Լրահոս
Օրվա լրահոսը

Մեդալներ՝ արցունքների ներքո․ Շիրակի մարզը հետմահու մեծարեց իր նահատակներին (Ֆոտոշարք)

Մարտ 29,2023 17:35

Գյումրու Օյունջյանի անվան թիվ 21 դպրոցում այսօր հարգեցին 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայից զոհված 12 զինծառայողների հիշատակը, ափսոսանքի ու երախտիքի խոսքեր հնչեցրեցին ու հետմահու պարգևատրեցին «Արիության» և «Մարտական ծառայության» մեդալներով։

«Արիության» մեդալով պարգևատրեցին ՀՀ ՊՆ N զորամասի ծառայության պետ, մայոր Սարիբեկ Գուրգենի Եղոյանին, մնացածին՝ «Մարտական ծառայության» մեդալներով։


«Մարտական ծառայության» մեդալներ հանձնվեցին ժամկետային պարտադիր զինծառայողներ Սաշա Արթուրի Ասատրյանի, Սերյոժա Սամվելի Գրիգորյանի, Անդրանիկ Արամի Էլոյանի, Հայկ Մասիսի Խաչատրյանի, կրտսեր սերժանտ Կարեն Տիգրանի Կարապետյանի, Ազատ Արկադիի Ներսիսյանի, որը դարձյալ կրտսեր սերժանտ էր, Նարեկ Հովհաննեսի Սահակյանի, Սարգիս Կարենի Սարգսյանի, ինչպես նաև պայմանագրային զինծառայողներ Արմեն Հրաչի Ղազարյանի, Հովհաննես Հրաչյայի Վարդանյանի ու Փարսադան Երջանիկի Մկրտչյանի հարազատներին։

Դահլիճում միախառնված էին կորստի մեծ ցավն ու հպարտության զգացումը, թե՛ միջոցառմանը մասնակցող պաշտոնյաները, և թե՛ նահատակների հարազատները դժվարությամբ էին կարողանում զսպել արցունքները։ Հնչեցին նաև հայրենասիրական կատարումներ։

Շիրակի հոգևոր առաջնորդ Միքայել Եպիսկոպոս Աջապահյանի անունից հանդես եկավ Արթիկի թեմի առաջնորդ Տեր Նարեկ Վարդապետ Ավագյանը։

Նա ասաց․ «Յուրաքանչյուրս որքան էլ հոգեպես ընկճվում ենք, բայց որպես հայ և որպես քրիստոնյա՝ այն վստահությունն ու հավատքը ունենք, որ իրենք այսօր երկնքում ունեն ավելին, քան ունեին երկրի վրա։ Իսկ մեզ մնում է հավատավորի բարեպաշտությամբ վառ պահել իրենց հիշատակը, իրենց կիսատ գործը շարունակել և դրանով երկնքում իրենց ավելի հանգստություն պարգևել»։

Հոգևորականը փառք տվեց Աստծուն այդպիսի տղաներ ունենալու համար։

Շիրակի փոխմարզպետ Ալբերտ Այվազյանն էլ իր ելույթում ասաց․ «2022 թվականը, ցավոք, Հայաստանի Հանրապետության համար կրկին պայքարի ու հանուն հայրենիքի կյանքի գնով կռվի դուրս գալու տարի եղավ։ Ականատեսը եղանք Ադրբեջանի հերթական անօրինական, սադրիչ ու ցեղասպան գործողություններին: Այդ ամենին դիմակայելու համար, դարձյալ կանգնեց իր կոչմանն ու համազգեստին, իր պետությանն ու ծնողին անմնացորդ նվիրված Հայ Զինվորը: Կանգնեց`անելով անհնարինը, ընկավ`առանց ծնկելու, հավատով, որ արյամբ ծաղկելու է Հողը Հայրենի: Իսկ թանկ կյանքերով ներծծված հողի վրա ապրողներիս կյանքը դարձել է անասելի դժվար, յուրաքանչյուր քայլ և գործողություն պարտավորվում ենք իրականացնել այն գիտակցումով, որ պետք է նրանց հիշատակին արժանի լինենք ու դրա համար պետք է շենացնենք մեր երկիրը։ Փա՛ռք Հայաստանի ու Արցախի համար ընկած մեր բոլոր նահատակներին»։

Նա, հանդես գալով Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի անունից, նահատակվածների հարազատներին հանձնեց մեդալները։

Նշենք, սակայն, որ Փարսադան Մկրտչյանի ընտանիքի անդամները չվերցնելով «Մարտական ծառայության» մեդալը, դուրս եկան դահլիճից։

Այս թեմային կանդրադառնանք քիչ անց։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031