Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը սկսել է Փաշինյանի դեմ ծնողների հաղորդման վերաբերյալ դատախազության անգործության դեմ բողոքի քննությունը

Մարտ 30,2023 13:43

Դեռեւս 2022թ․-ի ապրիլին զոհված զինծառայողների ծնողները, մասնավորապես՝ ՊԲ հրետանային դիվիզիոնի («Ցորի» զորամասի հրետանային դիվիզիոն) զոհված զինծառայողների ծնողները հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետեւյալ հայտարարության հետքերով․ «Այո, կարող էինք կանխել պատերազմը, եւ կունենայինք նույն վիճակը, բայց առանց զոհերի»։ Այս հաղորդումն ընթացքում կցվել էր ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանի վերաբերյալ քրեական գործին, եւ ծնողների ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանը դատախազության անգործության հիմքով բողոք էր ներկայացրել, որի քննությունն այսօր նշանակված էր ՀՀ հակակոռուպցիոն դատարանում։

Նիստին ՀՀ դատախազությունից ներկայացել էր դատախազ Արշակ Մարտիրոսյանը։ Ծնողների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը հայտարարեց, որ դատախազության կողմից ոչ պատշաճ դատախազի ներկայություն է ապահովվել․ «Այստեղ վիճարկվում է դատախազության անգործությունը՝ դիմողների կողմից հաղորդման ընթացը լուծելու վերաբերյալ»։

Դատախազ Արշակ Մարտիրոսյանը չհամաձայնեց․ «Այն, որ վիճարկվում է դատախազության անգործությունը, ես այդ ձեւակերպման հետ համաձայն չեմ։ Իսկ պատշաճ կարգով ներկայացված հաղորդումը կցվել է կոնկրետ քրեական վարույթին, եւ քննչական-դատավարական գործողություններ են իրականացվում, եւ այդ վարույթով ես հսկող դատախազական խմբի անդամ եմ։ Ուշադրություն դարձրեք, որ վիճարկվող «անգործությունը» վերաբերում է ՀՀ գլխավոր դատախազության ստորաբաժանման կոնկրետ դատախազի լիազորություններին։ Ես այսօր դատարանին փաստաթուղթ եմ ներկայացրել, որ դատախազի պաշտոնակատարն է ստորագրել, որպեսզի ես ներկայանամ։ Օրենքի համաձայն՝ դատախազությունը միասնական համակարգ է, եւ դատախազն իր լիազորությունները ենթակա դատախազների միջոցով է կատարում։ Ուստի խնդիր չկա, որ դատախազությանը ես եմ ներկայացնում»։

Դատավոր Վարդգես Սարգսյանը նկատեց, որ պարոն Սիմոնյանի գնահատմամբ՝ հանցագործության մասին հաղորդումը դատախազության ներկայացուցիչ Արմեն Մուրադյանն ուղարկել է հակակոռուպցիոն կոմիտե, եւ պարոն Սիմոնյանը վիճարկում է անձի դրսեւորած անգործությունը․ «Որեւէ մեկը չի վիճարկում, որ դուք դատախազական խմբի անդամ եք։ Բայց ձեզ հանձնարարվա՞ծ է դատախազության համապատասխան պաշտոնատար անձանց անգործության առիթով բողոքի քննությանը մասնակցել եւ դիրքորոշում ներկայացնել։ Այո, դատախազությունը միասնական համակարգ է, բայց դուք զինվորական դատախազությունն եք ներկայացնում»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է ապրիլի 17-ին՝ 9։30-ին։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031