Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս ենք կարողանալու կարդալ Հայաստանի Անկախության հռչակագիրը, եթե Արցախը հայկական չլինի

Մարտ 29,2023 17:27

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ես սովորում եմ Տեխասի «Founders» դասական ակադեմիայի 11-րդ դասարանում: Անցած շաբաթ պատմության ուսուցիչս կարծիք հայտնեց, որ ԱՄՆ Նախագահ Ջո Բայդենի պայքարը քաղաքացիների՝ հրազեն կրելու սահմանադրական իրավունքի դեմ քանդում է Միացյալ Նահանգների հիմնադրման հիմքերը, ինչն էլ կարող է կործանել ամերիկյան պետականությունը:

Ուսուցչիս միտքը, թե սահմանադրական հիմքերից շեղումը կարող է կործանել պետականությունը, հիշեցրեց ինձ Հայաստանի մասին: Հայաստանի Հանրապետության հիմնադրման հիմքերից է՝ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին:

Թեպետ Հայաստանի և Արցախի վերամիավորման որոշումը ընդունվել է Խորհրդային Հայաստանի օրոք, այս փաստաթուղթը մեր անկախ պետության ստեղծման հիմքերից է, քանի որ ՀՀ Սահմանադրության նախաբանը հղում է անում Հայաստանի Անկախության հռչակագրին, իսկ Հռչակագիրը հայոց պետականության հիմքերը մատնանշելիս, մասնավորապես, ընդգծում է. «…հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա…», որից հետո թվարկում է անկախացող Հայաստանի 12 սկզբունքները:

Այսինքն, Արցախի հայկական լինելը մեր պետականության հիմնարար սկզբունքների և նպատակների շարքին է պատկանում: Այս միտքը հայրենասիրական պոռթկման արդյունք կամ քաղաքական գաղափարախոսություն չէ: Սա Հայաստանի Հանրապետության հիմնադրման իմաստը և հայ ժողովրդի ապագայի նպատակներն ուրվագծող վերքաղաքական աքսիոմներից է:

Եթե տարածաշրջանային խաղացողների կամայականությամբ Արցախն ընդգրկվի Ադրբեջանի կազմում, տեղի կունենա ոչ միայն արցախահայության էթնիկ զտում, այլ նաև հայկական պետականության հիմքերի մասնատում:

Պետք է մտածել. ինչպե՞ս ենք ամեն տարի օգոստոսի 23-ին՝ Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման օրը, կարողանալու հպարտորեն կարդալ այդ փաստաթուղթը, եթե դրանում նախանշված հիմքերից մեկը հավասարված լինի գետնին:

Եթե Արցախը չլինի հայկական, հայ ժողովրդի մոտ ահռելի բարոյալքում տեղի կունենա, ինչն էլ կարող է բերել հայկական պետականության անկման:

 

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031