Իրավապահները հերթական կոռուպցիոն հանցագործությունն են բացահայտել, այս անգամ Ջերմուկ համայնքի «Զատիկ» մանկապարտեզի նախկին տնօրեն՝ Գայանե Հովհաննիսյանին առնչվող:
Ջերմուկի նախկին քաղաքապետի կնոջ՝ Գ. Հովհաննիսյանի պաշտոնավարման տարիներին թույլ տրված չարաշահումների վերաբերյալ ստացված օպերատիվ տեղեկությունները ստուգելու ընթացքում պարզվել է, որ նա պաշտոնական շրջանառության ենթակա փաստաթղթերի մեջ կեղծ տեղեկություններ մտցնելով՝ հափշտակել է իր տնօրինմանը հանձնված, նշված կազմակերպության ֆինանսական միջոցներից խոշոր չափերով մոտ 3.625.777 դրամ: Մասնավորապես որպես աշխատակից է ձևակերպել իր քրոջ որդուն՝ Է․ Գ․–ին , որն ընդհանրապես աշխատանքի չի հաճախել, այսինքն` չի կատարել աշխատանքային պայմանագրից բխող պարտականություններ, բայց նրան որպես աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ փոխանցվել է ընդհանուր 3.625.777 դրամ:
Քննչական կոմիտեից Aravot.am-ին հայտնեցին, որ հաղորդման առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի և 445-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հաշվի առնելով, որ առերևույթ կոռուպցիոն հանցագործությունների դեպքերով նախաքննությունն իրականացվում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից՝ քրեական վարույթի նյութերն ուղարկվել են ՀՀ դատախազություն՝ քննչական ենթակայության հարցը լուծելու նպատակով։
Մեր տեղեկություններով՝ Ջերմուկի նախկին քաղաքապետը ընտանիքով բնակության է տեղափոխվել ԱՄՆ: Այս դեպքի առնչությամբ Վարդան Հովհաննիսյանը մեր գրավոր հարցմանը չի արձագանքել:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Զատիկ» մանկապարտեզի ֆեյսբուքյան էջից