Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայրենիքի փրկությունը միշտ էլ՝ հատկապես այսօր, միասնականություն է պահանջում

Մարտ 30,2023 14:00

Պատմության ընթացքում հաճախ են եղել պահեր, երբ հայ ժողովուրդը հայտնվել է կրիտիկական վիճակներում, երբ կարծես փրկության ճանապարհ չի նշմարվել եւ թվացել է, որ սա արդեն վերջն է, սակայն միշտ մի հրաշքով գտնվել է այնպիսի լուծում, որը փրկել է մեզ եւ հույսի դուռ բացել դեպի փրկություն: Բայց այդ ամենը ինքնաբերաբար չի եղել, դա եղել է մտքի վերջին ճիգով ու հավատքով՝ մեր ընտրած ճանապարհով, որ անհնարին վիճակներում անգամ կա անտեսանելի, չերեւացող ճանապարհ, որով կարելի է հասնել փրկության, եթե հույսն ու հավատն է առաջնորդում եւ ոչինչ չի խնայվում տվյալ վիճակը հաղթահարելու ու փրկության նշմարվող այդ ճանապարհով առաջ ընթանալու համար: Ասվածի մասով՝ եթե խոսենք անելանելի իրավիճակներում հայ ժողովրդի փրկության մասին, ապա պատմության ընթացքում բազմաթիվ են օրինակները, որ տարբեր իրավիճակներում՝ փրկության տարբեր ճանապարհներ են ընտրվել, սակայն կարծես բոլորի մեջ մի ընդհանրություն կա. հայերը գործել են միասնական, հերոսաբար, անվախ եւ նվիրումով, պարգեւելով այնքան բաղձալի հաղթանակներ:

Այնքան էլ համոզված չեմ, որ նշված հատկանիշներից մեկնումեկի, կամ մի քանիսի բացակայությունը մեզ կբերեր նման արդյունքի: Այլ խոսքով, մեր անցած ճանապարհի դժվարագույն պահերին կիրառած փորձը մեզ հստակորեն հուշում է, որ անելանելի իրավիճակներում մենք փրկվել՝ առաջին հերթին պատվով ենք դուրս եկել հենց այս հատկանիշների շնորհիվ: Եվ այս ամենի մեջ բացառիկությունն այն է, որ նման մոտեցմամբ շատ հաճախ՝ էապես ավելի փոքր ուժերով, հաղթանակ ենք տարել անհամեմատ ավելի մեծ ուժեր ունեցող թշնամու դեմ: Իսկ եթե մենք չհավատայինք այդ հրաշքներին եւ հենց ամենասկզբից՝ պարզ պատճառով, հրաժարվեինք պայքարելուց, իբր միեւնույն է, մեր պարտվելու հավանականությունը շատ մեծ է, քանզի մեր ուժերը՝ մարդուժ, զինամթերք եւ այլ միջոցներ, անհամեմատ զիջում էին նրանց, ապա այդ հաղթանակները չէին լինի ու մեր պատմության ընթացքն այլ ճանապարհով կգնար եւ հավանաբար չէինք հայտնվի պատմական այն կետերում, որտեղից կարողանայինք ճեղքել ու ստեղծել այն ամուր հիմքերը, որը մեզ ոգեւորեր եւ հաջորդիվ ուղղորդեր մնացած՝ շարունակվող ճիշտ հետագծով ու ամեն անգամ չէինք հասնի այն բաղձալի կետին, որից կերեւար նաեւ հաջորդ քայլերի ճիշտ հետագիծը…

Նշեմ, որ գոնե 2020թ. արցախյան 44-օրյա պատերազմից հետո՝ մինչ այսօր, ստեղծված իրավիճակի մասին՝ որպես հայ ժողովրդի համար ամենաառաջնային հարցի, բոլոր ԶԼՄ-ներով եւ տարաբնույթ քննարկումների ժամանակ բազմաթիվ անգամներ օրակարգում են եղել հենց այս հարցերն ու ի նպաստ մեզ՝ դրանց լուծման ճիշտ ուղիների քարտեզագրումը, որոնք ցավալիորեն եւ զարմանալիորեն, առ այսօր՝ մեզ համար օգտակար լուծման՝ արդյունքի չեն բերել: Ավելին, հանգամանքներն ու մեր քայլերը բերել են նրան, որ եւ Արցախը, եւ Հայաստանը համարյա հայտնվել են անդունդի եզրին ու մեկ սխալ քայլ եւս, նրանք ուղղակի կհայտնվեն անդունդում: Այժմ այս մասին ավելի մանրամասն:

Ինչպես վերը նշվեց, 44-օրյա պատերազմի արդյունքները՝ հետեւանքները, ինչպես նաեւ Արցախի եւ Հայաստանի շուրջ ստեղծված իրադարձությունները համարյա բոլորին են հայտնի ու դրանց մասին եւս մեկ անգամ կրկնությունն անիմաստ է, ուղղակի փորձենք պարզել, թե որոնք են ստեղծված ողբերգական իրավիճակից դուրս գալու ելքերը, եթե այդպիսիք՝ իհարկե, կան: Փաստացի, արդեն բավականին ժամանակ չարչրկվող «խաղաղության դարաշրջանի հաստատման» վերաբերյալ խոսակցությունները, դրա վերաբերյալ Ադրբեջանի կողմից ներկայացված առաջարկություններին մեր պատասխան առաջարկությունները, որով մեր իշխանությունները հստակորեն համաձայնել են, որ պատրաստ են ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն՝ Արցախն էլ նրա կազմում, ինչպես նաեւ Լաչինի միջանցքի 100 եւ ավելի օր փակ պահելու հանգամանքը, պարզորոշ վկայում են, որ Արցախի հարցը կարելի է համարել լուծված, իսկ Ադրբեջանի խստիվ պահանջները՝ առաջարկությունները, մեր իշխանությունների կողմից չընդունելու դեպքում, Ադրբեջանը կսկսի նոր լայնածավալ հարձակում, որի ելքը մեզ համար, կարծում եմ՝ շատ վատ կլինի: Հետեւապես, պետք է ամեն ինչ անել, դրանից գոնե ժամանակավորապես խուսափելու համար, որպեսզի գոնե ուշացումով տեսնենք, թե ինչ կարելի է անել …

Այս ամենի մասին այնքան է խոսվել, որ մութ կետեր չեն մնացել: Հայտնի է նաեւ, որ պաշտոնական Երեւանը ներկայացրել է վերը նշված այն առաջարկությունները, որը եւ Արցախի, եւ Հայաստանի համար բացարձակ անընդունելի են: Հետեւապես, պետք է ամեն ինչ անել նման լուծումը կատեգորիկ բացառելու համար: Իսկ դրա համար ես մեկ ելք եմ տեսնում. աշխարհի ողջ հայությունը պետք է համախմբվի՝ միակամվի եւ համատեղ ուժերով չեղարկի իշխանությունների կողմից արված առաջարկությունները եւ նոր փաթեթ ուղարկի …

Պետք չէ նոր հեծանիվ հնարել, սա է մեր միակ մոտեցումը, որը պետք է արվի ազգովին՝ միակամ համախմբմամբ, քանզի մնացած ամեն քայլ մեզ կտանի խայտառակ պարտության……

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Հայաստանի Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ

«Առավոտ» օրաթերթ
29.03.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031