Մարտի 25-ին Ռուսաստանի հայերի միությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որին քննարկվել է նաև Հայաստանի կողմից ՄՔԴ-ի Հռոմի ստատուտի (կանոնադրության) վավերացման հետ կապված հարցը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:
Նրա գրառման մեջ մասնավորապես ասվում է.
«Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ Ազգային ժողովը դեռ չի քննարկել այս հարցը (որոշումն ուժի մեջ կմտնի միայն խորհրդարանի կողմից վավերացվելուց հետո), այս քայլը չափազանց բացասաբար ընկալվեց հայ հասարակության մեջ՝ թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում։
ՌՀՄ ակտիվի հանդիպման մասնակիցների դիրքորոշումը հետևյալն է.
Կարդացեք նաև
Այս որոշումը, առաջին հերթին, ուղղված է ընդդեմ հայոց պետականության շահերի, Հայաստանի ու Արցախի բնակչության անվտանգության, որն այսօր, ի հեճուկս ամեն ինչի, երաշխավորում ու ապահովում է հենց Ռուսաստանը։
Ռուսաստանի հայերի միությունն ակնկալում է, որ ՀՀ Ազգային ժողովը քվեարկելիս առաջին հերթին կկարևորի Հայաստանի քաղաքացիների, ինչպես նաև Ռուսաստանի շուրջ երեք միլիոնանոց հայ համայնքի շահերը. համայնքի, որից տասնամյակներ շարունակ Հայաստանի բնակչությունը զգալի տնտեսական օգնություն է ստանում։
Հաշվի առնելով հանրային ռեզոնանսը, կարծում ենք, որ թե՛ Հայաստանի քաղաքացիները, թե՛ սփյուռքի հայերը շահագրգռված կլինեն իմանալ Հայաստանի վարչապետի և նախագահի դիրքորոշումը: Նրանք կարող են հրապարակայնորեն խոսել այս հարցի շուրջ, քանի որ այն քաղաքական բնույթ ունի, և չի վկայում Հայաստանի դատական համակարգի ժողովրդավարության և անկախության ենթադրյալ դրսևորման մասին, ինչպես փորձում են ներկայացնել մի շարք հակահայ գործիչներ։
Ինչ վերաբերում է իշխանությունների այն հայտարարությանը, թե նման որոշումը պայմաններ է ստեղծում Ալիևի ռեժիմի ռազմական հանցագործությունների վերաբերյալ ՄՔԴ հնարավոր բողոքարկման համար, ապա հարկ է հիշել, որ Ադրբեջանը, ինչպես, ի դեպ, և տարածաշրջանի բոլոր մյուս երկրները՝ Իրանը, Վրաստանը, Թուրքիան, չի հանդիսանում Հռոմի ՄՔԴ կանոնադրության անդամ, և իրեն բնորոշ ձևով ամբողջությամբ անտեսում է այնպիսի որոշումներ, ինչպիսին, օրինակ, Արդարադատության միջազգային դատարանի մեկ ամիս առաջ ընդունված որոշումն է, որով Բաքվին պարտավորեցրել էին բացել Լաչինի միջանցքը։
ՌՀՄ կոչ է անում Հայաստանի իշխանություններին ցուցաբերել համակողմանի հավասարակշռված մոտեցում և ինքնուրույնություն ու վերանայել Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացման հարցը»։