Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախում դեռ կան անտուն մարդիկ․ բնակարանաշինությունը կկանգնի, սոցիալական լարվածությունը կխորանա»

Մարտ 29,2023 16:05

Երեւանում այսօր կայացավ «Շրջափակման հետեւանքով Արցախի տնտեսության կորուստների գնահատման զեկույցի» շնորհանդեսը։ Այն պատրաստել է հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու Վարդան Արամյանի գլխավորած տնտեսագետների մասնագիտական խումբը՝ Արցախի հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի պատվերով:

«Արցախի տնտեսությունը եւ բյուջեն որքա՞ն կդիմանան այս շրջափակմանը, նպաստների եւ թոշակների տրամադրման խնդիր կառաջանա՞»,-Վարդան Արամյանին հարցրին լրագրողները։ Նա պատասխանեց․ «Եթե սա տեւի կես տարուց ավելի, խնդիր կունենանք։ Բյուջեն կկենտրոնանա միայն առաջնահերթ ծախսերի վրա, օրինակ՝ թոշակների։ Եթե ՀՀ-ն տալու է 144 միլիարդը տարեկան, ապա դա, իմ կարծիքով, կբավարարի սոցիալական նվազագույն ծախսերի համար։ Մնացածը էլ չասեմ։ Արցախում դեռ կան անտուն մնացած մարդիկ։ Բնակարանաշինությունը կկանգնի, սոցիալական լարվածությունը կխորանա»։

«Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության Արցախի նախագծերի ղեկավար Գրիգորի Մարտիրոսյանն էլ շեշտեց, որ Արցախի բյուջեի կեսից ավելին սոցիալական ոլորտի ծախսերն են, եւ ՀՀ-ի տրամադրած գումարն առաջնահերթ ուղղվելու է աշխատավարձերի, թոշակների եւ նպաստների տրամադրմանը․ «Այս իրավիճակում հիմնական աղբյուր է մնում ՀՀ-ից տրվող բյուջետային վարկը, որն ապագայում պարտադիր պետք է վերանայել Արցախի կառավարության հետ համատեղ։ Կարծում եմ՝ կառավարությունն այդ աշխատանքը տանում է ՀՀ-ի հետ»։

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն էլ իր հերթին կարծիք հայտնեց, որ միակ տարբերակն է մնում միջազգային կազմակերպություններին եւ ՌԴ-ին դիմելը, որպեսզի բարեգործական հիմունքներով աջակցություն ստանա Արցախը․ «Արցախին միջազգային օգնություն է պետք։ Միայն սնունդ ապահովելը ճամբարի պես մի բան է դառնում։ Մոտ երեսուն հազար երեխա է այստեղ մեծանում ու կրթություն ստանում։ Արցախը ոչ միայն պետություն է, այլեւ ապագա սերունդների զարգացման կարեւոր խնդիր լուծող»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031