Լրահոս
Օրվա լրահոսը

Ավետիք Իշխանյանը՝ ՄԻՊ թեկնածուներ Անահիտ Մանասյանի եւ Էդգար Ղազարյանի մասին

Մարտ 30,2023 16:22

«Առավոտի» հարցերին պատասխանում է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը։

-Երեք ամիս փնտրտուքից հետո, իշխանությունը ՄԻՊ-ի պաշտոնում գլխավոր դատախազի տեղակալի թեկնածությունն է առաջարկել, որը հետհեղափոխական շրջանում բավական ծանրակշիռ կենսագրություն է կերտել՝ տարբեր բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրել։ Ի՞նչ կարծիք ունեք իշխանության թեկնածուի մասին։

-Նախ, կուզենայի խոսել Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) հաստատության մասին։ Հիշեցնեմ, որ մարդու իրավունքները ուղղահայաց հարաբերություններ են՝ մարդ-պետություն։ Այսինքն, մարդու իրավունքների խախտում, նշանակում է պետության, շեշտում եմ՝ պետության կողմից մարդու իրավունքների խախտում։ Այսինքն, որևէ երկրում ՄԻՊ-ը պետք է արձագանքի պետության կողմից մարդու նկատմամբ խոշտանգման, խաղաղ հավաքի մասնակցի հանդեպ բռնության և այլ դեպքերի ժամանակ։

Պայմանականորեն ՄԻՊ հաստատությունը, որն անձնավորված կառույց է, ես բաժանում եմ երեք տիպերի։ Առաջինը, կայացած ժողովրդավարական երկրներին է վերաբերում, որտեղ կա կայացած, անկախ դատական համակարգ։ Այդ երկրներում, օրինակ՝ Շվեդիայում, որտեղ կան 9-ը տարբեր ոլորտների ՄԻՊ կառույցներ, ժողովուրդը չգիտի նույնիսկ նման կառույցների և դրանց ղեկավարների մասին, քանի որ առանձին անձանց իրավունքները և օրենքով և համապատասխան իրավական մեխանիզմներով երաշխավորված են։ Այդ երկրներում ՄԻՊ կառույցները զբաղվում են հիմնականում խոցելի խմբերի՝ երեխաներ, փախստականների և այլ խոցելի խմբերի, փոքրամասնությունների իրավունքների մոնիտորինգով։

Երրորդը բռնապետական երկրների ՄԻՊ կառույցներն են, իրենց ղեկավարներով, ինչպես օրինակ Ադրբեջանը։ Այդ երկրներում ՄԻՊ կառույցները ձևական բնույթ են կրում, միջազգային կառույցների պահանջներին հագուրդ տալու համար։ Իրականում այդ երկրների ՄԻՊ կառույցներն իրենց ղեկավարով, իշխանության հավատարիմ պաշտպաններն են, որոնք քննադատում են ոչ թե իշխանությանը, այլ զոհին, կամ հակառակորդ պետությանը։

Եվ վերջապես, երկրորդ տիպի երկրներում, որոնք ոչ ժողովրդավարական են, ոչ դասական իմաստով բռնապետական, ինչպիսին Վրաստանն է, Մոլդովան և ինչպիսին Հայաստանն էր, ժողովուրդը մեծ ակնկալիքներ է ունենում ՄԻՊ-ից, առանց իմանալու, որ ՄԻՊ-ը դատարան չէ։ Այս երկրներում ՄԻՊ-ի թեկնածուն, իհարկե, իշխանության թեկնածուն է եղել, հուսալով, որ նա իշխանության հանդեպ զուսպ կլինի։ Սակայն, այդ երկրներն, ինչպես նշեցի բռնապետական չեն եղել և ունեցել են որոշակի ազատություններ՝ խոսքի, խաղաղ հավաքների և եղել է քաղաքացիական հասարակություն և հասարակական կարծիք։ Այս երկրներում, ՄԻՊ-ը արձանագրել է մարդու իրավունքների խախտումներ, հաճախ խիստ գնահատականներ տալով իշխանական կառույցների գործողություններին։ Բնականաբար, սա դուր չի եկել իշխանություններին։

Ինչևէ, ինքս Հայաստանի բոլոր Մարդու իրավունքների պաշտպանների աշխատանքը, չհաշված վերջինին, համարել եմ բավարար։ Նրանք՝ մեկն ավելի, մյուսը մի փոքր ավելի պակաս, գործել են այնքան, որքան մեր պայմաններում հնարավոր էր։

2018թ․ ստի և կեղծիքի հեղափոխությունից հետո, Հայաստանը անցում կատարեց երկրորդ տիպի երկրներից դեպի երրորդ տիպը։ Այս համատեքստում պետք է դիտարկել և վերջին ՄԻՊ-ի նշանակումը, ներեցեք՝ ընտրությունը։ Այդպես էլ վերջին ՄԻՊ-ի կողմից չլսեցինք որևէ քննադատություն իշխանության հասցեին։ Իսկ երբ Եռաբլուրում ոստիկանները իշխանության հրահանգով բռնություններ գործադրեցին զոհված զինվորների ծնողների նկատմամբ, ՄԻՊ-ը հնազանդորեն կանգնած էր նույն իշխանության ներկայացուցիչների կողքին։

-Երեք ամսվա փնտրտուքն իշխանության ներկայացուցիչները բացատրում են կադրերի սղությամբ. սրան ի՞նչ կասեք։

-Նախ արձանագրենք, որ Հայաստանն ունի իշխանության մեկ ներկայացուցիչ՝ վարչապետ կոչեցյալը։ Մյուսները նրա հավատարիմ սպասարկուներն են։ Այնպես որ փնտրտուքը վերաբերում է վարչապետ կոչեցյալին։ Նա, ինչպես ընտրում և նշանակում է իրեն հավատարմության երդում տվածներին որպես պատգամավոր, նախարար, դատավոր, դատախազ, ՀՀ նախագահ, այնպես էլ փնտրել է հավատարիմ ՄԻՊ թեկնածու։

Ամեն դեպքում, փորձեմ գնահատական տալ իշխանության թեկնածուին, որին անձամբ չեմ ճանաչում։ Թեկնածուն դատախազի տեղակալ է, այսինքն՝ պատժելու հոգեբանություն ունեցող անձնավորություն, որը բացարձակապես չի համապատասխանում ՄԻՊ պահանջներին։ Եթե զուգահեռներ անցկացնենք, ապա այս նշանակումը հիշեցնում է արդարադատության նախարար և նրա ընկեր տեղակալի պատմությունը։ Նախարարը դարձավ ԲԴԽ նախագահ, տեղակալ-ընկերը՝ նախարար։ Նման տանդեմն ենք ունենալու, դատախազուհի և նրա ընկերուհի՝ ՄԻՊ։

Ընդդիմությունն էլ ՄԻՊ թեկնածու ունի, այդ թեկնածության մասին ի՞նչ կասեք։

-Անկեղծ ասած, ինձ համար անսպասելի էր ընդդիմության որոշումը։ Խոսքը չի վերաբերում ընդդիմության թեկնածու Էդգար Ղազարյանին, որն, իմ կարծիքով, պարկեշտ անձնավորություն է։ Առաջին տպավորությունն այն է, որ կարծես ընդդիմությունը խաղում է իշխանության խաղի կանոններով։ Այո՛, ի՞նչ հույսով է ընդդիմությունն առաջարկում ՄԻՊ թեկնածու։ Ահա և ձեզ ժողովրդավարություն՝ ընդդիմությունը մասնակցեց ՄԻՊ ընտրությանը, առաջարկելով իր թեկնածուին։ Պատգամավորների ազատ ընտրության արդյունքում ընտրվեց ՔՊ թեկնածուն։ Ծափահարություններ․․․

Այս նախաձեռնությունը կարող է ունենալ մեկ արդարացում՝ եթե Էդգար Ղազարյանը ԱԺ ամբիոնից թունդ ելույթ ունենա, ներկայացնելով Հայաստանում մարդու իրավունքների ողբերգական վիճակը և հրաժարվի թեկնածությունից և քվեարկվելուց։

Իմ համոզմամբ, ընդդիմությունը պետք է բոյկոտի ՄԻՊ քվեարկությունը, հակառակ դեպքում, որպես ընդդիմություն այլևս կունենանք «Լուսավոր Հայաստան»։

-Իսկ, Ձեր կարծիքով, Հայաստանում մարդու իրավունքների մասով ի՞նչ իրավիճակ է։ Մարդու իրավունքները դրոշակ դարձրած իշխանության վերաբերմունքը մարդու իրավունքներին ինչպե՞ս եք գնահատում։

– Մի խոսքով ասեմ՝ ահավոր։ Իհարկե, անկախ Հայաստանը երբեք չի փայլել մարդու իրավունքների նկատմամբ հարգանքով, բայց 2018թ․ հետո Հայաստանը ավտորիտար համակարգից անցում կատարեց դեպի հեղափոխա-բռնապետական համակարգ։ Մենք ունենք հետընթաց բոլոր բնագավառներում՝ խոշտանգումներ, խոսքի ազատության սահմանափակումներ, խաղաղ հավաքների մասնակիցների հանդեպ աննախախադեպ բռնություններ, քաղաքական հալածանքներ և այլն, և այլն։

-Քաղհասարակության ներկայացուցիչները արդեն իսկ հայտարարում են, որ մարդու իրավունքների մասով հետընթաց ունենք, իսկ իշխանությունն իր սրտի քաղհասարակության ներկայացուցիչներն ունի, որոնք կարկառուն դեմքեր են եւ միշտ ծափահարում են իշխանությանը։ Ստացվում է, իշխանությունը հաջողեց նաեւ քաղհասարակությունը, որը այս տարիներին կայացել էր, պառակտել։ Դուք ասելիք ունե՞ք այս մասով։

– Սա ինձ համար ամենացավոտ հարցն է։ Այս տարիներին ես ահավոր հիասթափություն ունեցա իմ նախկին գործընկերներից, որոնց համարում էի սկզբունքային և մարդու իրավունքների նվիրյալներ։ Սակայն, պարզվեց, որ նրանց համար իրավապաշտպանությունը ոչ թե առաքելություն էր, այլ ընդամենը բիզնես։ Նրանք այլևս չէին նկատում իշխանության կողմից կատարվող բացահայտ վայրենությունները՝ սկսած ասֆալտին փռելուց, շարունակած դատարանների կազմաքանդելուց, խաղաղ հավաքների մասնակիցների հանդեպ բռնություններից, ընտրությունները կեղծելուց, և վերջացրած քաղաքական հետապնդումներով։ Միայն 2021թ․ ընտրություններ կոչվող ֆարսը համարել «ազատ և արդար», կարծում եմ, բավարար է։

Եվս մեկ փաստ, մինչ 2018 թ․ նրանք կոկորդ էին պատռում, պահանջելով բացել ԱԱԾ արխիվները, իրականացնելով լյուստրացիա։ Բայց երբ պարզվեց, որ Արարատ Միրզոյանը ԱԱԾ գործակալ է և գուցե նաև թուրքական գործակալ, սկզբունքային քաղհասարակությունը լռելյայն ողջունեց գործակալին։

Ինչ վերաբերում է արդեն նրանց կողմից վախվորած քննադատություններին, կարծում եմ այն ուղիղ կապ ունի ԱՄՆ Պետդեպ-ի Հայաստանին վերաբերող զեկույցի հետ, որտեղ լուրջ քննադատվում են տարբեր ոլորտներում մարդու իրավունքների խախտումները։

 

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031