Լրահոս
Օրվա լրահոսը

Հազար անգամ չափել, ապա` նոր կտրել

Մարտ 30,2023 15:00

Ռուսաստանի շահերի պաշտպան որեւէ մեկնաբան, փորձագետ, լրագրող կամ պաշտոնյա, օրինակ, չի հիշեցնելու, որ Հռոմի ստատուտը վավերացրած երկրների ցանկում է նաեւ Ռուսաստանի ՀԱՊԿ-ական դաշնակից Տաջիկստանը, սակայն Հայաստանին կմատնանշեն` մեծագույն հաճույքով

Մարտի 17-ին Հաագայի միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին եւ երեխաների իրավունքների պաշտպան Մարիա Լվովա-Բելովային ձերբակալելու միջազգային օրդեր տվեց։ Մեկ շաբաթ անց Հայաստանի Սահմանադրական դատարանը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը Սահմանադրությանը չհակասող ճանաչեց:

1998թ. ստորագրված, բայց այդպես էլ չվավերացված Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության հաստատման հարցով անցյալ տարեվերջին կառավարությունն էր դիմել ՍԴ: 24 տարի առաջ Հայաստանի կողմից ստորագրված, բայց չվավերացված փաստաթղթի մասին 2004-ին ՍԴ-ն արդեն կարծիք հայտնել էր եւ այս փաստաթուղթը ճանաչել հակասահմանադրական։ Կառավարությունում, սակայն, որոշել էին նորից դիմել բարձր դատարան, քանի որ 2004-ից հետո Հայաստանի Սահմանադրությունը երկու անգամ փոփոխվել է:

Անցյալ տարեվերջին հայտնի դարձավ, որ Հայաստանը գործընթաց է սկսել Հռոմի կանոնադրությունը հաստատելու համար, եթե Սահմանադրական դատարանն առարկություններ չունենա։ Ինչպես հայտնի է, Միջազգային քրեական դատարանը քննում է ցեղասպանությունների, ռազմական, մարդկության դեմ հանցագործությունների դեպքերը, հետապնդում ռազմական ագրեսիայի համար պատասխանատու անձանց։

Կառավարությունից դեռ ամիսներ առաջ պարզաբանել են, որ վերադարձել են Հռոմի կանոնադրության ճանաչման հարցին, քանի որ, ըստ այս նախագծի հիմնավորման, հնարավորություն են տեսնում Ադրբեջանին պատասխանատվության կանչելու: «Այդ ագրեսիայի հետեւանքները դեռ շարունակում են առկա մնալ, քանի որ մինչեւ օրս Ադրբեջանի զինված ուժերը դեռ տեղակայված են ՀՀ ինքնիշխան տարածքի տարբեր հատվածներում, քաղաքացիական բնակավայրերին հարող տարածքներին», – ասել էր ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը:

Ենթադրվում էր, որ եթե ՍԴ-ն հակասություն չտեսնի, եւ ՀՀ ԱԺ-ն վավերացնի Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը, ապա դատարանը կարող է քննել Ադրբեջանի կողմից կատարված հանցագործությունները, եթե անգամ Բաքուն չի վավերացրել նույն փաստաթուղթը։ «Եթե մենք վավերացնում ենք, ապա կանոնադրությունը գործում է Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ, դա հստակ է, քաղաքացիությունը կապ չունի», – ամիսներ առաջ մեկնաբանել էր միջազգային դատարաններում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը Սահմանադրությանը չհակասող ճանաչելու որոշումից հետո Մոսկվայից արձագանք արդեն եղել է: Մոսկվան բացարձակապես անընդունելի է համարում Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտին միանալու Երեւանի ծրագրերը՝ Ռուսաստանի Դաշնության ղեկավարության դեմ «օրդերների» ֆոնին։ Այս մասին երկուշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել էր ՌԴ ԱԳՆ-ի աղբյուրը։ Գործակալության զրուցակիցը ուշադրություն էր հրավիրել նաեւ այն փաստի վրա, որ հայկական կողմին զգուշացվել է երկկողմ հարաբերություններում Երեւանի հնարավոր քայլերի «չափազանց բացասական» հետեւանքների մասին։

Ռուսաստանյան պետական լրատվամիջոցը չէր հստակեցրել, թե Մոսկվան ինչ զգուշացում է ուղարկել Երեւանին։ Մոսկվայից հնչող այս մի դժգոհությունն էլ բավարար է, որպեսզի արձանագրվի, որ այն բավական կոշտ նախազգուշացում է:

Հայաստանի իշխանությունները հազիվ թե խոհեմություն ցուցաբերեին, եւ ամիսներ առաջ Մոսկվայի հետ խորհրդակցություններում տեղեկացնեին իրենց ծրագրերի մասին` Ադրբեջանի մասով: Պաշտոնական Երեւանի համար, իրապես, խիստ կարեւոր քայլ է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների հասնելու անգամ միայն գործընթացի մեկնարկը, անկախ դրա հնարավոր արդյունքներից:

Պատերազմում տարած հաղթանակից գլուխը կորցրած Ադրբեջանի նախագահին զսպելու այլ տարբերակներ, կարծես, չեն մնացել: Իրավիճակը բոլորովին այլ կլիներ, եթե Հայաստանն ունենար այնպիսի դաշնակից, ինչպիսին ունի Թուրքիայի աջակցությունը վայելող Ադրբեջանը: Ցավալիորեն, Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը պատերազմում հաղթանակած Ադրբեջանի որեւէ ապօրինության` սկսած նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված պահանջները խախտելը, հասցեական քննադատություն չի հնչեցրել: Ռուսաստանը Հայաստանի ինքնիշխան տարածքի հանդեպ Ադրբեջանի ոտնձգությունները «չի նկատում»: Ավելին, պարզվեց, ռուսները Հայաստանի Հանրապետության սահմանները չգիտեն, եւ դրանով են արդարացնում իրենց լռությունը ադրբեջանական ագրեսիվ գործողությունների նկատմամբ: Այսինքն, միայն այսքանն արդեն իսկ բավարար էր, որպեսզի Հայաստանի իշխանությունները փորձեն գտնել այլ ճանապարհներ Ադրբեջանին զսպելու նպատակով:

Հայաստանի որոշումը, սակայն, արդեն իսկ քաղաքականացվել է, եւ Հայաստանի իշխանությունները պետք է կանխատեսեին, որ Մոսկվայից արձագանքը կարող է կոշտ լինել, իսկ հնարավոր հետեւանքները` բավական ցավալի: Ողջամի՞տ է այս մթնոլորտում Մոսկվայի հետ հակադրման նոր «ճակատ» բացելը, այս հարցը լուրջ քննարկվե՞լ, վերլուծե՞լ են Հայաստանի իշխանությունները:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին տարիներին, ակնհայտորեն, պաշտոնական Մոսկվան ցանկացած առիթ փնտրում է Հայաստանին մեղադրելու տարբեր հարցերում` Հայաստանի իշխանությունների համար պետք է պարզ լիներ, որ Ռուսաստանի համար  այս քայլը կարող է դառնալ «ամենայուղալի» առիթը:

Ռուսաստանի շահերի պաշտպան որեւէ մեկնաբան, փորձագետ, լրագրող կամ պաշտոնյա, օրինակ, չի հիշեցնելու, որ Հռոմի ստատուտը վավերացրած երկրների ցանկում է նաեւ Ռուսաստանի դաշնակից Տաջիկստանը, որը հանդիսանում է ՀԱՊԿ հիմնադիր անդամ: Սակայն պաշտոնական Երեւանի քայլը կհանդիսանա Հայաստանը նսեմացնելու լրացուցիչ առիթ, թեեւ բոլորի համար պարզ է, որ այդպիսի քարոզչական հնարքներով Մոսկվան, կարծես, փորձում է փրկել սեփական «իմիջը»` դաշնակից Հայաստանից Ռուսաստանի հասցեին հնչող արդարացված քննադատությունների ֆոնին:

Հետեւաբար, որքան էլ ազնիվ լինեն Հայաստանի իշխանությունների մղումները` հասնելու նրան, որպեսզի Միջազգային քրեական դատարանում քննվեն Ադրբեջանի կողմից կատարված հանցագործությունները, Հայաստանի իշխանությունները պարտավոր են այսօրվա մթնոլորտում հազար անգամ չափել, ապա` նոր կտրել:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 30.03.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031