Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկական էկզեմա․ ինչ անել և ինչ չանել երեխայի մաշկը խնամելիս

Մարտ 30,2023 09:30

Էկզեման մաշկի քրոնիկական հիվանդություն է, որի առավել տարածված տեսակներից է ատոպիկ դերմատիտը կամ ատոպիկ էկզեման։ Էկզեմայի «ատոպիկ» տեսակն առնչվում է մարդու ալերգիկ վիճակներին, ինչպիսիք են ասթման կամ հարդատենդը։ Մաշկային այս խնդիրը բավականին հաճախ է հանդիպում երեխաների շրջանում, սակայն այն ժամանակի ընթացքում, սովորաբար, անցնում է, թեև որոշ մարդկանց մոտ կարող է պահպանվել ողջ կյանքի ընթացքում՝ ժամանակ առ ժամանակ սրացումներ դրսևորելով։

Էկզեման վարակիչ չէ, և տարբեր մարդկանց մոտ տարբեր կերպ է արտահայտվում։ Այն հիմնականում սկսվում է քորով՝ մինչև ցանի առաջացումը։ Մաշկը կարող է լինել կարմրած, չոր, ճաքճքված, կեղևակալած և այլն։

Նորածինների մոտ էկզեման հաճախ է առաջանում այտերի կամ գլխի վրա, երեխաների ու դեռահասների մոտ՝ արմունկների վրա, ծնկների տակ, պարանոցին կամ ձեռքերի ափերի մեջ, թեև կարող է առաջանալ նաև մարմնի այլ մասերում։ Էկզեմա ունեցող երեխաների մաշկի խնամքն ավելի մեծ ուշադրություն է պահանջում, և կան մի շարք կանոններ, որոնց պահպանումը կարող է նշանակալիորեն թեթևացնել այդ խնդիրը։

Ինչ անել ու ինչ չանել էկզեմա ունեցող երեխայի մաշկը խնամելիս

  • Առաջին հերթին՝ մի զբաղվեք ինքնաբուժմամբ՝ հիշելով, որ երեխայի մոտ էկզեմայի ախտորոշումը կարող է իրականացնել միայն նրա մանկաբույժը կամ մանկական մաշկաբանը։
  • Խոնավացրեք երեխայի մաշկը։

Չոր մաշկը կարող է բորբոքման հանգեցնել, ուստի անհրաժեշտ է պարբերաբար խոնավացնել երեխայի մաշկը հատուկ լոսյոնի, կրեմի կամ քսուքի օգնությամբ։ Դա հատկապես կարևոր է լոգանքից հետո և ցուրտ ամիսներին, երբ ջեռուցող սարքերի պատճառով օդն ավելի է չորանում։

  • Մի օգտագործեք ցանկացած քսուք։

Որևէ կրեմ կամ լոսյոն երեխայի մաշկին քսելուց առաջ պետք է խորհրդակցել մասնագետի հետ։ Կրեմի բաղադրությունը պետք է լինի հնարավորինս յուղային լինի, ինչը թույլ կտա ավելի լավ պահպանել երեխայի մաշկի խոնավությունը։

  • Հրաժարվեք հոտավորիչներից և գունավորիչներից։

Խորհուրդ է տրվում խուսափել անուշաբույր կրեմներից, օճառից ու լվացքի միջոցներից։ Մաքրող ու խնամող անգույն ու անհոտ միջոցներն ավելի մեղմ ազդեցություն կգործեն երեխայի մաշկի վրա։

  • Մի թողնեք, որ երեխան քորի կամ քերծի մաշկը։

Էկզեման հաճախ է քոր առաջացնում, և հատկապես փոքրիկներին դժվար է դիմակայել այդ փորձությանն ու չքորել մաշկը։ Իսկ դա կարող է վարակ առաջացնել։ Սովորեցրեք երեխային չքորել մաշկը և ամեն դեպքում միշտ խնամեք նրա եղունգները՝ կարճ կտրելով ու խարտելով դրանք։

  • Ընտրեք ճիշտ հագուստ։

Երեխայի համար ընտրեք փափուկ ու շնչող գործվածքով բամբակյա հագուստ, որը կարող է անգամ մի փոքր մեծ լինել։ Խուսափեք բրդյա՝ «ծակող» գործվածքներից կամ սինթետիկ կտորներից։

  • Զերծ պահեք երեխային գերտաքանալուց։

Շոգած, քրտնած մաշկը էկզեմայի բռնկման հարմար միջավայր է։ Խուսափեք երեխային գերտաքացնելուց, քնեցրեք նրան հով սենյակում։

  • Խուսափեք ալերգեններից։

Էկզեմա ունեցող երեխաների 35 տոկոսից ավելին սննդային ալերգիա ունեն։ Դրանից բացի ալերգիա կարող են առաջացնել նաև այլ գրգռիչները՝ փոշին, ծաղկափոշին, կենդանիների թեփը և այլն։ Ալերգեններից երեխային հեռու պահելը կօգնի խուսափել էկզեմայի սրացումներից։

  • Մի անտեսեք ինֆեկցիան։

Էկզեմայով մաշկը ավելի շատ է ենթարկվում բակտերիաներով կամ վիրուսներով վարակվելու վտանգին։ Ուշադիր եղեք ինֆեկցիայի առաջին ախտանշաններին՝ այն արագ բուժելու համար։ Մաշկի ախտահարման մասին կարող են հուշել երեխայի լացը, թարախով լցված բշտիկները, կեղևապատված բծերը, որոնք իրենց տեսքով տարբերվում են մաշկի վրա էկզեմայի սովորական դրսևորումներից։

  • Պահպանեք լոգանքի կանոնները։

Էկզեմա ունեցող երեխային չի կարելի լողացնել շատ տաք ջրով։ Ջուրը պետք է գոլից մի քիչ տաք լինի, իսկ լոգանքի տևողությունը՝ մինչև 10 րոպե։ Խուսափեք ողջ մարմինն օճառապատելուց, այլ օճառն օգտագործեք երեխայի մարմնի՝ ավելի հաճախ աղտոտվող հատվածները մաքրելու համար՝ նախապատվությունը տալով ոչ հակաբակտերիալ, անհոտ միջոցներին։ Երեխային լողացնելիս կարող եք օգտագործել լոգանքի համար նախատեսված յուղեր, կամ վարսակի փաթիլներ, որոնց ավելացումը երեխայի լոգարանակոնքի մեջ լոգանքի ժամանակ օգնում է թեթևացնել քորը։

  • Խուսափեք ձեռքերի համար նախատեսված ախտահանիչ միջոցներ օգտագործելուց։

Ախտահանիչ միջոցները բացասաբար են ազդում մաշկի վրա, ուստի էկզեմա ունեցող երեխաների մաշկը միշտ լվացրեք ջրով, թեթևակի չորացրեք՝ չտրորելով մաշկն ու խոնավացնող կրեմ քսեք։

  • Օգտագործեք ստերոիդներ պարունակող միջոցներ։

Երբեմն էկզեման ավելի լուրջ խնամք կարող է պահանջել, քան լոկ լոգանքն ու խոնավացումը։ Այդ դեպքում կարող են օգնել տեղային կորտիկոստերոիդներ պարունակող քսուքները, որոնք նշանակվում են բժշկի կողմից։

  • Սովորեցրեք երեխային խնամել ինքն իրեն։

Երեխային շատ փոքր հասակից սովորեցրեք մաշկի խնամքի կարևոր հմտությունները՝ սկսած մաշկը չքորելուց ու չքերծելուց մինչև խոնավացնող կրեմների օգտագործումը։ Դա կօգնի հնարավորինս խուսափել հիվանդության հետագա սրացումներից։

  • Թեթևացրեք սթրեսը։

Սթրեսն ու անհանգստությունն անմիջապես ազդում են էկզեմա ունեցող երեխաների մաշկի վրա։ Շատ կարևոր է նրան սթրես առաջացնող գործոններից հնարավորինս հեռու պահելը, ինչպես նաև երեխայի հանգիստ քունը, առողջ սնունդն ու ֆիզիկական ակտիվությունն ապահովելը։

  • Հեռու պահեք երեխաներին ծխախոտի ծխից։

Թե՛ մեծերի և թե՛ փոքրերի վրա ծխախոտի ծուխն ազդում է բացասաբար․ այն նաև էկզեմայի տրիգերներից է։

  • Հիշեցրեք նրան ջուր խմելու մասին։ 

Կրեմները կարող են ունենալ իրենց դրական ազդեցությունը, սակայն անհրաժեշտ է օրգանիզմը խոնավացնել նաև ներսից։ Ուշադիր եղեք, որ երեխան բավականաչափ հեղուկ օգտագործի։

Ծանուցում․ նյութն ընդհանուր տեղեկատվական բնույթի է և չի հետապնդում բուժում նշանակելու նպատակ։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր՝ 1, 2

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031