Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ, այս տարվա ապրիլի 1–ից էլեկտրական ցանցին միանալու վճարումները թանկացել են։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը` ի պատասխան շրջանառվող տեղեկությունների, որ ՀԷՑ–ի նոր բաժանորդ դառնալու համար մարդիկ պետք է մինչ 700 հազար վճարում կատարեն։
Նրա խոսքով, նոր միացող բաժանորդների համար տարբեր գնային սանդղակներ կան, անհատական բնակարանների կամ սովորական միացումների, բնակավայրում կամ բնակավայրից դուրս գտնվող միացումների համար տարբեր գումարներ են սահմանված։
«Խնդիրն այն է, որ 2008 թվականից հետո միացման վճարները չէին վերանայվել, հիմա երկար քննարկումների արդյունքում վերանայվել է։ Ամբողջ սկզբունքն այն է, որ բոլոր նոր միացող բաժանորդները պետք է սակագների առումով խնդիրներ չստեղծեն մնացած բաժանորդների համար»,– ասաց Բաղրամյանը։
ՀԾԿՀ-ի նախագահը տեղեկացրեց, որ նոր բաժանորդ դառնալու վճարները միջինը 2-3 անգամ կբարձրանան:
Կարդացեք նաև
«Նախկինում ՀԷՑ–ին միանալու համար ծախսվող գումարի 50 տոկոսը բաժանորդն էր փոխհատուցում, մնացած 50 տոկոսը ՀԷՑ–ը կատարում էր ներդրումային ծրագիր, և մնացած բոլոր բաժանորդները բնականաբար փոխհատուցում էին այդ ներդրումները։ Այսօր իրավիճակը փոխվել է, ու նոր միացող բաժանորդը ընդամենը 10 տոկոսն է փոխհատուցում, իսկ մնացած ներդրումները, որ անհրաժեշտ են նոր բաժանորդ դառնալու և ՀԷՑ–ում միացում ապահովելու համար, մնացած բոլոր գոյություն ունեցող բաժանորդներով գրեթե 90 տոկոս ներդրումները մենք ենք փոխհատուցում։ Ընդամենը այդ բալանսն է վերականգնվել»,– պարզաբանեց նա։
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ