ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթի շրջանակներում փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ Լևոն Գևորգյանին մեղադրանք է ներկայացվել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը։ Այս մասին հայտնում է ՀԿ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։
Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ կաշառք տալը՝ պաշտոնատար անձին կամ նրա մատնանշած անձին անձամբ կամ միջնորդի միջոցով գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն խոստանալը, առաջարկելը կամ տրամադրելը՝ պաշտոնատար անձի իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին գործողություն կատարելու կամ չկատարելու համար։
Հիշեցնենք՝ ըստ ոստիկանության հաղորդագրության՝ մարտի 22-ին՝ ժամը 01։25-ին, պարեկային ծառայության ծառայողները Հրազդանի կիրճում ստուգում կատարելու նպատակով կանգնեցրել են «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը իր մոտ չի ունեցել վարորդական իրավունքի վկայական։ Նույն մեքենայում գտնվող ուղեւորը (որը, ինչպես ավելի ուշ պարզ դարձավ, Լեւոն Գեւորգյանն է եղել), ըստ ոստիկանության, դրա դիմաց 40 հազար դրամ կաշառք է առաջարկել։ Դրանից հետո կաշառք տալու կասկածանքով նա ձերբակալվել էր, մեկ օր անց՝ ազատ արձակվել։
Դեպքի առթիվ Քննչական կոմիտեում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որն ավելի ուշ ուղարկվել էր Հակակոռուպցիոն կոմիտե՝ նախաքննության։