Լրահոս
Օրվա լրահոսը

«Կիթառը կատարյալ է գրկախառնվելու համար»

Մարտ 30,2023 13:30

Մինչ հայաստանյան առաջին բեմելը իսպանուհին ծանոթ է եղել նույնիսկ հայկական խոհանոցին

Օրերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հրավիրել էր բացառապես իսպանական երաժշտության երեկոյի։ Դիրիժորական վահանակի մոտ էր հայաստանցի հանդիսատեսին ծանոթ իսպանացի Խուան Անտոնիո Ռամիրեսը։ Էլ ինչ իսպանական երաժշտություն, եթե որպես մենակատար գործիք չհնչեր կիթառը։ Հանդիսատեսը յուրաքանչյուր ստեղծագործության կատարումից հետո պարզապես բաց չէր թողնում կիթառահարներ՝ «կիթառի արքա» հռչակված Արտյոմ Դերվոյեդին եւ առաջին անգամ հայաստանցի հանդիսատեսին ներկայացած Իսաբել Մարտինեսին, որն Իսպանիայի իր սերնդի առաջատար երաժիշտներից է եւ հասցրել է ելույթներ ունենալ բազմաթիվ հեղինակավոր համերգասրահներում։ Ի դեպ, իսպանուհին ունի միլիոնավոր հետեւորդներ սոցիալական մեդիայում։ Գովեստի խոսքերում ժլատ մասնագիտական Melomano Magazine պարբերականը իր հիացմունքն այսպես է արտահայտել. «Մարտինեսի գործիքի հնչողությունն աչքի է ընկնում ջերմությամբ եւ նրբերանգների հարստությամբ…»։

Ելույթից անմիջապես հետո Իսաբել Մարտինեսը մեկ-երկու րոպե տրամադրեց մեզ։ Առանձնացնելով նրա կատարումներից  Ֆրան Յանեսի կոնցերտի մեկնաբանությունը, որը հայաստանյան պրեմիերա էր եւ աչքի էր ընկնում ոչ միայն կատարողից պահանջվող վիրտուոզ տեխնիկայով, այլեւ կոմպոզիտորի կողմից գործիքի հնարավորությունների լիակատար իմացությամբ ու նույնիսկ տիրապետմամբ, հետաքրքրվեցինք՝ կոմպոզիտորը մեր ժամանակակի՞ցն է։  Օրիորդ Իսաբելն ասաց, որ Յանեսը իսպանացի ժամանակակից կոմպոզիտոր է, որի ստեղծագործությունները տարածված են ու հնչում են աշխարհով մեկ, իսկ կիթառի կոնցերտը կոմպոզիտորը ընծայագրել է իրեն։ Հետաքրքրությանը՝ գուցե հայ հեղինակներից, օրինակ՝ Արամ Խաչատրյանի որեւէ ստեղծագործության փոխադրում կա՞ իր նվագացանկում, մեր զրուցակիցը նշեց, որ թեեւ հիացած է Խաչատրյանի արվեստով, բայց դեռեւս չի մոտեցել հայ կոմպոզիտորի որեւէ գործի։ Ժպիտով էլ հավաստիացրեց, թե առաջիկայում այդ բացը կլրացնի. «Փոխարենը ծանոթ եմ հայազգի որոշ կիթառահարների, կուզեի առանձնացնել  ԱՄՆ-ում ապրող ու ստեղծագործող Գոհար Վարդանյանին, որի նվագը նույնիսկ դժվարանում եմ որակել. այն գերազանց է, հավատացնում եմ՝ նույնիսկ կատարյալ»։ Երաժիշտը, որն իր բեմական ստեղծագործական կյանքին զուգահեռ դասավանդում է San Javier կոնսերվատորիայում, մտաբերեց ջութակահար, պրոֆեսոր Ռաֆայել Կեչավյանին. «Երջանկահիշատակ հայազգի պրոֆեսորի հետ մտերիմ էինք։ Նրա հետ յուրաքանչյուր զրույցում դոմինանտում էր հայկական մշակույթի, մասնավորապես՝ երաժիշտներին ներկայացնող խոսքը։ Ընդհանրապես, իմ առաջին ծանոթությունը հայերի ու հայկականի մասին պրոֆեսորի հետ շփման արդյունք է։ Ի դեպ, նա ծանոթացնում էր նաեւ հայկական խոհանոցին՝ հյուրասիրելով իր պատրաստած որեւէ ուտեստ։ Կարճ ասած՝ ընդամենը մեկ-երկու օր լինելով Հայաստանում, տպավորված եմ ամեն ինչով՝ ձեր բարձրարվեստ նվագախմբով ու երաժիշտների բարեհամբույր վերաբերմունքից մինչեւ մարդկանց, իմ դեպքում՝ բարձր արվեստը ճանաչող ու գնահատող հանդիսատեսի ընդունելությամբ»։

Զրույցի ընթացքում Իսաբել Մարտինեսը անհամաձայնություն հայտնեց տարածված այն դիտարկմանը, թե կիթառը կարծես կնոջ մարմին լինի, ասելով. «Այդ միտքը ես էլ եմ բազմիցս լսել, բայց դա կարծես կանանց հանդեպ անհարգալից լինի։ Այո, ընդամենը կիթառի ուրվագիծը կարելի է նմանեցնել։ Ես այսպես կասեի՝ կիթառը կատարյալ է գրկախառնվելու համար (ժպտում է- Ս. Դ.) եւ, անկախ երաժշտի սեռից, մենք այն գրկած, սրտին հպած ենք նվագում, ու կարեւորն այն է, որ յուրաքանչյուր նոտա կարծես հենց սրտից էլ գալիս է»։

Լուսանկարները՝ երևանյան համերգից

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.03.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031