Տեղեկացրել ենք, որ այսօր Գյումրու Օյունջյանի անվան դպրոցում հետմահու պարգևատրեցին 2022 թվականի սեպտեմբերյան մարտերի ժամանակ նահատակված 12 զինծառայողների։ Նրանց ցանկում էր նաև պայմանագրային զինծառայող, շարքային Փարսադան Երջանիկի Մկրտչյանը, որի հարազատներին հանձնելու էին «Մարտական ծառայության» մեդալ։
Սակայն միջոցառմանը մասնակցող հերոսի ընտանիքի անդամները դուրս եկան դահլիճից՝ հրաժարվելով մեդալից։
Քիչ անց հայտնի դարձավ, որ Փարսադան Մկրտչյանի կնոջ ինքնազգացողությունը վատացել էր, շտապօգնություն էին կանչել։
Նրանց որդին՝ Գագիկ Մկրտչյանը (լուսանկարում), մեզ հետ զրույցում ասաց, որ հայրը 20 տարվա զինվորական է եղել՝ պատերազմների մասնակից։ Նա մահացել է Վերին Շորժայի դիրքերից մեկը պահելիս։
Կարդացեք նաև
«Իր զոհվելու հանգամանքը հերոսին վայել է, նա միայնակ պահել է դիրքը՝ թշնամու գրոհը կասեցնելով, 45 րոպե տարբեր զենքերով կրակելով ու իմիտացիա ստեղծելով թշնամու համար, թե զորամասում անձնակազմ կա։ Տեսանյութը կա մեր մոտ։ Թշնամին վախից չի գալիս առաջ, բայց հետո պապայիս խոցել է բայրաքթարի հրթիռը։
Անձնակազմը, զգալով, որ ի վիճակի չէ դիրքը պահելու, բոլորը փախել են, ճանապարհին զոհվել, պապաս մնացել է դիրքերում՝ պայքարելով, կրակելով, թշնամու կենդանի ուժը չի կարողացել առաջ խաղալ։
Վեց ամսից ավելի սպասել ենք, սպասել ենք, որ ուշադրություն կդարձնեն, զինվորական կգա մեր տուն, անձամբ ցավակցություն կհայտնեն, չի եղել։ Արդեն 7-րդ ամիսն է, ոչ մեկը չի եկել, ցավակցություն չի հայտնել։ Էսօր կանչել են մեդալի համար ու տալիս են էն մեդալը, որին ինքը արժանի չէ։
Մեդալը «Մարտական ծառայության» էր։ Ես տեղեկացնում եմ, որ այդ մեդալը կարող է ստանալ պատերազմի ակտիվ մասնակից, ողջ մնացած զինվորականը։ Մեր վրդովմունքը դա է»,- ասաց Գագիկ Մկրտչյանը։։
Նա պահանջում է հետաքննություն՝ հասկանալու հոր զոհվելու հանգամանքները։ Որդին հարցնում է, թե ինչո՞ւ է անձնակազմը լքել դիրքը, ինչո՞ւ են իրենց զինակից ընկերոջը թողել դիրքում մենակ։ Ըստ նրա, անձնակազմում առնվազն 10 հոգի պիտի լինեին, որ հերթափոխով ծառայեն, զինվորները հասցնեն հանգստանալ, սակայն եղել են վեց հոգի, իսկ հերթափոխին դիրքերում միայնակ կանգնած է եղել հայրը։ Ըստ նրա, հերթափոխություն չի կատարվել՝ հաշվի չեն առել, որ զինվորականը պահի տակ կարող է ինքնազգացողությունը կորցնել, վատանալ կամ քնել։ Ըստ Գագիկ Մկրտչյանի, հայրը գտնվել է ամենավտանգավոր դիրքերում, որտեղ առնվազն 10 հոգի պիտի լինեին։
Հայրը ռացիայով օգնություն է խնդրել, սակայն օգնության չեն եկել։ Նա հարցնում է՝ ինչո՞ւ վեց ամսվա ընթացքում պետական ոչ մի վերաբերմունք չկա և ինչու են արժանացնում «Մարտական ծառայության» մեդալի։
«Եթե ինքը մեդալի պիտի արժանանար, ապա միայն «Արիության» մեդալի կամ «Մարտական խաչ» մեդալի։ Ես, եղբայրս զինվորականներ ենք, մասնակցել ենք պատերազմների, տիրապետում ենք, թե որ հանգամանքներում մարդն ինչի է արժանի։ Ես չեմ կարող ընդունել այն մեդալը, որին պապաս արժանի չէ։
Ես այդ մեդալը ընդունում եմ՝ որպես վիրավորանք, արհամարհանք, մարդկանց բերանը փակելու միջոց»,- ասաց զոհվածի որդին։
«Ես լուռ սպասել եմ, չեմ բարձրաձայնել այս հարցերը, մտածել եմ՝ վիշտս կուլ տամ՝ սպասելով, որ երբևէ նրան արժանի մեդալ կհանձնեն։ Ինչ էլ անեն, նրան հետ չեն բերելու, գոնե արժանի մեդալն ունենա»,-ասաց Գագիկ Մկրտչյանը։
Նա նաև նշեց, որ նախապես չեն տեղեկացրել, թե ինչ մեդալ են հանձնելու, այլապես Սառնաղբյուրից Գյումրի չէր բերի մորը, որը հոր զոհվելուց հետո անգամ տանից դուրս չի գալիս, վատառողջ է։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ