Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք ինքնիշխանությունը եւ հակառուսականությունը խառնել ենք իրար». Քրիստինե Վարդանյան

Մարտ 30,2023 16:48

ՀՀ ԱԺ «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ադրբեջանցիների կողմից Շուշիի շրջանում նոր բարձունք նվաճելու, ինչպես նաեւ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը արգելափակելու մասին կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի արած իրազեկման եւ Արցախում ու Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված ՀԱՊԿ ու ԵՄ դիտորդների առաքելության մասին «Հայելի» ակումբում ասաց. «Մենք հայացքն ուղղում ենք Ռուսաստանին եւ պահանջ ներկայացնում այն ֆոնին, երբ իշխող կուսակցության պատգամավորներից մեկն ասում է. եթե Ռուսաստանի նախագահը գա այստեղ, պիտի ձերբակալվի: Ես ավելի լավ առաջարկ ունեմ: Իսկ գուցե, միանգամից Չինաստանին էլ պատերազմ հայտարարենք, ԱՄՆ նախագահին նույնպես ասենք, եթե գաս, կձերբակալենք, որ հետո ասենք, թե որեւէ այլ շանս չկա, ոչ մեկը մեզ չի պաշտպանում, էլ ի՞նչ անենք բացի հանձնվելուց:

Մենք այստեղ խնդիր ունենք, մենք ինքնիշխանությունը եւ հակառուսականությունը խառնել ենք իրար: Ինքնիշխան պետությունը կարողանում է իր տարածքում, իր սարերի վրա մասունքներ չթողնել, գնալ, այդ մասունքները դուրս բերել, կարողանում է այնպես անել, որ թշնամական զորքերը ամիսներով իր տարածքում չմնան: Սա է ինքնիշխանությունը:

Ինքնիշխանությունը հայերի իրավունքները պաշտպանելն է, այնպես անելը, որ թշնամին չկարողանա գալ ու քո ճանապարհներն օկուպացնել: Ինքնիշխանությունը հիմար հայտարարություններ անելը չէ, դաշնակից երկրների ու նրանց ղեկավարների դեմ հայտարարություն անելը, սպառնալը չէ:

Ինչ վերաբերում է ԵՄ դիտորդներին: Ախր, այս թեման էլ է շատ խնդրահարույց: ԵՄ դիտորդներ որ անընդհատ ասում ենք, թվում է, թե հազարավոր մարդիկ են, որոնք կարող են ինչ-որ բան կանխել: Երեկ ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը բառացի հայտարարել է, որ իրենք գործիքակազմ չունեն, իրենք «զինված են» հեռադիտակներով եւ բախման դեպքում որեւէ բան չեն կարող անել: Ընդամենը կարող են արձանագրել, զեկույցներ կարող են գրել: Եվ հաստատել է փաստը, որ այո, Ադրբեջանը կարող է հարձակվել: Ու ասել, եթե Ադրբեջանը չհարձակվի, դա արդեն կլինի իրենց հաջողությունը: Այսինքն, Հայաստանը դարձել է խաղադրույք. Կշահե՞նք՝ լավ, չե՞նք շահի՝ ոչինչ»:

ԵՄ դիտորդական առաքելության մասին խոսելիս պետք է իմանանք, որ խոսում ենք մի քանի հարյուր, որեւէ զենք չունեցող, որեւէ գործիքակազմ չունեցող, հեռադիտակներով «զինված» մարդկանց մասին, որոնք եկել են արձանագրումներ անելու, ինչպես ցեղասպանության ժամանակ միսիոներներն էին անում: Այդ թղթերը, այո, հետո կարեւոր են պատմական առումով: Բայց դրանք մարդկային կյանքեր, պետականություններ չեն փրկում: Այնպես որ իլյուզիաների մեջ ընկնել պետք չէ:

Այսօր ռուս խաղաղապահների երկու հազարանոց զորակազմը պաշտպանում է արցախցիներին, հետ է պահում էթնիկ զտումները, ցեղասպանությունը, որի մասին արձանագրումներ է անում Հայաստանի ղեկավարությունը: Եվ հայ զինվորը հայկական բանակից մնացած մասը, ինչ սրանք թողել են, փորձում է ինչ-որ բան անել: Բայց դա հաջողություն չի կարող ունենալ, որովհետեւ գործ ունենք այսպիսի ղեկավարության հետ»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031