Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանի ասածից հետո պետք է քրեական գործ հարուցեին, ոչ թե ծնողների հաղորդումը կցեին Մովսես Հակոբյանի գործին»

Մարտ 30,2023 16:01

Զոհված զինծառայողների ծնողները, մասնավորապես՝ ՊԲ հրետանային դիվիզիոնի («Ցորի» զորամասի հրետանային դիվիզիոն) զոհված զինծառայողների ծնողները դեռեւս 2022թ․-ի ապրիլին հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետեւյալ հայտարարության հետքերով․ «Այո, կարող էինք կանխել պատերազմը, եւ կունենայինք նույն վիճակը, բայց առանց զոհերի»։ Այս հաղորդումն ընթացքում կցվել էր ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանի վերաբերյալ քրեական գործին, եւ ծնողների ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանը դատախազության անգործության հիմքով բողոք էր ներկայացրել, որի քննությունը, ինչպես հայտնել էինք, այսօր սկսվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարանում։

«Մեր կարծիքով՝ ծնողների ներկայացրած հաղորդման վերաբերյալ դատախազությունը ցուցաբերել է անգործություն։ Համենայն դեպս, պարտավորություն ուներ նախկին քրեական դատավարության օրենսգրքի երկու հոդվածներով նախատեսված որոշումներից մեկը կայացնել, սակայն գրությամբ այն ուղարկել է Մովսես Հակոբյանին վերաբերող քրեական գործին կցելու ու համատեղ քննություն կատարելու։ Մինչդեռ այդ երկու գործերն էապես տարբերվում են, նույն թեմային չեն վերաբերվում։ Այդ գրությունն ուղարկելուց հետո մենք այս բողոքը ներկայացրինք դատարանին»,-լրագրողների հետ զրույցում ասաց զոհված զինծառայողների ծնողների ներկայացուցիչ, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը։

Հարցին՝ այսինքն, ցանկանում եք, որպեսզի Նիկոլ Փաշինյանը որպես մեղադրյա՞լ ներգրավվի, Լիպարիտ Սիմոնյանը պատասխանեց․ «Դեռեւս խոսքը գնում է քրեական գործ հարուցելու մասին՝ կապված ԱԺ-ում իր հայտարարության հետ։ Դա է ծնողներին հիմք տվել հաղորդում ներկայացնելու»։

Լիպարիտ Սիմոնյանը հայտնեց, որ այս հաղորդման առնչությամբ որեւէ պաշտոնյայի հարցաքննության մասին ոչ մի տեղեկություն չունեն․ «Նաեւ այդ հանգամանքը հաշվի առնելով եմ վիճարկում դատախազության անգործությունը։ Եթե քրեական գործ հարուցված լիներ՝ մարդիկ կհարցաքննվեին։ Իսկ թե Մովսես Հակոբյանի գործով ովքեր են հարցաքննվել, այդ մասին նյութեր չեն ներկայացվել։ Այսօր են դատարանին ներկայացվել որոշ նյութեր, չեմ ծանոթացել դեռ, բայց համոզված եմ, որ հարցաքննության մասին տվյալներ դրանցում չկան»։

Լիպարիտ Սիմոնյանը շեշտեց, որ իրենց ներկայացրած հաղորդման ճակատագրին է արժանացել նաեւ մի խումբ փաստաբանների հաղորդումը, եւ այն եւս կցվել է Մովսես Հակոբյանի գործին։

Հարցին՝ ի՞նչ մասնագիտական հիմքեր ունեք պնդելու, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարության հետքերով նա պետք է մեղադրյալ ներգրավվի, Լիպարիտ Սիմոնյանը պատասխանեց․ «Այս պահին չէի ցանկանա շատ մանրամասնել, բայց այդ մասով քրեական գործ դեռ չի հարուցվել եւ դա է խնդիրը»։

Նկատառմանն ի պատասխան, որ Փաշինյանը վարչապետ է, ի՞նչ ակնկալիք ունեք, որ նրան մեղադրանք կառաջադրեն, Լիպարիտ Սիմոնյանը նշեց․ «Մի բան է ակնկալիք ունենալը, այլ բան՝ ծնողների շահերը ներկայացնելը։ Եթե որեւէ գործողություն չարվի, ակնկալիքը, բնականաբար, կլինի զրոյից ցածր՝ հաշվի առնելով նաեւ դատախազության անգործության հանգամանքը։ Եթե գործը սովորական քաղաքացու վերաբերեր, քրեական գործ կհարուցեին, իսկ այսպես սառեցնում են։ Պարտավոր էին կամ հարուցել, կամ մերժել հարուցումը։ Մնացած պատճառաբանությունները նիստերի ընթացքում կներկայացնեմ»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031