Սանկցիաներ դեռևս չեն կիրառվել, մենք կապի մեջ ենք մեր ռուս գործընկերների հետ, հաջորդ շաբաթ էլ հանդիպելու ենք։ Այս մասին կառավարության նիստից հետո ի պատասխան լրագրողների հարցի՝ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն՝ անդրադառնալով հայկական կաթնամթերքի ներմուծման հնարավոր արգելքի վերաբերյալ «Ռոսսելխոզնադզորի» հայտարարությանը:
«Կարծում եմ՝ այդտեղ քաղաքական որևէ ենթատեքստ չկա, ամեն ինչը զուտ սննդի անվտանգության բարձր չափանիշների ապահովման համար է։ Սանկցիաներ դեռևս չեն կիրառվել, մենք մեր գործընկերների հետ կապի մեջ ենք, հաջորդ շաբաթ էլ հանդիպում ենք նրանց հետ։ Կարծում եմ` ընդհանուր հայտարարի կգանք»,– ասաց Քերոբյանը։
Հարցին, թե ինչու է հայկական կաթնամթերքում օգտագործվում իրանական հումք, նախարարը պատասխանեց. «Երբեմն արտոնություններ ենք տալիս ընկերություններին՝ իրանական կաթնային սերուցք ներմուծելու համար։ Մենք պետք է գործընկերների հետ քննարկենք այդ ամենը։ Աշխատանքային մակարդակում լուծումներ կգտնենք:»
Հարցին, թե արդյո՞ք խնդիր չէ, որ որոշ ընկերություններ չոր կաթով են կաթնամթերք արտադրում՝ Քերոբյանը հավաստիացրեց, որ ամեն ինչ արվում է ստանդարտների համաձայն և ընկերությունները պահպանում են կաթնամթերք արտադրելու կանոնները: «Բայց և այնպես, խնդիրը կա, ինչը և քննարկվում է»,- նշեց նա։
Կարդացեք նաև
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ