Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Երբ հարձակվում են Արցախի վրա, հարձակվում են Օվերնյ-Ռոյ-Ալպի նահանգի վրա»․ Լորան Վոքիե (ֆոտոշարք)

Մարտ 29,2023 19:22

Երկօրյա այցով Սյունիքում է Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի պատվիրակությունը՝ շրջանային խորհրդի նախագահ Լորան Վոքիեյի գլխավորությամբ։ Ֆրանսիական պատվիրակության կազմում են շրջանի քաղաքապետեր (Վալանս, Դեսին-Շարպիե, Վիեն, ), շրջանային խորհրդի պաշտոնյաներ, նաեւ տնտեսական, մշակութային, կրթական շրջանակների, Ֆրանսիայում հայկական ասոցիացիաների ներկայացուցիչներ, լրագրողներ՝ ֆրանսիական ու ֆրանս-հայկական լրատվամիջոցներից։

Սյունիքում են նաեւ Հայաստանում՝ Ֆրանսիայի եւ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանները, հայ ու ֆրանսիացի այլ պաշտոնյաներ, բարեգործական ու հասարակական ֆրանսիական կազմակերպությունների ղեկավարներ։ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի ուղեկցությամբ Լորան Վոքիեն ու դեսպանները եղան Արցախ տանող ճանապարհին՝ մինչեւ Լաչինի ճանապարհի սկզբնամաս՝ համոզվելու, որ Արցախ տանող միակ ճանապարհը մոտ 110 օր փակ է։ Ճանապարհի սկզբնամասում Լորան Վոքիեն կարճ ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ։

« 2019թ-ին, երբ եկա Հայաստան, շատ ցանկացա, որ մեր նահանգը՝ ՕվերնյՌոյ-Ալպը համագործակցության պայմանագիր կնքի Արցախի հետ։ Դա բացառիկ երեւույթ էր ու իմ համար՝ շատ կարեւոր էր։ Այսօրվա իմ պայքարը պիտի լինի այն, որ կարողանամ աշխարհի ուշադրությունը հրավիրեմ Արցախի վրա, աշխարհին հիշեցնեմ՝ որ այդ հողակտորի վրա 150.000 մարդ է ապրում, որ այդ մարդիկ չունեն սնունդ, բժշկական պարագաներ եւ վիճակը աղետալի է։ Ու այս ամենը կատարվում է լռության մեջ, շրջվող հայացքների ներքո։ Աշխարհի ուշադրությունն այսօր Ուկրաինայի վրա է, դա իհարկե, հասկանալի է եւ անհրաժեշտ է, բայց չպետք է մոռանալ նաեւ Արցախը։ Եթե կա մեկը, չի նշանակում չկա մյուսը։ Երկուսն էլ իմ համար հավասարապես կարեւոր են։ Կա միջազգային դատարանի որոշումը, որը պիտի հարգվի։ Իսկ ինչ է կարող անել Ֆրանսիան․ մաքսիմալ ճնշում գործադրել՝ որպես առաջին քայլ մարդասիրական օգնության համար ճանապարհ բացել։

Իմ ցանկությունն է ցույց տալ աշխարհին, որ երբ հարձակվում են Արցախի վրա, հարձակվում են Օվերնյ-Ռոյ-Ալպի նահանգի վրա, երբ ոտնձգություն են անում Հայաստանի դեմ, ուրեմն ոտնձգություն են անում Ֆրանսիայի բարեկամ երկրի վրա։ Եկա Լաչինի սկզբնամաս, ցույց տալու համար, որ Ֆրանսիան Հայաստանի կողքին է»,-ասաց Լորան Վոքիեն։

Նրա խոսքով՝ Ադրբեջանն իր տրամաբանությամբ երեւի հույս ունի՝ առաջխաղացումներ ունենալ, հաստատվել այստեղ ու մարդիկ կմոռանան։ «Պետք է Ադրբեջանին հիշեցնել միջազգային իրավունքի մասին, պետք է անընդհատ գալ, ցույց տալ, որ մարդկանց միջազգային իրավունքներն են խախտվում։ Պետք է ասել, որ խոսքը ոչ թե երկու ինքնիշխան պետությունների սահմանների ու սահմանազատման մասին, այլ խոսքը գնում է 150.000 մարդու իրավունքների մասին»,-ասաց պարոն Վոքիեն։

Տաթեւի վանական համալիրում ՝ Սյունիքի մարզի եւ Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի միջեւ ստորագրվեց համագործակցության պայմանագիր։

Այս մասին ավելի մանրամասն՝ առաջիկայում։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031