Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն, ինչ ՌԴ-ն պետք է ներքին խողովակներով փոխանցեր Հայաստանին, փոխանցեց բաց խողովակներով»․ Բաբկեն Պիպոյանը՝ «Ռոսսելխոզնադզորի» հայտարարության մասին

Մարտ 29,2023 17:57

Այն, ինչ ռուսական կողմը պետք է ներքին խողովակներով փոխանցեր Հայաստանին, փոխանցեց բաց խողովակներով։ Այս կարծիքին է «Իրազեկ եւ պաշտպանված» ՀԿ-ի ղեկավար Բաբկեն Պիպոյանը՝ ՌԴ «Ռոսսելխոզնադզորի» հայտարարության մասին։

«Ռոսսելխոզնադզորը» Հայաստանից ՌԴ ներմուծվող կաթնային արտադրանքում որոշակի խախտումներ է հայտնաբերել եւ ՌԴ-ն պատրաստվում է քննարկել Հայաստանից կաթնամթերքի մատակարարումները սահմանափակելու հարցը։

Պիպոյանն ասում է՝ իհարկե, կաթնամթերքի արտադրության եւ վերահսկման ոլորտում ՀՀ-ն շատ գործ ունի անելու, սակայն «Ռոսսելխոզնադզորի» զգուշացումը խոսում է այն մասին, որ մեր հարաբերությունները գործընկերոջ հետ այն մակարդակի վրա են, որ ոչ թե ներքին փաստաթղթաշրջանառությամբ են իրենց մշտադիտարկման արդյունքներն ուղարկում, այլ՝ հանրային։

«Այստեղ կա եւ քաղաքական, եւ ոչ քաղաքական տարր։ Ռուսական կողմը ամսի 20-24-ին եկել էր Հայաստան, մոնիթորինգ արել, գնացել եւ ամփոփել էր արդյունքներն ու պետք է հայկական կողմին ուղարկեր դրանք, ասել է՝ այս երկուսի արտադրությունը փակիր, մնացածը չփակելու համար եկեք հասկանանք` ինչ գործողություններ եք անելու։ Բայց, փաստորեն, ունենք այնպիսի հարաբերություններ, որ այդ ամենը բաց խողովակով է փոխանցվել։ Այսինքն` սա ազդակ է»,-ասում է Պիպոյանը։

Նրա խոսքով՝ ռուսական կողմը մոնիթորինգով պարզել է, որ պատշաճ վերահսկողություն չի իրականացվում․ «Չի մատնանշում, ինչ թերություններ են հայտնաբերել, բայց նշում է, որ պետությունը պատշաճ վերահսկողություն չի իրականացնում։ Այսինքն, շեշտադրվել է պետական կառույցի վատ աշխատանքը, ինչ-որ բաներ են հայտնաբերել, որոնք պետական մարմինը պետք է հայտնաբերած լիներ։ Օրինակ՝ արտահանման եւ ներմուծման ժամանակ սահմանային վերահսկողությունով ոչ բոլոր ցուցանիշներ են վերահսկվել»։

«Ռոսսելխոզնադզորի» հաղորդագրության համաձայն՝ Հայաստանից արտահանվող կաթնամթերքում օգտագործվում է Իրանում արտադրված հումք, որի նկատմամբ «Ռոսսելխոզնադզորը» որոշակի սահմանափակումներ ունի: Նշվում է, որ գերատեսչության մասնագետները մարտի 20-24-ը տեղի ունեցած ստուգումների ժամանակ հաստատել են այդ փաստը: Բացի այդ, ըստ գերատեսչության՝ Հայաստանում բացակայում է պատշաճ վերահսկողությունը պետական անասնաբուժական ծառայության կողմից, ինչի արդյունքում «վտանգ կա, որ Ռուսաստան կարող է ներմուծվել անորակ եւ ոչ անվտանգ արտադրանք»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031