Լրահոս
Օրվա լրահոսը

Կամուրջ հանդիսատեսի եւ Դովլաթովի անձնական հիշողությունների միջեւ. Գայլիտի «Ճամպրուկ» ներկայացումը

Մարտ 30,2023 12:10

Հայաստանում հաստատված ռեժիսոր Ալեքսեյ Գայլիտն այս անգամ բեմադրել է «Ճամպրուկ» ներկայացումը՝ ըստ Սերգեյ Դովլաթովի: Ինքնատիպ ձեռագրով այս ռեժիսորի աշխատանքը բավականին հետաքրքիր է ստացվել: Նա նաեւ բծախնդրությամբ ու պատասխանատվությամբ է մոտեցել բնագրին:

Ներկայացման մեջ ներգրաված են Արամ Գյուրջյանը, Միխայիլ Գլեկելը, Վյաչեսլավ Պոտապենկոն եւ Իվան Ստեպանովը: Երգերի հեղինակն Արամ Գյուրջյանն է:

Ռեժիսորը նշել է, որ աշխատելով Դովլաթովի տեքստի հետ՝ յուրաքանչյուրն ակամա հիշում է իր անձնական պատմությունը, եւ դա ինքնին բնական էր ստացվում:

«Ինչ-որ մի պահի մենք հասկացանք, որ այստեղ գտնվող յուրաքանչյուր ներգաղթյալ, ինչպես Դովլաթովը, իր պատմությունների ճամպրուկն է բերել:

«Ու թեեւ գործողությունները նվիրված են հեղինակի հանճարեղ տեքստին, մենք որոշեցինք դիմել փորձարարության եւ հանդիսատեսին հնարավորություն տալ բեմից պատմելու իր սեփական պատմությունը՝ երկխոսության մեջ մտնելով Դովլաթովի հետ»,- պարզաբանել է ռեժիսորը:

Արդյունքում՝ ամեն անգամ ներկայացումը տարբեր է, որովհետեւ ամեն ներկայացման հանդիսատեսն էլ է տարբեր:

Aravot.am- հետ զրույցում դերասաններից Արամ Գյուրջյանն ասաց, որ ներկայացումն առանձնահատուկ է նրանով, որ մասնակցային է, հանդիսատեսը հնարավորություն ունի իր մասնակցությունն ունենալ ներկայացման ամբողջական տարբերակում. «Յուրաքանչյուր ներկայացումից առաջ հանդիսատեսը պայմանական ճամպրուկի մեջ իր համար կարեւոր որեւէ իր է տեղադրում: Նաեւ հնարավորություն է տրվում բեմ բարձրանալ եւ պատմել իր անձնական պատմությունը: Ստացվում է՝ հանդիսատեսը Դովլաթովի հետ համահեղինակ է դառնում: Այս առումով յուրաքանչյուր ներկայացում դառնում է բացառիկ, որովհետեւ հանդիսատեսը միշտ նոր է, իրերը նոր են»:

Նրա խոսքով. «Մի կողմից տեղափոխվում ենք Դովլաթովյան աշխարհ, որը միշտ նոր է եւ արդիական, մյուս կողմից կամուրջ է կապվում այսօրվա հանդիսատեսի եւ Դովլաթովի խիստ անձնական հիշողությունների հետ»: Մեր զրուցակիցը նշեց, որ ընդհանրապես Դովլաթովը հոգեհարազատ է իրեն՝ իր հումորով, իր անձը ծիծաղելի իրավիճակի մեջ գնահատելու օբյեկտիվությամբ, նաեւ հոգեհարազատ է՝ որպես կերպար եւ տեսակ:

«Դովլաթովը խոսում է շատ պարզ երեւույթների մասին եւ դա անում է բացառիկ տաղանդով, ինքը ունի համարձակություն անգամ կենցաղային որոշ բաներ այնպես ներկայացնելու, որ դրանք տհաճ չթվան: Իր մեկնաբանությունից հետո լավատեսությամբ ես վարակվում: Դովլաթովն ինձ համար յուրատեսակ նշաձող է, որին կուզենայի ձգտել»,-ասում է Արամ Գյուրջյանը:

Ռեժիսոր Գայլիտի մոտեցումների մասին խոսելիս՝ Արամ Գյուրջյանը նրան շատ հետաքրքիր է որակում: Ասում է՝ ռեժիսորը միշտ համագործակցում է դերասանի հետ, տալիս է ազատության որոշակի սահման, որպեսզի դերասանի ընկալումները իր կերպարում առկա լինեն:

Հանդիսատեսներից մեկը ներկայացման կայքում կարծիք է գրել. «Ճամպրուկն» այնպիսի ներկայացում է, որից հետո հեռանում ես հիմարավարի ժպտալով եւ ինչ-որ օգտակար ու լավ բան անելու ցանկությամբ»: Կարծիքին արժի համաձայնել, որովհետեւ ոչ միայն գեղեցկությունն է փրկում աշխարհը, այլ բարձր որակի հումորը, ինքնահեգնանքի համարձակությունը, արվեստի հրաշալի ստեղծագործությունը, խենթ գաղափարներն իրագործելու մտադրություններն ու բոլոր՝ առողջ մտածող մարդիկ:

Չմոռանանք նշել, որ ներկայացումը չէր կայանա առանց նախագծի նվիրյալ պրոդյուսեր Սերգեյ Ցելիկովի ջանքերի:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարները՝ ներկայացման կայքից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031