«Այս տարի մարտ ամսին ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 4-5 աստիճան»,-այս մասին «Արմենպրես» մամուլի ակումբում ասաց Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ Նրա ներկայացմամբ՝ մարտին տեղումները նորմային մոտ են, հանրապետության առանձին հատվածներում նույնիսկ նորմայից ավելի։
«Ամսի 31-ին սպասվող ցիկլոնից հետո շրջանների մեծ մասում տեղումների քանակը կլինի նորմայից ավելի»,-ասաց Սուրենյանը։
Արարատյան դաշտավայրում տաք եղանակով պայմանավորված՝ ծիրանենիները ծաղկել են 18-20 օր շուտ։ Իսկ առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը նվազելու է։
Սուրենյանի խոսքով՝ մեր երկրին Սկանդինավյան երկրներից մոտենում են արկտիկական ցուրտ օդային հոսանքներ, դրանց ներհոսքը հանրապետության հյուսիսային շրջաններում արդեն սկսվել է․ «Շիրակ, Լոռի, Տավուշ, Արագածոտն, Կոտայքի լեռնային գոտիներ, այստեղ առկա է ջերմաստիճանի նվազում 10-12 աստիճանով»։
Կարդացեք նաև
Շիրակում, Լոռիում, Արագածոտնի եւ Կոտայքի լեռնային առանձին շրջաններում այս պահին ձյուն է տեղում, եւ ինչպես Սուրենյանն ասաց, վաղն այդ ցիկլոնի ուժը կտրուկ մեծանալու է․ «Ընդ որում, այդ ամենամեծ թափը, ուժգնությունը դիտվելու է վաղը երեկոյան ժամերին, կոնկրետ ժամը 4-ից հետո։ Վաղը հանրապետության ողջ տարածքում կեսօրից հետո տեղումներ են սպասվում»։
«Հանրապետության նախալեռնային շրջաններում ամենացածր ջերմաստիճանը կգրանցվի մարտի 31-ի լույս 1-ի գիշերը, այստեղ օդի ջերմաստիճանը կանխատեսվում է, որ կլինի -2-ից մինչեւ -4, իսկ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը 0-ից 2 աստիճան ցուրտ։ Այստեղ ձյան տեսքով տեղումներ կլինեն։ Արարատյան դաշտավայրում ամենացածր ջերմաստիճանը սպասվում է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, լուսադեմին սպասվում է, որ օդի ջերմաստիճանը կիջնի մինչեւ -2 աստիճան, իսկ հողի մակերեւույթին՝ մինչեւ –3 աստիճան»։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ