Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Վարդազարյան․ «Չեմ կարող ապացուցել, բայց ես ունեմ տեղեկություններ, որ այլ կարծիք ԲԴԽ-ում նույնիսկ չի քննարկվում»․ «168 ժամ»

Մարտ 30,2023 08:30

Խոսելով ԲԴԽ անդամ Մեսրոպ Մակյանի այն հայտարարության մասին, որ ԲԴԽ-ում կա բացարձակ կոնսենսուս, և որ բոլոր որոշումները կայացվում են միաձայն, Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանն ասաց՝ դա շատ վատ է:

«Վատ է, որ ԲԴԽ-ում այլ կարծիք չի ընդունվում, և բոլոր որոշումները կայացվում են միաձայն: Դա հպարտանալու բան չէ, այլ ողբերգության նման մի բան, որ բոլորը ենթարկվում են Կարեն Անդրեասյանի կարծիքին: Չեմ կարող ապացուցել, բայց ես ունեմ տեղեկություններ, որ այլ կարծիք ԲԴԽ-ում նույնիսկ չի քննարկվում: Իմ ժամանակ խորհրդակցական սենյակում պատերազմ էր, վիճում էին, նեղանում, բանավիճում, հատուկ կարծիք էր գրվում կամ չէր գրվում»,- ասաց Ռուբեն Վարդազարյանը:

Անդրադառնալով դատավորների անկախությանը՝ ԲԴԽ նախկին նախագահը նկատեց՝ երբ դատավորին ազատ ես թողնում, նա սկսում է գործել իր իրավագիտակցության սահմաններում և օրենքով:

«Հիմա մենք ունենք իրավիճակ, երբ դատավորը չի փորձում ամեն ինչ անել օրենքով: Իրենք շատ լավ օրենքը գիտեն: Բայց նրանք հիմա դատական ակտեր են կայացնում՝ հետևյալ սկզբունքից ելնելով՝ այնպիսի դատական ակտ կայացնեմ, որ իմ հետևից ԲԴԽ-ն ու քաղաքական իշխանությունը չընկնեն: Եթե առաջ դատավորին ասել էր պետք, հիմա դատավորը լռելյայն գիտի՝ ինչ պետք է անի: Սա համակարգի հերն անիծել է նշանակում»,- ասաց Ռուբեն Վարդազարյանը:

Անդրադառնալով դատավորների ծանրաբեռնվածության համակարգային խնդրին՝ ԲԴԽ նախկին նախագահը մի արձանագրում արեց առ այն, որ դատավորը, ով տարեկան, ընդհանուր առմամբ, մոտ 6000 գործ է քննում, ֆիզիկապես ի վիճակի չէ օրական 100 գործ քննել ու ակտ գրել:

«Հետևաբար դատավորները չեն կարդում իրենց կողմից կայացված դատական ակտերը: Այդ ժամանակն ընդամենը հերիքում է ստորագրել-կնքելու համար: Այսինքն՝ դատավորները չեն Հայաստանում իրականացնում արդարադատություն: Ով ասես, կայացնում է դատական ակտ, բացի դատավորներից: Լիազորություն, իրավասություն չունեցող անձանց կողմից են կայացվում ակտերը»,- ասաց Ռուբեն Վարդազարյանը:

Գոհար ՍԱՎԶՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031