Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանցի կոլեգային ասացի՝ անարդարության վրա խաղաղություն չի լինում». Հովհաննես Գալստյան

Մարտ 30,2023 17:03

«Վեց տարի այս իշխանությունը բոլոր նողկալի մեթոդներով պայքարել է իմ ֆիլմի դեմ, հարուցվել է քրեական գործ, այդ ֆիլմի պատճառով փակել են իմ կնոջ ֆիլմը, որովհետեւ ես եղել եմ արտադրողը։ Հետո քրեական գործը կարճվել է, դատախազություն են դիմել… Մի խոսքով, ինչ ասես՝ արել են»,- «Հայելի» ակումբում ասաց ռեժիսոր Հովհաննես Գալստյանը՝ խոսելով իր ֆիլմի հետ կապված դատական քաշքշուկներից: Ասաց նաեւ, որ վերջին 4 տարում իր ֆիլմի ֆինանսավորման բոլոր աղբյուրներն են փակ եղել Հայաստանում: Հավելեց, որ Սոֆիայում իրենք մասնակցել են անավարտ ֆիլմերի մրցույթին, գտել են ֆինանսավորման մի մասը եւ շուտով ֆիլմն ավարտին կհասցնեն:

«Ամենահուզիչն այն էր, որ մեծ էկրանին առաջին անգամ դուստրս պրեզենտացիա էր անում, որից հետո հնչեց ծափողջյունների փունջ»,-ասաց նա: Հավելեց, որ դրանից հետո հանդիպել է խոշոր փառատոների՝ ֆիլմերի ընտրությամբ զբաղվող ներկայացուցիչների հետ: «Բոլորը գիտեն, թե ինչ է կատարվում Հայաստանում…Գիտեն, որ կինոյի կառավարման պետական մոդելը թաղված է կոռուպցիայի մեջ, բոլորը գիտեն այն պատճառների մասին, թե ինչու Հայաստանում խաղարկային կինոն չի զարգանում»,-հայտարարեց Հովհաննես Գալստյանը:

«Ես այնտեղ հանդիպեցի Ադրբեջանի մի կոլեգայի, որի հետ տարիներ առաջ նույն մրցույթի մեջ էինք: Շատ ջերմ եկավ, ասաց՝ Հով, եկեք խաղաղ ապրենք, ինչքան պիտի ձգձգվի: Ասացի 2003թ. ես էի քեզ ասում՝ արի խաղաղ ապրենք, չէ՞…ասում է՝ դե էն ժամանակ ուրիշ էր, այսինքն` ուրիշ էր, որովհետեւ մտածում էին՝ սրանք իրենց տարածքներն են: Բա հիմա դուք ոնց եք գնում խաղաղության, հիմա էլ մեր համար է ուրիշ: Ես իրեն ասացի՝ իհարկե, իրար կտեսնենք, ձեռքով կբարեւենք, որովհետեւ կինեմատոգրաֆիստներ ենք, բայց ձեզ հետ խաղաղություն չի լինի, չի լինի, որովհետեւ անարդարության վրա խաղաղություն չի լինում: Ի դեպ, շատ կարեւոր բաներ արեց էդ տղան ինձ համար՝ իր ֆրանսիացի գործընկերներին ասաց՝ կարո՞ղ եք օգնել, ես հետեւում եմ՝ իր դեմ ինչ ասես անում են: Իր ֆրանսիացի գործընկերոջ հետ ծանոթացրեց: Չնայած ես հրաժարվում էի օգնությունից, որովհետեւ արժանապատվության խնդիր կար:

Ես հիմա դիմում եմ նախարարին՝ Ադրբեջանը կինոյի ֆինանսավորումը բարձրացրել, սարքել է 6 մլն եվրո, դա 10 անգամ ավել է Հայաստանից: Թուրքիան 2 մրցանակ վերցրեց Բուլղարիայում, վստահ եմ՝ Ադրբեջանը էդ 6 մլնը դնում է նրա վրա, որ իր ռեժիսորներին էստեղ-էնտեղ ուղարկի, որ մրցանակներ բերեն: Դո՞ւք ինչ եք անում…Սոֆիայի փառատոնը նույնն է, ինչ Եվրոպայի առաջնությունը, բա ես Հայաստանն էի ներկայացնում Եվրոպայի առաջնությանը, ո՞ւր էիք դուք…

Գիլոյան Կարեն, ինչ եք անում Էրիկ Իսրայելյանի հետ: Էրիկն ասում է՝ հրաժարվում եմ Հայաստանի քաղաքացիությունից, որովհետեւ չեմ արժանանում բավարար ուշադրության, իսկ դուք մտնում եք գրպանը, ասում եք՝ անցյալ տարի 4 մլն քանի հազար դրամով աջակցել եք: Ախր դա գործուղումների ժամանակ ուտելու փողն է, էդ տղան անգամ տուն չունի, ոչինչ չունի, ֆեդերացիայի նախագահ ունեք, որ ամենաստոր բաներն է ասել մարզիկի հասցեին…Ես Էրիկին մաղթում եմ, որ հաղթանակներ ունենա եւ ի վերջո վերադառնա Հայաստան: Իսկ էն, որ ֆաս են տվել ֆեյքերով, էդ ամեն ինչը վերածի վրեժի ցասումի, գնա դառնա աշխարհի չեմպիոն մեծերի մեջ: Էրիկ ջան, միեւնույն է քո ազգանունը յան –ով է, դու վերադառնալու ես, երբ սրանք գնան»,-ասաց ռեժիսորը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031