Ի պատասխան համացանցում տարածված ««Սևան» ազգային պարկի տարածքում, Սևան-Գավառ մայրուղու սկզբնամասում մոտ 1,5 հեկտար ԱՆՏԱՌ են ոչնչացրել» վերտառությամբ գրառման հարկ ենք համարում պարզաբանել հետևյալը`
2022 թվականի մայիսի 19-ին ի թիվս այլ լողափերի, հանրային N5 լողափում ջրային հանգիստ կազմակերպելու, բարեկարգում և սպասարկում իրականացնելու համար հայտարարվել էր մրցույթ:
Հունիսի 9-ին հանձնաժողովի կողմից դիտարկվել են ներկայացված հայտերը և հաղթող է ճանաչվել ներդրումային ծրագրերից մեկը:
Լողափը գտնվում է Սևան համայնքի, Լճաշեն բնակավայրի վարչական սահմաններում գտնվող Սևան-Գավառ ավտոմայրուղուց դեպի լիճ ընկած ափամերձ հատվածում (1.37 հա):
Լողափը դեպի Գավառ ուղղությամբ օգտագործվում է այլ վարձակալների կողմից:
Նախքան բարեկարգման աշխատանքների մեկնարկը «Սևան» ազգային պարկի կողմից իրականացվել են ուսումնասիրման աշխատանքներ և գույքագրում:
Կարդացեք նաև
📍 Լողափնյա գոտին 1905 նիշից ներքև է: Եվ տարածքում անտառաշերտի մաքրման աշխատանքները կարգավորվում են օրենսդրության համաձայն:
📍Տարածքը ազատվել է ԲԱՑԱՌԱՊԵՍ չիչխանի մացառներից և մանր թփերից, որևէ ծառ չի հատվել:
📍Մաքրման աշխատանքներն իրականացրել են «Սևան» ազգային պարկի մասնագետների կողմից:
Տեղեկացնենք նաև, որ սոցիալական ցանցերում պարբերաբար ապատեղեկատվություն և տարբեր շահարկումներ են հայտնվում հանրային լողափերի սպասարկման իրականացման վերաբերյալ:
Մեր քաղաքացիներին անհարկի շահարկումներից զերծ պահելու նպատակով տեղեկացնենք, որ գործընթացը գտնվում է Շրջակա միջավայրի նախարարության ուշադրության կենտրոնում, ներդրումային ծրագրերին ներկայացվում խիստ պահանջներ և ամեն բան արվում է ջրափնյա հանգիստը պատշաճ և բոլոր չափորոշիչներին համապատասխան կազմակերպելու համար:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն