Լրահոս
Օրվա լրահոսը

Պարտվածը չպետք է ամեն ինչ զիջի

Մարտ 30,2023 12:00

Այն երկրները, որոնք աջակցում են Բաքվի ծավալապաշտական, ագրեսիվ դիրքորոշմանը, նրանք հիմա կիսում են պատասխանատվություն` Ալիեւի կողմից ՀՀ-ի դեմ պատերազմ սանձազերծելու կանաչ լույս վառելու հարցում

Ալիեւի խոստովանությունը, որ ինքն է «միջանցքի» եզրույթը «մտցրել բառապաշար», կարեւոր է Հայաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ պատրաստ են Ադրբեջանին տրամադրել երթուղի՝ ՀՀ օրենսդրությամբ։

Այս տարվա հունվարին Ադրբեջանի նախագահը մի ուշագրավ խոստովանություն արեց: Անդրադառնալով հայկական կողմից հնչող պնդումներին, թե նոյեմբերի 9-ի փաստաթղթում միջանցքի մասին որեւէ բառ չկա, Ալիեւը հստակ նշեց՝ «այո, ես այդ եզրույթը հետո եմ մտցրել աշխարհաքաղաքական բառապաշար»։ «Սակայն, այնտեղ հստակ գրված է, որ պետք է տրանսպորտային կապ հաստատվի Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ, եւ Հայաստանը պետք է դա ապահովի։ Հայաստանը փորձում է խուսափել դրանից, փաստացի, երկու տարուց ավելի է՝ չի իրականացնում ստանձնած պարտավորությունը, բայց դա մեզ չի կանգնեցնի։ Դա ռազմավարական ծրագիր է մեզ համար, եւ ոչ միայն մեզ համար», -նշել էր Ալիեւը, հավելելով, թե դա պատմական անհրաժեշտություն է այլեւս։ «Հայաստանում դա որպես սպառնալիք են ընդունում, թեեւ նման գաղափար չի եղել, ուղղակի դա անխուսափելի է», – նկատել էր նա։

Ալիեւն, անկախ այն բանից, կշարունակի՞ պնդել, թե` «Զանգեզուրի միջանցքը» նախատեսված է 2020-ի պատերազմից հետո ստորագրված պայմանագրով, կմեղադրի՞ Հայաստանին, թե` փորձում ենք խուսափել «պարտավորություններից», պարզ է, որ նա իր երկրին ու ի լուր աշխարհի «խոստացել» է, որ «միջանցքը կբացվի» ու այդ գիծը շարունակելու է։

Բայց Ալիեւի` հունվարին արած խոստովանությունն էլ է ուժի մեջ: Իսկ սա նշանակում է, որ Հայաստանն իր գործընկերների աջակցությունը պետք է ստանա Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանության տեսակետից: Դա կարմիր գիծ է, եւ այդ կարմիր գիծը հատելու հարցում զիջումներ չպետք է լինեն: Հայաստանից այս հարցում «փոխզիջում» ակնկալել որեւէ միջնորդ պետություն ուղղակի իրավունք չունի, անկախ այն բանից, Բաքուն ու Անկարան այդ մասին ինչ հաճախականությամբ կկրկնեն եւ անկախ այն բանից, թե այլ երկրներ ինչպես են ծրագրում օգտվել «միջանցքից»:

Պաշտոնական Երեւանի դիրքորոշումները պետք է գործնականում կիրառվեն

Պաշտոնական Երեւանը շատ հաճախ տարբեր թեմաներով ներկայացնում է գնահատականներ, որոնք սակայն, թվում է, թե չեն կիրառվում: Ադրբեջանը շարունակում է հետեւել այս գծին` պատերազմում պարտված կողմը պետք է զիջի ամեն ինչ, պետք է համաձայնի իրենց ներկայացրած ցանկացած պահանջին:

Այս իրավիճակում պաշտոնական Երեւանի կողմից միայն հրապարակային հայտարարություններով սահմանափակվելը բավարար չէ: Երկու շաբաթ առաջ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հարցազրույց էր տվել «Ազատություն» ռադիոկայանին, որի ընթացքում մի շարք արձանագրումներ է արել: Նշենք դրանցից մի քանիսը: «Ադրբեջանի կազմում Արցախի ինտեգրացիայի հարց Հայաստանը չի քննարկել… Այդ քննարկումները իրավունքների եւ անվտանգության մասին են, եւ միջազգային պայմանավորվածությունները հենց սրանք էին, եւ հենց այս պայմանավորվածությունները պետք է ի կատար ածվեն»: Ճշտող հարցին` Երեւանի դիրքորոշումն է, որ չպետք է քննարկվի, նա պատասխանել էր. «Երեւանի դիրքորոշումն է, որ քննարկվի այն, ինչ պայմանավորվել ենք, այսինքն՝ իրավունքներ եւ անվտանգություն միջազգային մեխանիզմի շրջանակներում»:

Պաշտոնական Երեւանը արցախահայերի իրավունքների ապահովումը տեսնում է Ստեփանակերտ-Բաքու բանակցություններում: Այլ հարց է, թե Բաքուն «ինտեգրացիայի» նպատակով Ստեփանակերտին հանդիպումների հրավիրելով` ինչ արդյունքներ է ակնկալում այդ հանդիպումներից:

Պաշտոնական Երեւանը ԱԽ քարտուղարի մակարդակով նաեւ հայտարարել է, որ Հայաստանը խաղաղության պայմանագիր չի պատրաստվում ստորագրել, եթե Ղարաբաղի անվտանգության հարցը լուծված չլինի: «Կամ խաղաղության բանակցություններում, կամ խաղաղության բանակցություններից դուրս միանշանակ է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք պետք է բերվեն, եւ մեր նաեւ միջազգային գործընկերների հետ պայմանավորվածությունը հենց այդպիսին է, որ խաղաղության պայմանագիրը հնարավոր է վերջնականացնել, եթե Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ առաջընթաց ունենք, երաշխիքներ կան անվտանգության եւ իրավունքների ապահովման մասով, եւ Հայաստանը վստահ է, որ էթնիկ զտում Լեռնային Ղարաբաղում տեղի չի ունենա»,- ասել է Ա. Գրիգորյանը, միաժամանակ նկատելով, որ առայժմ, սակայն, խաղաղության պայմանագրի երաշխավորների շուրջ չկա համաձայնություն, իսկ անվտանգության մեխանիզմ Երեւանը նկատի ունի, օրինակ, Լեռնային Ղարաբաղի շուրջ ապառազմանակացված գոտու ստեղծումը կամ միջազգային ներկայությունն Արցախում: «Երեւանն ունի այդ մտահոգությունը եւ շարունակում է ունենալ, որ պայմանավորվածությունները չեն իրականացվում Ադրբեջանի կողմից: Ամենամեծ խնդիրն այստեղ է, եւ նաեւ սա հաշվի առնելով՝ մենք խաղաղության պայմանագրի … մեջ ցանկանում ենք, որպեսզի երաշխավորի ինստիտուտ ստեղծենք», – նկատել էր նա:

ԵՄ առաքելության ներկայությունը չպետք է որեւէ կասկած առաջացնի

Մոսկվան գրեթե ամենշաբաթյա ռեժիմով դժգոհություններ է հայտնում ՀՀ ինքնիշխան տարածքում Եվրամիության դիտորդական առաքելության ներկայության առիթով, այս հարցն արդեն Մոսկվան դիտարկում է Արեւմուտք-Ռուսաստան առճակատման դաշտում, ավելին` մեղադրում է Արեւմուտքին Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում սեպ խրելու մեջ:

Այս առիթով, ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը նույն հարցազրույցում հիշեցրել էր, որ քանի անգամ են աջակցության համար դիմել դաշնակիցներին, բայց օգնություն ստացել պայմանագրային պարտավորություններ չունեցող Եվրամիությունից. «Մենք դիմել ենք, որպեսզի օգնեն Հայաստանի Հանրապետության հենց սուվերեն տարածքը պաշտպանելու եւ ստացել ենք զրո աջակցություն բառիս բուն իմաստով, նույնիսկ որոշ բաներում Ադրբեջանի նարատիվների օգտագործում, որը ոչ միայն աջակցություն չէ, այլ նաեւ հակառակորդին աջակցություն է, եւ միակ պատճառը, որ մենք հրավիրել ենք Եվրամիության դիտորդներին, որ մեր հանդեպ պարտավորությունները չեն կատարվել, բնականաբար, Հայաստանը պետք է փնտրի հավելյալ երաշխիքներ»:

Ինչ վերաբերում է քննադատությանը, թե այս իշխանության վարած քաղաքականության պատճառով է Ռուսաստանը երես թեքել Հայաստանից, Արմեն Գրիգորյանն իր օրինակն է բերում. «Լեռնային Ղարաբաղում Արեւմուտքը ներկա չէ, բայց այնտեղ մարտի 5-ին ահաբեկչություն է տեղի ունենում, Լաչինի միջանցքը փակ է: Այս դեպքում այնտեղ էլ, այսպես կոչված՝ արեւմտամետ իշխանություն չկա, բա ինչո՞ւ նույն գրեթե իրավիճակում է Լեռնային Ղարաբաղը»:

Պայմաններ թելադրելու Ալիեւի շարունակական պահվածքը պետք է ճնշել

Միայն այն փաստը, որ Ալիեւն անդադար կրկնում է Բաքվի պայմանները, անընդհատ հիշեցնում է, որ «հաղթող կողմ է», որ «լուծել է ԼՂ խնդիրը», նա արդեն իսկ իր պահվածքով ապացուցում է, որ ստիպված է անվերջ կրկնել այդ մասին, հետեւաբար, նա ունի նաեւ կասկածներ, որ Բաքուն կարող է իր ակնկալածից քիչ ստանալ: Դա է պատճառը, որ իր հրապարակային պահանջներին զուգահեռ ադրբեջանական կողմը դիմում է դիվերսիոն գործողությունների, առաջխաղացումներ է ապահովում: Ալիեւն այդպես է վարվելու, քանի դեռ իրեն անպատիժ է զգում: Եվ այստեղ կարեւոր է, թե որ երկրների շարքում է նա աջակցություն ստանում, եւ հետեւաբար, պաշտոնական Երեւանի գործունեությունն էլ այստեղ է կարեւոր` գործընկերների հետ:

Վերջերս Ալիեւը հանդես եկավ պահանջների ներկայացման հերթական տարափով: Օրերս նա ներկայացրեց Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի Բաքվի պայմանը՝ Ղարաբաղը պաշտոնապես ճանաչել Ադրբեջանի մաս: «Որպեսզի Հայաստանը հանգիստ ապրի 29 հազար քառակուսի կմ տարածքում՝ կա մի պայման. նրանք պետք է ընդունեն մեր պայմանները՝ պաշտոնապես ճանաչեն Ղարաբաղը Ադրբեջանի մաս, մեր պայմանների հիմքով կատարեն սահմանագծման աշխատանքները», – ասել է Ալիեւը, հավելելով, թե միայն այս դեպքում նրանք, այսինքն՝ հայերը, կարող են հանգիստ ապրել 29 հազար քառակուսի կմ տարածքում, ինչպես արդեն դա ցանկանում են։ Ըստ նրա, հետպատերազմական իրողությունները պետք է գտնեն եւ կգտնեն իրենց արտացոլումը խաղաղ բանակցություններում։ «Հակառակ դեպքում ոչ մի խաղաղության համաձայնություն չի լինի», – հայտարարեց նա օրերս Թալիշում։

Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ նա ինչպես մինչեւ 44-օրյա պատերազմը, այնպես էլ հիմա սկսել է ինտենսիվորեն քննադատել միջազգային հանրությանը: Նա Թալիշում էլ դժգոհեց, թե միջազգային հանրությունը երկակի մոտեցումներ է ցուցաբերում։ Ալիեւը նշեց, թե` փորձ էր արվում «Ադրբեջանից գրաված բոլոր տարածքները միավորել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մեջ»։ «Ինչո՞ւ այն ժամանակ միջազգային կազմակերպությունները, հայամետ որոշ երկրներ չէին դատապարտում Հայաստանին։ Դեռ որքան պետք է հանդիպենք երկակի չափանիշների ու երեսպաշտության»,- ասել է Ալիեւը՝ դժգոհելով, որ որոշ երկրներում Ադրբեջանի ներքին գործերին վերաբերող համաժողովներ, սեմինարներ են անցկացվում։ «Հայամետ որոշ երկրներ ճանաչում են Լեռնային Ղարաբաղի անկախությունը, որը աշխարհի քարտեզի վրա չկա, Ադրբեջանի տարածքում գոյություն չունի։ Ի՞նչ է դա նշանակում, դա նշանակում է, որ օկուպացիայի տարիներին բոլոր այդ ուժերի միակ նպատակը օկուպացիան հավերժ դարձնելն էր, չկարգավորել այդ հակամարտությունը եւ սառեցնել այն»,- ասել է նա, շարունակելով, թե երկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի վրա ճնշումներ են գործադրվել, օգնություն է ուղարկվել Հայաստան։ «Հայաստանի դաշնակիցները ցանկանում էին տարբեր ուղիներով կանգնեցնել մեզ։ Մեր դիմաց ոչ ոք չդիմացավ, եւ այսօր չեն կարող, եւ վաղը նույնպես չեն կարող դիմանալ։ Մեր ուժեղ կամքը, մեր ուժեղ քաղաքականությունը, մեր հաղթական բանակը կպատասխանի մեր դեմ ուղղված յուրաքանչյուր կեղտոտ պլանի», – նշել է Ադրբեջանի նախագահը։

Ինչո՞ւ է Ալիեւը հիշեցնում այսօր այս ամենը: Որովհետեւ նա կասկածներ ունի նաեւ ապագայի առումով: Դա է պատճառը, որ նա շարունակաբար կրկնում է. «…ոչ ոք չպետք է մոռանա ղարաբաղյան երկրորդ պատերազմի դասերը, բոլորը պետք է ընդունեն նոր իրողությունները, ոչ ոք չպետք է մոռանա, որ ադրբեջանական հողերը 30 տարվա ընթացքում գտնվում էին օկուպացիայի տակ եւ ապագա խաղաղության համաձայնագրերի համար այդ կարեւոր գործոնները պետք է լինի յուրաքանչյուրի գլխում»։

Նա ձգտում է հասնել նրան, որպեսզի հայկական կողմն աջակցություն չստանա գործընկեր պետություններից: Ալիեւն անգամ խոստովանեց, որ պատերազմից հետո Ադրբեջանի դեմ «անարդարացի քայլեր», «կեղտոտ գործողություններ են ձեռնարկվել»։ «Հայերի հովանավորները, Հայաստանի զավթողական քաղաքականությունը կիսող երկրները մեր դեմ ինֆորմացիոն պատերազմ են հայտարարել», -ասաց Ալիեւը Թալիշում։

Ուշագրավ է «հաղթանակած» երկրի առաջնորդի բառապաշարը, որով նա ի ցույց է դնում նրա ջղաձիգ պահվածքը: Այս հայտարարություններից մի քանի օր անց արդեն` Ալիեւի ուղղությամբ ճնշումներն, ըստ երեւույթին, արդյունք էին տվել: Նա սկսեց խոսել Հայաստանի հետ պայմանավորվածությունների հասնելու «լավ հնարավորությունների» մասին… Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպմանը նա նշեց. «Կարծում եմ՝ լավ հնարավորություններ կան պայմանավորվածությունների հասնելու համար՝ հաշվի առնելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, հատկապես անցյալ տարի Սոչիում տեղի ունեցած հանդիպումից հետո: Մենք մշակել ենք հինգ սկզբունքներ՝ հիմնված միջազգային իրավունքի վրա, որոնք, մեր կարծիքով, պետք է ընկած լինեն խաղաղության պայմանագրի հիմքում»:

Նրա խոսքով՝ Ադրբեջանի դիրքորոշումը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում երեք ուղղություններում է. առաջին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրում, երկրորդ, Ղարաբաղի հայ բնակիչների հետ երկխոսության անցկացում: Ապա Ալիեւը հույս էր հայտնել, որ Հայաստանը բաց չի թողնի խաղաղություն կնքելու հնարավորությունը. «Հիմա եկել է խաղաղության ժամանակը: Մենք Հայաստանին առաջարկել ենք խաղաղության պայմանագիր կնքել հինգ սկզբունքների հիման վրա: Հույս ունեմ՝ Հայաստանը բաց չի թողնի այդ հնարավորությունը եւ Հարավային Կովկասում կգա խաղաղության եւ համագործակցության ժամանակը»:

Ալիեւին ճնշելու, նրա ագրեսիվ հռետորաբանությանը վերջ տալու հնարավորություններ կան: «Խաղաղության օրակարգին» հավատարիմ մնալով, Ալիեւին պետք է ստիպել բանակցային դաշտ վերադառնալ ոչ թե դրանք տապալելու, այլ համաձայնությունների գալու նպատակով, այլապես այդ բանակցություններն անիմաստ են, եթե բացառապես մի կողմից են շարունակաբար զիջումներ ակնկալվում, երբ միայն մի կողմին են ներկայացվում անիրագործելի պայմաններ:

Հայաստանը պետք է ամրապնդի սկզբունքը, որ պատերազմում պարտված կողմը չպետք է ամեն ինչ զիջի, եւ այն երկրները, որոնք աջակցում են Բաքվի դիրքորոշումը` Հայաստանին ծնկի բերելու պլաններում, ուրեմն, նաեւ հիմա կիսում են պատասխանատվություն Ալիեւի կողմից նոր պատերազմ սանձազերծելու կանաչ լույս վառելու հարցում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 29.03.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031