Լրահոս
Օրվա լրահոսը

Քրիստինե Վարդանյան. «Նիկոլ Փաշինյանը այլեւս լրագրող չի, որ լուրեր հայտնի, միսիոներ չի, որ ցեղասպանության ժամանակ արձանագրումներ անի պատմության համար, ԵՄ դիտորդ չի, որ հեռադիտակով նայի, թե ինչ է տեղի ունենում մի քանի կիլոմետր այն կողմ»

Մարտ 30,2023 15:41

ՀՀ ԱԺ «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն այսօր «Հայելի» ակումբում խոսելով կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հանրացրած լուրի մասին, թե Ադրբեջանի զինված ուժերը Շուշիի շրջանում գրավել են 2054 բարձունքը, ինչպես նաեւ Աղավնո եւ Տեղ գյուղերի արանքում փակել Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը՝ շրջակա գյուղերը կտրելով մայրուղուց, ասաց. «Իսկապես, Արցախի շուրջ օղակը սեղմվում է ու այսօր կառավարության ղեկավարի պաշտոնը զբաղեցնողը մոռացել է, որ ինքն այլեւս լրագրող չի, որ հայ ազգին լուրեր հայտնի, որ ինքը անգլիացի միսիոներ չի, որ ցեղասպանության ժամանակ արձանագրումներ անի պատմության համար, որ ինքը Եվրամիության դիտորդ չի, որ հեռադիտակով նայի ու ասի ինչ է տեղի ունենում մի քանի կիլոմետր այն կողմ:

Ինքը երկրի վարչապետի աթոռը զբաղեցնողն է ու նրա պարտավորությունն է՝ կանխել այն ամենը, ինչի մասին ինքը հայտարարում է, անհաղորդ դեմքով ազգին տեղեկացնում, որ Արցախի շուրջ օղակը սեղմվում է, ադրբեջանցիները հերթական բարձունքն են վերցրել, Գորիս-Ստեփանակերտ ճանապարհն են փակել:

Ես այստեղ շատ կարեւոր երկու դրվագի եմ ուզում անդրադառնալ: Այնպես չի, որ թշնամին հարձակվում է եւ սրանք ուզում են դիմակայել ու չեն կարողանում: Ալիեւը իր քայլերը համադրում է Փաշինյանի հետ: Ինչպե՞ս է դա տեղի ունենում:

Մի քանի օր առաջ Կապանում էինք: Կապանի բնակիչները մեզ պատմեցին գրունտային ճանապարհի մասին, որ սարքվում է: Ու հարցնում էին, թե ինչի՞ համար է այս ճանապարհը, հիմա՞ ինչ աղետ է լինելու, ինչի՞ն մենք պետք է պատրաստ լինենք: Այսինքն, այն, ինչ հիմա կատարվում է այս ճանապարհի հետ, որ այս գիշեր փակվել է, այնպես չի, որ անակնկալ էր այս իշխանության համար: Նրանք տեղեկանում են, բայց դիմագրավելու քայլեր չեն անում, այլ հերթական ճանապարհն Ադրբեջանը գրավում է, իսկ սրանք գրունտային ճանապարհ են բացում մի տրակտորով ու ասում. սրանով պիտի գնաք:

Այս նույն դրվագը մենք ունեցել ենք Գորիս-Կապան ճանապարհի ժամանակ: Ես վերջերս հարցում եմ ուղարկել ԱԱԾ եւ ՊՆ, որովհետեւ անցած տարի տարբեր թվեր են հրապարակել, թե Հայաստանից քանի՞ քառ․ կմ ինքնիշխան տարածք է օկուպացված: Պատասխանել ու դրվագները նշել են. 2021 թ. մայիսը, 2021 թ. նոյեմբերը, 2022 թ. սեպտեմբերը: Գորիս-Կապան ճանապարհը չկա: Ես ճշտող հարցում եմ ուղարկել, որպեսզի հանկարծ շփոթության արդյունք չլինի: Եթե 20 կմ առաջ են եկել ու նստել Գորիս-Կապան ճանապարհին, դա օկուպացրա՞ծ է, թե օկուպացված չէ: Պարզվում է՝ ՀՀ իշխանությունը դա օկուպացված չի համարում: Եթե տարածքը բռնի ուժով չի զավթվել, ուրեմն պայմանավորված են հանձնել: Գնացել, պայմանավորվել, ստորագրել, հանձնել են ու անմեղ դեմքով եկել՝ ասել են, թե ադրբեջանցիները գրավել են Գորիս-Կապան ճանապարհը: Հետեւաբար, մենք գործ ունենք համադրված, իրար հետ կապի մեջ եղող մարդկանց համատեղ գործողությունների հետ:

Այո, ցավոք, Արցախի շուրջ օղակը սեղմվում է, ռուս խաղաղապահները հիմա ակտիվ հայտարարություններ են անում, Արցախի հետ միասին փորձում են ավելի ակտիվ ներգրավվել:

ԱԺ հանձնաժողովի վերջին նիստում ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ մեր մոտ տպավորություն էին ուզում ստեղծել, որ խնդիրը Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հարաբերություններում միայն Արցախն է, մի հարց էլ կա, որի շուրջ չեն կարողանում պայմանավորվել, մնացած ամեն ինչը նորմալ է:

Արցախով սահմանափակվել որեւէ մեկը չի պատրաստվում: Ադրբեջանի եւ Թուրքիայի պահանջների մեջ են Տավուշում, Երասխում գտնվող տարածքները: Բայց դրանով էլ չեն սահմանափակվում: Երեւակայական թվով միլիոնավոր ադրբեջանցիների մասին են խոսում, որ պիտի տեղափոխվեն Հայաստանի տարբեր բնակավայրեր, Երեւան, որովհետեւ գիտեն, որ այդպես է հնարավոր վերջնականապես լուծել հարցերը, որով հետեւ իրենք ամենալավը գիտեն, որ զենքի ուժով ձեռքբերվածը փոփոխական է»:

Քրիստինե Վարդանյանն ասաց նաեւ, որ Ադրբեջանը Արցախը դիտարկում է որպես պլացդարմ, որտեղ ոտքն ամուր դնելով արշավելու է Հայաստան ու այստեղ իշխանությունն անում է ամեն բան, որպեսզի հայ ժողովուրդն այդ վտանգը չզգա:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031