ԱՊՊԱ համակարգի շուկայի ազատականացման մասին խոսակցությունը կառավարությունում սկսվել է, երբ խնդիր է դրվել պետական հատվածի բոլոր մեքենաների ԱՊՊԱ-ներն իրականացնել մրցութային կարգով։ Այս մասին այսօր կառավարության նիստի հերթական հարցերի արանքում հայտնեց Նիկոլ Փաշինյանը։
«Մենք հետազոտել ենք, տեսել, որ կան խնդիրներ, որովհետև սահմանված են գները ի սկզբանե և շուկայական մոտեցում չկա: Ես հանձնարարել եմ, որ կառուցակարգերը ստեղծվեն այնպես, որ մրցութային կարգով իրականացվեն մեքենաների ապահովագրությունները, այլ ոչ սահմանված գներով։ Մենք այս ճանապարհին լավ ինստիտուցիոնալ որոշումներ ենք կայացրել, որի արդյունքները կվայելեն նաև ՀՀ ամենակարգապահ քաղաքացիները՝ երթևեկության կանոնների պահպանման իմաստով»,- նշեց նա։
Փաշինյանը տեղեկացրեց, որ որոշումն ուժի մեջ է մտնելու 2023թ. ապրիլի 1-ից։
Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հաստատեց Փաշինյանի տեղեկությունը և ասաց․ «Ազատականացումը համակարգի բնականոն զարգացման հաջորդ փուլն է, որովհետև մենք կարծում ենք, որ բյուրոն արդեն թե տեխնիկապես, թե կարողությունների տեսանկյունից պատրաստ է ազատականացման համակարգի անցմանը: Ավտոսեփականատերերի համար մենք ունենալու ենք իրենց ռիսկերին համարժեք արդար գնի ձևավորման համակարգ, որը նախկինում, ըստ էության, չենք ունեցել։ Ազատականացման արդյունքում քաղաքացիներն ավելի լավ կպատկերացնեն իրենց վարքագծի և ԱՊՊԱ պայմանագրի համար վճարվող գումարների միջև եղած կապը»:
Կարդացեք նաև
Նրա խոսքով, ազատական համակարգի գործարկմամբ կվերանան նաև վարորդի անհատական վարքի հետ կապ չունեցող՝ նախկինում գործող կարգավորումները։ Օրինակ` նախկին կարգով սահմանված էր խմբային մոտեցում տաքսիստների կամ մինչև 80 ձիաուժ հզորությամբ ավտոմեքենաների սեփականատերերի համար, քանի որ այդ խմբերը համարվում էին ռիսկային։
Նոր օրենքով այս մոտեցումները վերացվում են, և բոլորի համար գործելու է բացառապես անհատական մոտեցում` ըստ վարորդի կարգապահության գնահատականի։
«Ապրիլի 1-ից գործելու է նաև առցանց հարթակ, որտեղ ԱՊՊԱ պայմանագիր կնքելիս քաղաքացիները տեսնելու են միանգամից բոլոր ապահովագրական ընկերությունների գնային առաջարկները։ Եվ, ըստ այդմ, կարողանալու են ընտրել իրենց համար լավագույն գին–որակ հարաբերակցությունը»,– ասաց ԿԲ նախագահը։
Մարտին Գալստյանը տեղեկացրեց, որ եթե բոլոր վարորդները ընտրեն իրենց առաջարկվող գներից նվազագույնը, ապա ավտոսեփականատերերի 56 տոկոսի համար ապահովագրության գինը կնվազի, 21 տոկոսի համար գները չեն փոխվի, մնացած 23-ի համար` կթանկանան։ «Սա չի վերաբերում բոնուս-մալուսի կիրառմանը, սա վերաբերում է բազային պայմանագրին: Բնականաբար, բոնուս- մալուսի հետ կապված հարցերը կառաջանան անհատական տվյալները մուտքագրելուց հետո, գինը կձեւավորվի այդ երկուսի համադրման արդյունքում»:
Մանրամասները՝ տեսանյութում
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ