Այսօր «Շրջափակման հետեւանքով Արցախի տնտեսության կորուստները» թեմայով գնահատման զեկույցի քննարկման ժամանակ Aravot.am-ը Արցախի նախկին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանին հարցրեց՝ դուք պետնախարար եք եղել պատերազմից առաջ եւ նաեւ հետո՝ մինչեւ 2021-ը, զեկույցում նշված է բուֆերների ստեղծման անհրաժեշտության մասին՝ ստեղծել պահոցներ, պահեստներ, ունենալ առաջին անհրաժեշտության դեղորայքային պաշարներ, վառելիք եւ այլն, մենք պատերազմից առաջ էլ գիտեինք՝ ով է մեր թշնամին, որ չունի կարմիր գծեր, ինչո՞ւ նախկինում չեն ստեղծվել բուֆերներ:
Նա պատասխանեց. «Եվ մինչեւ պատերազմը, ե՛ւ պատերազմից հետո օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ ռեզերվների ձեւավորում իրականացվել է, այդ աշխատանքը գործընթացի մեջ էր: Այդ պահոցները կային եւ օգտագործվել են նաեւ այս շրջափակման պայմաններում: Խնդիրն այն է, որ շրջափակման պայմաններում մենք ունենք տնտեսության կառուցվածքի փոփոխություն: Եվ, ըստ էության, շրջափակման պայմաններում ոչ միայն պետական պահոցների ձեւավորում պետք է իրականացվի, այլ նաեւ ողջ տնտեսության ձեւափոխում, որովհետեւ ոչ մի ոլորտ չի կարողանում աշխատել ՝ո՛չ արդյունաբերություն, ո՛չ էներգետիկա, ո՛չ ծառայությունների առանձին ուղղություններ: Տնտեսության բոլոր ճյուղերն ունենում են ծավալների շատ մեծ սահմանափակումներ: Եվ պիտի հասկանանք՝ ինչ փոփոխություններ պետք է կրի իր մեջ տնտեսությունը, նաեւ մասնավորները: Եթե մենք զուտ առաջին անհրաժեշտության ապրանքների մասին խոսենք, այս շրջափակման ժամանակ նաեւ «Մենք ենք, մեր սարերը» գործակալությունը» եւս աշխատել է այդ ուղղությամբ՝ մեղմելու թե՛ պարենի մատակարարման, թե՛ էներգետիկ առանձին գեներատորների եւ նմանատիպ ապրանքների մատակարարման միջոցով եւ մեղմվել են ինչ-որ ձեւ այդ ճգնաժամային երեւույթները, բայց ընդհանուր առմամբ այստեղ համակարգային եւ մեծ ծավալով աշխատանքներ են պետք: Տնտեսությունը պետք է վերափոխվի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ