Shamshyan.com -ի տեղեկություններով՝ ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչները պարզել են մարտի 29-ին Արաբկիր վարչական շրջանում գործող «Մյուզիք Հոլ» ակումբում տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակիցների ինքնությունը։
ՀՀ ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Երևանի բնակիչ 36-ամյա Գրիգոր Հովհաննիսյանը և հայտնել, որ, կարծես՝ BMW մակնիշի ավտոմեքենայի ուղևորները հարձակվել են իր վրա և վնասել են աչքը։
Պարզվել է, որ այդ օրը, ժամը 02։30-ի սահմաններում Գ․ Հովհաննիսյանն իր ընկերների՝ Երևանի բնակիչներ 44-ամյա Վարդան Հովսեփյանի և 37-ամյա Տիգրան Հարությունյանի հետ այցելել են Բաղրամյան պողոտա 74 հասցեում գործող «Քուին Մյուզիք Հոլլ» ակումբ, որտեղ Գ․ Հովհաննիսյանը ձեռքով դիպչել է 35-ամյա մատուցողուհու հետույքին, որից հետո նշված ակումբի անվտանգության աշխատակից՝ Երևանի բնակիչ 36-ամյա Յանիկ Կտոյանը նկատողություն անելու համար մոտեցել է Գ․ Հովհաննիսյանին, սակայն վերջինս շարունակել է լկտի վերաբերմունք ցուցաբերել, ինչը վերածվել է վիճաբանության, ապա ծեծկռտուքի։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ծեծկռտուքին մասնակցել են ակումբի գանձապահ՝ Երևանի բնակիչ 30-ամյա Պետրոս Բաղրամյանը և նշված ակումբի երաժշտական օպերատոր՝ Երևանի բնակիչ 29-ամյա Հովսեփ Սահակյանը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ծեծվողների մեջ են եղել ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության ծառայողներ, այդ թվում Երևանի կայազորի քրեական հետախուզության բաժնի պետ 36-ամյա Գրիգոր Հովհաննիսյանը, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: