռտուք անելու համար։

Արուսյակ Ալեքսանյանի պաշտպան Անդրանիկ Մանուկյանը նախագահող դատավոր Վահե Դոլմազյանին բացարկ հայտնելու միջնորդություն ներկայացրեց՝ հիմքում դնելով վերաքննիչ քրեական դատարանի այս տարվա փետրվարի որոշումը։ Ըստ Անդրանիկ Մանուկյանի՝ վերաքննիչ քրեական դատարանը արել է արձանագրումներ, որոնք դատավորին բացարկ հայտնելու հիմքեր են տալիս։

«Անդրադառնալով Արուսյակ Ալեքսանյանի անմեղության կանխավարկածը ձեր կողմից խախտված լինելու մասին վերաքննիչ բողոքի փաստարկներին՝ 2023թ․-ի փետրվարի 23-ի որոշմամբ վերաքննիչ քրեական դատարանն արձանագրել է, որ անհիմն չեն այն պնդումները, որ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանը մեղադրյալ Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ կալանք կիրառելու հարցի քննարկման ընթացքում հիմնավոր կասկածի հարցը քննարկելիս տվել է համապատասխան խորքային գնահատականներ»,-նշեց Անդրանիկ Մանուկյանը։

Պաշտպանի միջնորդության մանրամասները՝ տեսանյութում։

Դատավոր Դոլմազյանը չհամաձայնեց պնդմանը, թե վերաքննիչ ատյանն արել է եզրահանգումներ, որոնք հիմք են տալիս պնդելու, թե ինքը նախորդիվ Արուսյակ Ալեքսանյանի անմեղության կանխավարկածը խախտող որակումներ է արել․ «Դա սուբյեկտիվ գնահատականն է ձեր։ Ձեր կարծիքը կարող է կյանք ունենալ, բայց որպես իրականության հաստատում չի կարող գնահատվել»։

Արուսյակ Ալեքսանյանը միացավ միջնորդությանը․ «Հոգով-սրտով միանում եմ։ Խնդրում եմ՝ վերջապես ինքնաբացարկ հայտնեք, թողեք այս գործն այլ դատավոր քննի, որովհետեւ ինձ համար դուք անկողմնակալ չեք»։

Մյուս մեղադրյալ՝ փաստաբան Էրիկ Ալեքսանյանը եւս միացավ միջնորդությանը։

Ըստ մեղադրանքի՝ Էրիկ Ալեքսանյանը միջնորդությունները ներկայացրել է հենց դատավոր Ալեքսանյանի հերթապահության օրերին․ սակայն Էրիկ Ալեքսանյանի պաշտպանի պնդմամբ՝ դատավոր Ալեքսանյանն ու Աջափնյակ-1 դատարանի մյուս բոլոր դատավորները ներգրավված են եղել հերթապահության ոչ միայն միջնորդությունների ներկայացման, այլ նաև ամսվա մյուս բոլոր օրերին:

Մեղադրող դատախազ Արմեն Գեւորգյանը միջնորդության դեմ առարկեց՝ հնչեցվածը որակելով որպես պաշտպանի սուբյեկտիվ գնահատականներ։

Լսելով կողմերի կարծիքները՝ դատավոր Վահե Դոլմազյանն ասաց․ «Վերաքննիչ դատարանի արձանագրումը չի կարող հիմք հանդիսանալ ինքնաբացարկի համար։ Հակառակ պարագայում ամեն նման դեպքից հետո՝ ամեն որոշման բեկանումից հետո, վարույթն իրականացնող մարմինը պետք է ինքնաբացարկ հայտնի։ Ուստի դատարանը գտնում է, որ դատարանին բացարկ հայտնելու միջնորդության հիմքում դրված պատճառաբանությունները չեն բխում օրենսդրական կարգավորումներից։ Միաժամանակ, դատարանը գտնում է, որ այս հարցն արդեն իսկ դարձել է քննարկման առարկա նախնական դատալսումների ընթացքում, եւ վերաքննիչ դատարանի արձանագրումները չեն կարող համարվել նոր փաստարկներ՝ նոր միջնորդություն ներկայացնելու համար»։

Այս պատճառաբանությամբ դատարանը պաշտպանական կողմի միջնորդությունը թողեց առանց քննության։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031