«FutureTech» համաժողովի շրջանակներում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Apple-ի պաշտոնական գործընկեր ASBC ընկերության միջև մարտի 29-ին ստորագրվել է համագործակցության Հուշագիր:
Հուշագիրը վավերացրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը և ASBC-ի գլխավոր տնօրեն Միքայել Գրիգորյանը։
Կարևորելով Apple-ի պաշտոնական գործընկեր ASBC-ի հետ համագործակցությունը՝ Ռոբերտ Խաչատրյանը նշել է, որ այն ևս մեկ կարևոր քայլ է՝ ուղղված Հայաստանում բարձր տեխնոլոգիաների զարգացմանը։
«Համագործակցության հիմքում ՀՀ տնտեսական միջավայրում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրումային գործառույթների զարգացումն է, Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների տեխնիկական հագեցվածության բարելավումն ու գործարար հարաբերությունների ակտիվացումը:
Կարդացեք նաև
Հուշագիրը հնարավորություն կտա նպաստելու Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքի դինամիկ զարգացմանը։ Բացի այդ, հայաստանյան շուկայում գործունեություն ծավալող ընկերությունները կկարողանան Apple ապրանքանիշի սարքերը ձեռք բերել բացառիկ արժեքով, հին սարքերը փոխարինել նորով։ Հուսով եմ, որ ոլորտի ներկայացուցիչները կօգտվեն այս հնարավորությունից՝ արդիականացնելով ընկերությունների տեխնիկական հնարավորություններն ու հագեցվածությունը»,- ասել է Ռոբերտ Խաչատրյանը:
ASBC-ի գլխավոր տնօրեն Միքայել Գրիգորյանը իր հերթին նշել է, որ շատ մեծ հույսեր են կապում այս հուշագրի հետ և կարծում է, որ Apple-ի պրոդուկտները և ծառայություններն ավելի լայն հնարավորություններով, մասշտաբներով և շահավետ արժեքներով հասանելի կլինեն հայաստանյան շուկայում։
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել նախարարությանն այս հնարավորության համար։ Լիահույս եմ, որ մեր համագործակցությունը դրական ազդեցություն կունենա Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման վրա», – ընդգծել է Միքայել Գրիգորյանը։
Այնուհետև ASBC ընկերության կորպորատիվ վաճառքների բաժնի ղեկավար Մարիաննա Մարգարյանը ներկայացրել է ընկերության գործունեությունը Հայաստանում, նշել, որ բացի տեխնիկական լուծումներից հայաստանյան ընկերություններին կառաջարկվեն նաև մի շարք ծառայություններ:
Միջոցառման ընթացքում՝ բիզնես գործընթացների օպտիմալացման համար, ներկայացվել են նաև վիդեոկոնֆերանսների լուծումներ։ Միջոցառմանը հատուկ հրավիրված խոսնակ Անդրեյ Վախմյանինը, ով Logitech բրենդի բիզնես զարգացման ղեկավարն է, ներկայացրել է ընկերության արտադրանքը։
Միջոցառմանը մասնակցել են ASBC-ի գործընկերները, ՏՏ ոլորտի առաջատար ընկերությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն