«Հրապարակի» զրուցակիցն է իրանցի քաղաքագետ Փույա Հոսսեյնին։
– Նախօրեին Իրանի հեղափոխության պահապանների հետ փոխկապակցված տելեգրամյան ալիքները հայտարարել են, որ եթե Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության դեմ պատերազմ սկսի, ապա Իրանը զորքեր կմտցնի Սյունիք։ Ի՞նչ է նշանակում այս հայտարարությունը։
– 2020 թվականի արցախյան 44-օրյա պատերազմից ի վեր Իրանի ռազմաքաղաքական բարձրաստիճան ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ թույլ չի տալու միջազգային սահմանների փոփոխություն, Հայաստան-Իրան սահմանի տարանջատում եւ, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի իրականացում։ Դա Իրանի համար կենսական կարեւորության հարց է։ Այդ իսկ պատճառով Հայաստանի սահմանի դեմ ոտնձգություններն Իրանի համար կարմիր գիծ են։ Այս հարցում Իրանի ու Հայաստանի անվտանգությունը փոխկապակցված է միմյանց։ Իրանի հնարավոր ռազմական գործողությունը նպատակ կունենա Ադրբեջանի հնարավոր հարձակումներն ու ոտնձգությունները կանխելու։ Իհարկե, Իրանը հարգում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ նպատակ ունի պաշտպանել այն` առաջնորդվելով սեփական անվտանգությամբ ու շահերով։
– Իրանում ինչպե՞ս են գնահատում Հայաստանի դերը ստեղծված իրավիճակում: Եվ՝ Իրանի տրամադրվածությունը կապվա՞ծ է ՀՀ իշխանությունների հետ, թե՞ հասկանում են, որ ՀՀ իշխանությունները պրոարեւմտյան դիրքորոշում ունեն, որոնք միշտ չէ, որ բխում են Հայաստանի ազգային շահից։
Կարդացեք նաև
– Ստեղծված իրավիճակն ունի երկու պատճառ` ներքին եւ արտաքին։ Ներքին պատճառն այն է, որ Ադրբեջանը մի գիշերում չի այսքան հզորացել, որ տարածաշրջանի ուժային բալանս խախտի։ Դա իր կողմից տարիներ շարունակ տնտեսական եւ ռազմական հզորացման հետեւողական քաղաքականություն վարելու արդյունք է` Հայաստանի բացթողումների ֆոնին։ Եթե արդարացի գնահատենք, որեւէ իրավիճակի համար Հայաստանի բոլոր ժամանակների բոլոր իշխանություններն իրենց չափաբաժինն ունեն, նաեւ` ներկայիս իշխանությունը։ Մեկ այլ հարց է, թե որ իշխանության ժամանակ են առաջացել ամենամեծ անվտանգային խնդիրները։ Մյուս հանգամանքն աշխարհի ուժային կենտրոնների շահերի ու հակասությունների բախումն է, որը վերջին շրջանում Մերձավոր Արեւելքից տեղափոխվել է Հարավային Կովկաս, հետո` Ուկրաինա։
– Եթե Ադրբեջանը պատերազմ սկսի Հայաստանի դեմ, արդյոք Իրանը պատրա՞ստ է միջամտել, ու եթե այո, հավանական պատասխանն ինչպիսի՞ն է լինելու։
– Եթե Ադրբեջանը փորձի հատել Իրանի կողմից հայտարարված կարմիր գիծը, ապա Իրանն ամենալուրջ դիմադրությունը կցուցաբերի եւ թույլ չի տա տարածաշրջանի սահմանների վերաձեւում, եթե անգամ դա լինի ռազմական միջամտության միջոցով։ Իսկ հարցի երկրորդ մասի պատասխանն այն է, որ ԱՄՆ-ն Ադրբեջանին պաշտպանելու համար ուղիղ բախման չի գնա. հնարավոր է, որ, ինչպես Ուկրաինայի պարագայում, միայն զենք, զինտեխնիկա եւ լոգիստիկ աջակցություն տրամադրի։ Ավելի հավանական է, որ Իսրայելն ու Թուրքիան ուղիղ բախման մեջ մտնեն Իրանի հետ։ Բայց, ինչպես պատմությունն է ցույց տվել, Իրանի կամքն այնպիսին է, ինչպիսին տեսնում եք Սիրիայում․ Թուրքիայի, Իսրայելի եւ այլ ուժերի չար ու կործանարար գործունեության դեմ Իրանը կարողացավ հաջողությամբ կանխել Սիրիայի մասնատումը։ Եթե Սիրիայում, Իրաքում, Լիբանանում, Եմենում Իրանը կարողացել է պահպանել այդ երկրների ամբողջականությունը՝ դեմ-հանդիման դուրս գալով հակառակորդ ուժերին, ապա Ադրբեջանում եւ Հայաստանում, որոնք Իրանի հետ սահմաններ ունեն եւ առավել հասանելի են Իրանին, հաստատ կկարողանա վերահսկողության տակ պահել իրավիճակը` թելադրելով իր խաղի կանոնները, որոնք չեն հակասում Հայաստանի շահերին։
Հայկա ԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: