Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ իրենք ընդդիմադիր էին, համագործակցում էինք։ Որևէ անձնավորված կամ թիրախային նպատակադրում ես չեմ ունեցել և հիմա էլ չունեմ»․ Արծվիկ Մինասյանը՝ Ստեփան Սաֆարյանի մասին

Մարտ 29,2023 16:34

«Արձանագրեմ, որ իսկապես, երբ իրենք ընդդիմադիր էին, մենք համագործակցում էինք, և շատ լավ համագործակցություն է եղել: Որևէ անգամ որևէ անձնավորված կամ թիրախային նպատակադրում ես չեմ ունեցել և հիմա էլ չունեմ»,-Aravot.am-ի հետ զրույցում արձագանքելով Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստեփան Սաֆարյանի դիտարկումներին, ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

Հիշեցնենք՝ «Հայաստան» խմբակցությունը ԱԺ–ում ներկայացրեց ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու հարցը: Հիմնական զեկուցող Արծվիկ Մինասյանը պնդեց, որ նա իր կարգավիճակի հետ անհամատեղելի գործունեությամբ է զբաղվել, ուստի հորդորեց դիմել Սահմանադրական դատարան, թող իրենք որոշեն՝ խախտում արե՞լ է տիկին Սաֆարյանը, թե՞ ոչ։

Արծվիկ Մինասյանի հայտարարություններին անդրադառնալով Սեդա Սաֆարյանի եղբայրը՝ Ստեփան Սաֆարյանը հարցազրույցներից մեկում հայտարարել էր․ «Առաջին անգամ Արծվիկ Մինասյանի դիմաց դրվել է փաստաթուղթ, ասում են՝ էդ դուք չե՞ք ասել, որ եթե պարզվի՝ Սեդա Սաֆարյանը դեկտեմբերի 16-ին կամ մինչև այդ դիմում է ներկայացրել ԱՁ-ն փակելու վերաբերյալ և հարկ վճարողի գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ, ուրեմն անմեղ է։ ՀՀ ԱԺ-ում հարցուպատասխանից հետո Վիգեն Խաչատրյանն ասաց՝ տիկին Ջուլհակյան, կխնդրեմ մի հատ էլ կարդաք։ Դու մի ասա իրենց մոտ փառահեղ նախադասություն են գրել, որը Սեդա Սաֆարյանի անմեղության և ազնվության ճանապարհն էր բացում հերթական անգամ։ Ասում է՝ Արսեն Բաբայանն ու Սոս Հակոբյանն իրենց դիմումում գրել են՝ այս ամենը սուտ է, եթե պարզվի, որ Սեդա Սաֆարյանն այս թուղթն ունի։ Իսկ ես առավոտյան այդ տեղեկանքը հրապարակել էի։ Արծվիկ Մինասյանին հարցնում են՝ էն որ փաստաթղթում գրել են շահերի բախում է, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դա մի կողմ է դրել․ շահերի բախում չկա։ Հետևաբար թեման փակված է։ Արծվիկ Մինասյանն իմ ձեռքի հեռախոսահամարն ունի, զանգեր, գոնե իրեն փրկելու համար ասեր՝ դու այլ ճամբարում ես, ես՝ այլ, բայց ձեր տեսակետը ո՞րն է։ Երկու ամսվա մեջ մի անգամ չզանգեց։ Դե, չզանգեցիք, չզանգեցիք, ուրեմն հետևանքների հետ բախվեք ինքներդ։ Արծվիկ Մինասյանին մեր շրջանում համարում էինք այդ իշխանության միջի գոնե գիտակ մարդը, որ կրթություն է ստացել, ինչ-որ բան կարող է վերլուծել։ Չէինք մտածում, որ նա կհայտնվի այդ զավեշտալի վիճակում, որ իր դեմն այդ փաստաթուղթը կդնեն»։

Արծվիկ Մինասյանը, անդրադառնալով Սեդա Սաֆարյանի՝ որպես Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների անհամատեղելիության հետ կապված հարցերին, մեզ հետ զրույցում նշեց. «Մենք արձանագրել ենք ընդամենը այն փաստը, որն անհերքելի է։ Ու այդ փաստի առկայությունը թուլացնում է Սեդա Սաֆարյանին՝ որպես ՍԴ դատավորի և նաև մեր պետական սահմանադրական ինստիտուտները։ Որևէ անձնական կամ անձնավորված բնույթի բան չի եղել և չէր էլ կարող լինել։ Ես և մեր խմբակցությունը առաջնորդվում ենք բացառապես օրինականության և օրենքի գերակայության հիմնական սկզբունքով։ Ավելին, այս մասին ես նաև նույն պետաիրավական հարցերի հանձնաժողովում եմ ասել։ Ավելորդ անգամ նման հուզական պնդում կատարելը, թե ինչու զանգեր չեն եղել, չեն տեղեկացրել և այլն, սա ոչ միայն նշանակում է, որ մարդիկ ուղղակի չեն տիրապետում կարգավորումներին, այլև ևս մեկ անգամ հարվածի տակ են դնում Սեդա Սաֆարյանին։ Պատկերացնո՞ւմ եք՝ եթե ես կամ մեր խմբակցությունից որևէ մեկն այս նախագծի ներկայացումից առաջ զանգեր և հանդիպման առաջարկ աներ կամ քննարկեր այս հարցը։ Դա ոչ միայն օրենքի խախտում է, այլև էթիկայի կանոնների խախտում, ընդհանրապես քաղաքական գործունեության մեջ ներգրավված մարդկանց կողմից մեծ հաշվով քաղաքական «հանցագործություն» է։ Եթե իրենք էդպես են մտածում, որ դա է ճիշտը, կարող էին իրենք այդպես վարվել և հավանաբար շատ դեպքերում վարվել են, բայց մենք շարժվել ենք օրենքի գերակայությամբ, իրավունքի գերակայությամբ»։

Խոսելով Սեդա Սաֆարյանի նկատմամբ սկսված գործընթացի մասին՝ Ստեփան Սաֆարյանը, հղում կատարելով ՔՊ-ական պատգամավորներին, որոնք կապեր են տեսնում այս գործընթացի և ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի հետ կապած վիճարկումների միջև, ասել էր․ «Սկզբում ասացին, որ այդ օրենքի մի հոդվածն են վիճարկում, հետո պարզվեց՝ ամբողջ օրենքն ասում են, թե չպիտի լինի, այսինքն՝ ինչքան ապօրինի գույք ունենք, պիտի այդ օրենքով չբռնագանձեք։ Եթե իրենց հաջողվեր Սեդա Սաֆարյանի և մի քանի այլ դատավորների նման համարձակների դիմադրությունը կոտրել և հասնեին նրան, որ վախից Սահմանադրությանը հակասող ճանաչեին օրենքները, ապօրինի գույքի բռնագանձման մասին առաջին վճիռը չէր լինի»։

Արծվիկ Մինասյանի կարծիքով՝ արհեստականորեն փորձում են շեղել հարցադրումները․ «Չեմ կարողանում հասկանալ՝ ապօրինի գույքի բռնագանձման հարցն ի՞նչ կապ ունի այս հարցի հետ։ Ուղղակի ինձ համար անհասկանալի են այս երկու հարցերի՝ իրար հետ կապակցելը՝ բացառությամբ մի մեղքի, որ իրենք ուզում են խեղաթյուրել բարձրացված հարցը։ Իսկ որ հարցն ունի սահմանադրական էություն և բնույթ, խոսում եմ՝ Սեդա Սաֆարյանի լիազորությունների մասով, դա այդպես է։ Ինչո՞ւ է փորձում արհեստականորեն շեղել: Դա նշանակում է՝ իրենք էլ են հասկանում, որ այս անհերքելի փաստի պայմաններում չեն կարող համարժեք հակափաստարկ բերել։ Այդ վարքագիծը դրսևորեց նաև ՔՊ խմբակցությունը։ Որևէ ելույթում ոչ միայն չհերքվեց այս անհերքելի փաստի և օրենքի խախտման առկայությունը Սեդա Սաֆարյանի պահով, այլև փորձ էր արվում անընդհատ շեղել հարցադրումները։ Ի՞նչ կապ ունեն ապօրինի գույքի բռնագանձման հարցերն այս հարցի հետ։ Ես այդպես էլ չեմ կարողանում հասկանալ։ Ու, առհասարակ, օրենսդիր մարմնի գործառույթի սահմանումը նկարագրված է օրենքներով։ Այնտեղ որևէ առնչություն կամ շահերի բախման որևէ դրվագ Սեդա Սաֆարյանի հարցի հետ կապված կարո՞ղ է առաջանալ, թե՝ ոչ»։

Արծվիկ Մինասյանը հայտարարեց՝ չի հետևում անհեթեթ հայտարարություններին, բայց իրեն ասել են այդ մասին։ Նա շարունակեց․ «Ինձ ասել են, որ Ստյոպա Սաֆարյանն ինչ-որ անհեթեթ հայտարարություններ, աննկարագրելի, անբացատրելի, բարոյականությունից շատ հեռու հայտարարություններ է անում։ Ես ուղղակի կհորդորեմ նրան զերծ մնալ զրպարտություններից՝ հակառակ դեպքում կիրականացվի համապատասխան վարույթ»։

Հիշեցրինք՝ Ստեփան Սաֆարյանը փաստեր է ներկայացրել Սեդա Սաֆարյանի՝ ԱՁ-ի դադարեցման, փաստաբանական գործունեության դադարեցման մասին։ Նա մասնավորապես հայտարարել էր․ «Սեդա Սաֆարյանը չէր կարող դեկտեմբերի 16-ին փակել ԱՁ-ն, քանի որ պիտի տարին ավարտվեր, դեկտեմբերի 16-ին դիմում է ներկայացրել հարկ վճարողի և ԱՁ գործունեության կասեցման համար։ 2023-ի հունվարի 17-ին հարկային մարմինները Սեդա Սաֆարյանին տվել են տեղեկանք, որ նրա բոլոր պարտավորությունները զրոյական են»։

Արծվիկ Մինասյանն այս առիթով պնդեց․ «Այն փաստաթղթերը, որոնք հրապարակվել են, այդ թվում նաև Ստեփան Սաֆարյանի կողմից, հավանաբար տիկին Սեդա Սաֆարյանի տրամադրմամբ, որևէ ձևով ոչ միայն չեն հերքում մեր կողմից նշված իրավախախտման առկայությունը, այլև ավելի են հաստատում, որ տեղի է ունեցել օրենքի խախտում։ Իրենք վկայակոչում են, որ, օրինակ, հարկային մարմնում հայտարարություն է տրվել գործունեության դադարեցման վերաբերյալ։ Այդ հայտարարությունը վերաբերում է բացառապես հարկային հարաբերություններին, այն չի կարող վերաբերվել անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակի դադարեցմանը։ Նույն հարկային օրենսգրքի 298-րդ հոդվածով սահմանված է կարգավորում, թե ինչպես կարող են հայտարարությունը և անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակի դադարեցումը զուգորդվել իրար հետ։ Ընդ որում, այդ նույն գործողությունը տիկին Սեդա Սաֆարյանը կարող էր իրականացնել նույն դեկտեմբերի 16-ին, որ իրենք վկայակոչում են, թե այդ օրը հարկային մարմնում ներկայացրել են հայտարարություն գործունեության դադարեցման մասին։ Կարող էր նույն օրը դիմում ներկայացվել իրավաբանական անձանց պետական ռեգիստրում, գրանցման դադարեցման դիմում, և հենց այդ պահից էլ կհամարվեր, որ ինքը իր գործունեությունը դադարեցրել է։ Դա որևէ անբարենպաստ վիճակ չէր կարող առաջացնել տիկին Սաֆարյանի համար՝ կապված հարկային պարտավորությունների կամ հարկային հաշվետվությունների ներկայացման և այլ բաների հետ։ Այդ դեպքում, երբ իրենց փաստարկները նայում եք, տեսեք՝ ինչ են ասում։ Իրենք ասում են՝ ոչ մի ձևով չի խանգարել անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակի առկայությունը սահմանված ժամկետից հետո։ Այդ դեպքում՝ էլ ինչո՞ւ էին դադարեցնում անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակը։ Եթե իրենց տրամաբանությամբ ենք շարժվում, ստացվում է՝ օրենքի սահմանափակումն անհեթեթ է։ Այսինքն՝ փոխանակ իրենք Սեդա Սաֆարյանի դիրքերն ուժեղացնելու առումով հորդորեին, խրախուսեին ՔՊ-ականներին, որ նրանք քվեարկեին, որ ուղարկվեր ՍԴ, ՍԴ-ն քննության առներ այս գործը, տար օրենքի մեկնաբանություն, տար օրենքի և Սահմանադրության հետ համապատասխանելիության բացատրություն և ինչու չէ շատ հնարավոր է, որ օրենքներում որոշակի փոփոխությունների հիմքեր ստեղծեր, իրենք՝ Սեդա Սաֆարյանի՝ այսպես կոչված աջակիցներն իրականում վնաս տվեցին նրա թե′ հեղինակությանը, թե′ նրա լիազորություններն առհասարակ կասկածի տակ դրեցին ամբողջ ծավալով։ Երբ մենք, օրինակ, հիմա ներկայացրել ենք օրենքի նախագիծ՝ դիմում ՍԴ կանոնակարգ օրենքի մի շարք հոդվածներ Սահմանադրության համապատասխանելիության հարցը քննարկելու առումով, ակնհայտ է, չէ՞, որ մեր խմբակցության պատգամավորներն են ստորագրել այս դիմումը և ակնհայտ է, որ այս վարքագծից ելնելով՝ Սեդա Սաֆարյանն այլևս, օրինակ, այս դիմումի քննությանը չի կարող մասնակցել։ Այսինքն՝ իրենք իրականում ռումբ են դնում ՍԴ դատավորի կարգավիճակի լիազորությունների տակ, հետո սկսում են մեզ մեղադրել։ Անհեթեթություն է»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031