Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանն այնքան հեղինակություն չունի, որ անգամ Արևմուտքին քծնելուց և շնորհակալություն հայտնելուց հետո՝ վերջնական հայտարարության մեջ չկար դատապարտող որևէ կոչ Ադրբեջանին»․ Նաիրա Զոհրաբյան

Մարտ 30,2023 16:36

«Կոնկրետ գործողություններ ձեռնարկելու, հակահարված տալու փոխարեն՝ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ընթացքում ընդամենը տեղեկացնում է, որ Ադրբեջանն այսօր այսքան առաջխաղացում ունի։ Պարոն Փաշինյան, մի լուր էլ ասեք, որ լիսագորցիներն այս պահին զրկված են անգամ խմելու ջրից, քանի որ Լիսագոր-Ստեփանակերտ գրունտային ճանապարհը, որով հնարավոր էր հասցնել կենսական անհրաժեշտության մթերքներ, փակված է քանի օր»,- «Հայելի» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ վրդովվեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը։

Անդրադառնալով մարտի 17-ին Հաագայի միջազգային քրեական դատարանի կողմից Վլադիմիր Պուտինին եւ երեխաների իրավունքների պաշտպան Մարիա Լվովա-Բելովային ձերբակալելու միջազգային օրդեր տալուն և մեկ շաբաթ անց ՀՀ ՍԴ-ի կողմից Հռոմի կանոնադրությունը Սահմանադրությանը չհակասող ճանաչելուն՝ ասաց․ «Զուգադիպություն չէ, երբ Սահմանադրական դատարանը մեկ օր առաջ Հռոմի ստատուտը ճանաչեց ՀՀ Սահմանադրությանը չհակասող և հաջորդ օրը փակվեց Լիսագոր-Ստեփանակերտ ճանապարհը։ 2004-ին ՀՀ ՍԴ-ն ճանաչել էր այն ՀՀ Սահմանադրությանը հակասող, հանկարծ այսօր այդ ՍԴ-ն Հռոմի ստատուտը ճանաչում է ՀՀ Սահմանադրությանը հակասող։ Ես գրազ եմ գալիս, որ Նիկոլ Փաշինյանի դուխը չի հերիքելու, որ այդ ստատուտը ներկայացնի ՀՀ խորհրդարանի վավերացմանը։ Հիմա որոշել ես Պուտինի բերանը ձեռքդ մտցնել՝ չհասկանալով, որ դրանով ուղղակիորեն վտանգում ես Արցախի գոյությունը։ Այսօր այդ այլընտրանքային ճանապարհի փակումը նշանակում է Արցախի էթնիկ զտում և ցեղասպանություն»։

Խոսելով Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովի հայտարարության մասին, որտեղ ոչ մի խոսք չկա Լաչինի միջանցքի շրջափակման, Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժման մասին՝ Նաիրա Զոհրաբյանն ասաց․ «Արևմուտքը երեկ հրապարակային ապտակեց Նիկոլին։ Նա իր ելույթում շնորհակալություն հայտնեց այն Արևմուտքին, որի լիդերները երեկ մասնակցում էին գագաթնաժողովին։ Բայց այդ գագաթնաժողովն ընդունեց հայտարարություն, որտեղ որևէ բառ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման, ՀՀ ինքնիշխան տարածքի շրջափակման, 120 հազար արցախցիներին շրջափակման, էթնիկ զտման և ցեղասպանության մասին չկա, ինչի մասին մշտապես խոսել են բոլոր տերությունների ղեկավարները։ Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ՀՀ-ն ձեռնպահ է մնում ստորագրել այդ գագաթնաժողովի հայտարարության այդ մի հատվածը։ Փաստորեն, Նիկոլ Փաշինյանն այնքան հեղինակություն չունի, որ անգամ Արևմուտքին քծնելուց և շնորհակալություն հայտնելուց հետո վերջնական հայտարարության մեջ չկար դատապարտող կոչ Ադրբեջանին, նրան ընդամենը բերել էին այդ գագաթնաժողովին մասնակցելու, որ ստորագրի մի հայտարարության տակ, որտեղ ՌԴ-ին համարում են ագրեսոր, համարում են ռազմական հանցագործ»։

Անդրադառնալով այդ գագաթնաժողովի ընթացքում Նիկոլ Փաշինյանի հավաստիացումներին, թե Freedom House-ը Հայաստանին դասել է որպես «ազատ» երկիր «Ինտերնետի ազատության» իր տարեկան զեկույցում, Նաիրա Զոհրաբյանն ասաց․ «Նախկին հանցավոր, գազան, թալանչի իշխանությունների օրոք 2013-ից սկսած՝ Freedom House-ը ինտերնետի ազատության առումով ՀՀ-ն մշտապես ճանաչել է ամենաազատ երկրներից մեկը»։

Նիկոլ Փաշինյանի մյուս պնդմանը, թե «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության հրապարակած 2022 թվականի մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում ՀՀ-ն բարելավել է իր դիրքերը 12 կետով, Նաիրա Զոհրաբյանը նկատեց․ «Այդ զեկույցում մամուլի ազատության ցուցիչով մեզնից մեկ նիշ առաջ է Գամբիան և մեզնից մեկ նիշ հետ է Սուրինամը, իսկ մեզնից առաջ է Զամբիան»։

Անդրադառնալով Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության հրապարակած «Աշխարհում մարդու իրավունքների վիճակը 2022-2023» զեկույցին՝ Նաիրա Զոհրաբյանն ասաց․ «Այս կազմակերպությունը նշում է, որ մինչև այս պահը ոչ մի ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել կառավարությանն ուղղված ցուցարարներին՝ անհամաչափ ուժ կիրառելու համար։ Արձանագրում են, որ 2021-ին հասարակական գործիչներին վիրավորելը քրեականացնելուց հետո պաշտոնական անձանց վիրավորանք հասցնելու բազում մեղադրանքներ են առաջադրվել։ Սա կազմակերպությունն անընդունելի է համարում։ Այսինքն՝ կազմակերպությունն իր զեկույցում փոքր ու մեծ ասեղներով ծակեց ու գմփացրեց Նիկոլ Փաշինյանի ժողովրդավարության բաստիոնը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031