Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի 1407թ. երկրաշարժը

Մարտ 30,2023 12:30

 Զի շարժի տունս իբրեւ զտերեւ

Թովմա Մեծոփեցի

Ըստ ժամանակագիրների վկայության, 1407թ. նոյեմբերի 29-ին ուժգին ու կործանարար երկրաշարժ է տեղի ունեցել Սյունիքում, մասնավորապես՝ Տաթեւում, որի պատճառած վնասներն այնքան մեծ ու սոսկալի են եղել, որ գրիչ-ականատեսները, բանաստեղծ-տաղերգուները, հիշատակարաններում, գրական երկերում դառը կսկիծով ու տրտմությամբ են նկարագրել մանրամասներն ու պատճառած վիշտը:

Երկրաշարժին անդրադարձել են նշանավոր Թովմա Մեծոփեցին, նրա ուսուցիչը՝ Մատթեւոս վարդապետը, Հովհաննես եւ Սարգիս գրիչները, բանաստեղծ Առաքել Սյունեցին, Հակոբ Ասպիսընկցին եւ ուրիշներ:

Տաթեւի հռչակավոր վանքը Գորիս քաղաքից մոտ 30 կմ հարավ-արեւմուտք է, համանուն գյուղի մոտ, անդնդախոր ձորի եզրին: Իբրեւ կրոնական օջախ, այն հայտնի է եղել հին ժամանակներից, սակայն դրա ծաղկումն սկսվել է 9-րդ դարի կեսերից, որին նպասել է 839թ. նահանգի հոգեւոր կենտրոն դառնալը: Միջնադարում մասամբ Ծղուկ, երբեմն էլ՝ Բաղեն գավառների կազմում էր: 9-րդ դարի վերջերին քանդվում են Տաթեւի կրոնական ու օժանդակ այլ շինությունները եւ կառուցվում են նորերը, որոնք առնվում են բրգավոր ամուր պարիսպների մեջ: Պողոս-Պետրոս առաքյալների անունը կրող գլխավոր տաճարը հիմնադրվել է 895թ., կառուցումն ավարտվել 906թ.: Կից սրահ-գավիթը կառուցվել է 1043 թ.: 1295թ. Ս. Օրբելյանի նախաձեռնությամբ գլխավոր տաճարին կից կառուցվել է նաեւ մինչ այդ հիմնահատակ քանդված Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: Այստեղ են հռչակավոր շարժուն՝ գավազան-սյունը, եւ այլ հուշարձաններ: Ունեցել է խոշոր կալվածքներ, սեփական գյուղեր, որոնք հարկ են վճարել: Վանքը միաժամանակ միջնադարյան Հայաստանի գիտամշակութային խոշոր կենտրոններից էր, կար գրադարան եւ դպրոց:

Տաթեւի վանքը 19-րդ դարի վերջին

Երկրաշարժից մահանում են Սյունյաց իշխան Բուրթելը՝ իր երկու մանկահասակ որդիների հետ միասին, նրա եղբայր Սմբատի որդին՝ Ինանիկը (Իվանիկ) եւ շատ ուրիշներ:

1407թ. հեռագրաց հիշատակարանում Թովմա Մեծոփեցին դառը տրտմությամբ գրել է. «Արդ, պատմեմ յայսմ վայրի զաղէտ տարակուսանաց եւ կսկծի: Զի վասն բազմութեան մեղաց մերոց եղեւ շարժ ի վերայ երկրի, զի հաստատութիւնք երկրի դըղրդեցան, եւ կարծր բնութիւնք վիմաց պատառեցան, եւ բազում դիակունք մեռեալ գտան, եւ ամ մի ի լման երկիրս շարժեալ: Եւ մինչ ի յայս տագնապի կայաք՝ եկն մահ տարաժամ ի վերայ երկրիս, եւ այսօր եղբայր Սմբատին պարոն Բուրթէլ՝ հանդերձ որդւոքն իւրովք՝ հանգաւ ի Քրիստոս, եւ որդի Սմբատին, եւ այլքս՝ անթուելիք են: Եւ ով կարէ պատմել զձայն կանանցեաց՝ կականալիր եւ աղիողորմ, զի ամենեքեան որդեկորոյս  եղեն՝ որբ եւ այրի, զի նախախնամութիւնն աստուծոյ ծաղկաքաղ առնէ զընտիրս ի մանկանց հաճելոց»: Նույն հիշատակարանում Մեծոփեցին դարձյալ ակնարկելով իշխան Բուրթելին գրել է. «Աւաղ աղետիս եւ դառն կսկծիս, զի ի սոյն օր հանգաւ ի Քրիստոս Օզբէկն ի ճանապարհին, եւ թաղեցաւ ի սուրբ ուխտս Վաղանդնու, եւ յեռանդեան օր երկոքին որդիք պարոն Բուրթելին, եւ տեսաք սուգ, զոր ոչ է իմ տեսեալ, եւ աղէկիզիմ յամենայն օր վասն մեծ պատուհասիս, որ ի ներս կամք»:

Տաթեւի վանքը հարավ արևելյան կողմից

Մեծոփեցին մեկ ուրիշ հիշատակարանում գրել է. «Զի եղեւ կրկին պատուհաս. առաջին՝ շարժ ահագին, զի շարժեսցէ զչարս ի բարի, որ եւ խնայեաց ի մեզ, թէպէտ ոչ ըստ արժանեաց, սակայն յաղթեալ ի սիրոյն. երկրորդ՝ մահ տարաժամ, որ յոյժ տրտմեցաք, զի իշխան մեր Բիւրթէլ կոչեցեալ՝ ի Քրիստոս փոխեալ, մանկամբքն ծաղկեալ»:

Բուրթելի նահատակությունը նշում է նաեւ գրիչ՝ Հովհաննեսը. «Եւ իշխանութեան տեղւոյս մեծատոհմի Սմբատի, հարազատով Բուրդելիւ՝ ի տէր փոխեցելոյ»:

Առաքել Սյունեցին իր «Ադամագրքում» նախքան երկրաշարժը, փառաբանում է իշխան Բուրթելին.

«Զիշխանըն մեծ Սմբատ եւ զպարոն Բիւրթէր,

Ազգօք եւ զաւակօք ծաղկեցուսցէ տէր»:

Իսկ երկրաշարժից հետո Սյունեցին ողբում է նրանց մահը.

«Ննջեաց իւր զաւակօք պարոնըն Բիւրթէր,

զՊարոն Սմբատ որդովք պահպանեսցէ տէր»:

Որոտնավանք

Իշխան Բուրթելի եւ իր զավակների հիշատակին, Որոտնավանքի Սբ Կարապետ եկեղեցու սրահում կանգնեցվել է քանդակազարդ խաչքար, հետեւյալ արձանագրությամբ. «Կանգնեցաւ սուրբ խաչս ի բարեխաւսութիւն պարոն Բուրթէլին եւ որդոց. թվին ՊԾԶ (1407)»:

Երկրաշարժը վնասներ է պատճառել Սյունիքի բնակավայրերին, բազմաթիվ հուշարձաններին, խարխալվել եւ ավերվել են Որոտնավանքը, Տաթեւի վանքը, զանգակատունը, գավազան-սյունը. «Ո՜ զարմանալի շարժմանս, զի շարժի սուրբ Առաքեալս Տաթեւու եւ զանկակատունս եւ գաւազանս, որ է նոյեմբերի ԻԹ (29)», – գրել է Թովմա Մեծոփեցին:

Առաքել Սյունեցին «Ադամագրքի» «Վասն տանջանաց դժոխոց» գլխում նկարագրելով երկրաշարժը գրել է.

«Յանկարծակի երկիր շարժի,

Սանդարամետքըն պատառի,

Խորքն անդընդոց բացեալ լինի,

Յոյժ զանազան չարեօք ի լի:

Բացի վիրապն այն ահագին

Եւ գումբն անհուն սարսափելին.

Ցաւք զանազան չարեօք ի լին,

Մորմոքալի, կըսկըծագին»:

Առաքել Սյունեցին մեկ ուրիշ բանաստեղծությունում դարձյալ անդրադարձել է երկրաշարժին.

«Ահ եւ փախուստ եւ խռովութիւն,

Սասանութիւն եւ շարժ երկրին,

Թալան եւ քանդ, աւերութիւն,

Հեղեղք յոլովք եւ սպանութիւն»:

Կործանումն ու ավերածություններն այնքան սոսկալի են լինում, որ Մովսես գրիչը դեռեւս 1411թ. աղաչում էր «Կանկնեսցէ զանկեալ եւ զկործանեալքս»:

Երկրաշարժի վշտով ներփակված Թովմա Մեծոփեցին գրել է իր ողբը.

«Եւ վասն այն զքօղս մերկանան,

Պատռեն զծածկոյթս զարդի,

Փետտեն զհերսն եւ խզեն զվարսն անխնայելի,

Նստին ի սուգ ի տան մթի,

Որպէս օրէն ի սգաւորի,

Եւ փոխանակ յորդան սգեստի՝

Սեաւ զգենուն՝ գոյն տխրալի,

Քարամբք ծեծեն զկուրծս սրտի,

Բախեն զերեսս ի յապտակի,

Հեղուն արտոսը անչափելի,

Յորդ եւ առատ նման գետի.

Եւ ոչ կարեմ պատմել աստի,

Զաղետ, զկսկիծ, զվայ եւ զըճչիւն այս գաւառի,

Զոր ես աչօք տեսնում

Ու ի միջի կամ յամէն ժամի,

Եղբարք իմովք՝ Մարգարէ վարդապետի,

Եւ այլոցեօքն, որ են ի վանքն Ստաթէի»:

Երկրաշարժից հետո, 1410թ. Թովմա Մեծոփեցին տեղափոխվում է Քաջբերունյաց երկիր՝ Մեծոփա վանք: Հարկ է նշել, որ Տաթեւի վանքից հեռանում են նաեւ մի շարք կրոնական գործիչներ:

1407թ. երկրաշարժին հաջորդել է «մահ տարաժամ» եւ նահատակված մարդկային զոհերն այնքան շատ ու անհաշիվ են եղել, որ գրիչ Հովհաննեսը կսկիծով գրել է. «Մահ տարաժամ շարժեցավ ի վերայ աշխարհի, զտղայոց վերջք արար, որ բերանով չէ պատմելի»: Ինչպես գրիչն է ակնարկում, նահատակվում են նաեւ նրա հարազատներն ու մերձավորները:

Ենթադրվում է, որ երկրաշարժը նաեւ իր ազդեցությունն է ունեցել Սյունիքից դեպի Լոռի, Ջավախք բնակիչների հոծ զանգվածների գաղթին: 1412թ. այդ մասին Ախալցխայից ակնարկում է Մելքիսեդեկ գրիչը, որը ծնունդով Տաթեւից էր: Ըստ վավերագրերից մեկի, Սյունիքից գաղթած ընտանիքների թիվը հասել է 6000-ի:

Հարկ է նշել, որ Տաթեւի վանքում երկրաշարժեր եղել են նաեւ 895, 1308, 1319, 1622, 1658, 1881, 1931 եւ այլ թվականներին: Հատկապես սոսկալին վերջին երկրաշարժն էր, որն ընդգրկել է մի քանի հազար քառ. կմ տարածք, ավերվել են բազում բնակավարեր ու պատմական հուշարձաններ:

Արմեն ԱՍԱՏՐՅԱՆ

Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի գիտաշխատող

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել