Լրահոս
Օրվա լրահոսը

Բռնցքամարտիկի՝ միայն ԿԳՄՍՆ կողմից հատկացված պետական վճարները 2022թ. հունվարից առ այսօր կազմել են 5 մլն 720 հազար դրամ. Պարզաբանում Էրիկ Իսրայելյանի հայտարարությունների վերաբերյալ

Մարտ 29,2023 19:00

Պարզաբանում բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանի հայտարարությունների վերաբերյալ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հարկ է համարում պարզաբանել բռնցքամարտի աշխարհի ու Եվրոպայի երիտասարդական առաջնությունների հաղթող Էրիկ Իսրայելյանի՝ ԶԼՄ-ներում տարածված դժգոհություններն առ այն, թե չի ստացել պետության կողմից իրեն հատկացված ֆինանսական աջակցությունը՝ գրանցած մարզական հաջողությունների համար:

Տեղեկացնում ենք, որ ԿԳՄՍ նախարարի տարբեր հրամաններով բռնցքամարտիկը, ի թիվս ՀՀ մարզական պատիվը միջազգային հարթակներում բարձր պահած բազմաթիվ այլ մարզիկների, ստացել է սպորտային արդյունքների համար ՀՀ օրենսդրությամբ նախատեսված բոլոր պարգևատրումները, ամենամսյա թոշակն ու նպաստը:

Մասնավորապես՝ 2022 թվականի հունվարի 1-ից՝ 1 տարի շարունակ, բռնցքամարտիկը 2021 թվականին բարձր արդյունքներ ցուցաբերելու համար ստացել է անվանական թոշակ՝ ամսական 120 հազար դրամի չափով: 2022 թվականի հունիսի 1-ից մինչև նոյեմբերի 1-ը ներառյալ «Փարիզ 2024» Օլիմպիական խաղերի նախապատրաստության համար ստացել է ամսական 150 հազար դրամ նպաստ, իսկ դեկտեմբերից՝ արդեն որպես աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող, Իսրայելյանին հասանելիք ամսական նպաստի չափը կազմել է 200 հազար դրամ: 2022 թվականի դեկտեմբերին բռնցքամարտիկը միանվագ 800 հազար դրամ տարեվերջյան պարգևատրում է ստացել՝ որպես երիտասարդների Եվրոպայի առաջնության հաղթող, ևս 1,5 մլն դրամ միանվագ աջակցություն ստացել է՝ որպես աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող:

Այսպիսով, բռնցքամարտիկի՝ միայն ԿԳՄՍՆ կողմից հատկացված պետական վճարները 2022 թվականի հունվարից առ այսօր կազմել են 5 մլն 720 հազար դրամ:

Ի դեպ, «Փարիզ 2024» Օլիմպիական խաղերի նախապատրաստության համար մարզիկին հատկացվող նպաստը 2023 թվականի հունվարի 1-ից կազմում է ամսական 200 հազար դրամ, իսկ անվանական թոշակի չափը՝ ամսական 240 հազար դրամ /վերը նշված գումարները ներկայացված են՝ չներառելով հարկերը և տուրքերը/:

Հարկ ենք համարում տեղեկացնել, որ ՀՀ կառավարությունը և ԿԳՄՍ նախարարությունը մարզական արդյունքների համար բնակարանների հատկացման ծրագիր չեն իրականացնում:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031