«Կարեւոր է, որ մենք սրա մասին խոսենք եւ ազնիվ լինենք մեր հասարակության հետ: Այսօրվա դրությամբ, երբ նայում ենք Արցախում ինչ է կատարվում, ինձ թվում է՝ անընդունելի իրավիճակ է: Մի քանի հոգի հնարավորություն ունեն, պայմանավորվելով ռուս խաղաղապահների հետ, ինչ-որ ձեւով ապրանք բերեն այստեղ եւ այդ գնաճը կապված է ոչ թե ընդհանուր գների աճի հետ, այլ՝ մենք ունենք սահմանափակում»,- այսօր «Շրջափակման հետեւանքով Արցախի տնտեսության կորուստները» թեմայով գնահատման զեկույցի քննարկման ժամանակ հայտարարեց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ պատասխանելով Aravot.am-ի հարցին՝ Արցախում գնաճային տեմպերն ահագնանում են, ինչպե՞ս է հնարավոր զսպել գնաճը, ի՞նչ գործիքակազմով, ինչ մեթոդներով:
Ռուբեն Վարդանյանի դիտարկմամբ՝ «Մի քանի հոգի մարդ աշխատում են մեծ գումարներ ու հնարավորություն ունեն այդ բանն օգտագործել իրենց օգտին: Սա բերում է նրան, որ տասնյակ մարդիկ աշխատեն մի փոքր գումար, դրա շուրջ մի քանի հարյուր հոգի աշխատավարձ են ստանում եւ աշխատում այդ գործի մեջ եւ կա մի հազար հոգի, որն առնում է այդ ապրանքը եւ բերում է: Բայց նայեք՝ ինչ է կատարվում՝ չի ապահովվում, որ բոլոր մարդիկ ստանան նույն ապրանքը: Առաջինը պիտի կուտակեինք այն ուտելիքը, սնունդը, որ պիտի ապահովեինք մարդկանց՝ բոլորին հավասար, 120 հազար հոգու համար: Դրանից մենք կտրոններ մտցրեցինք հունվարի երկրորդ կեսին, որովհետեւ պիտի վստահ լինեինք, որ կտրոններով մարդիկ կկարողանային առնել իրենց ապրանքը ու պետք չի հերթ կանգնել ու պետք չի գործից դուրս գալ, որովհետեւ սկզբում, երբ ապրանքը ծախում էին ուղղակի խանութներում, մարդիկ պիտի գործից դուրս գային, որովհետեւ թե երբ էր ապրանքը դուրս գալիս՝ պարզ չէր ու սոցիալական ճգնաժամ էր սա առաջ բերում: Հիմա մենք ունենք իրավիճակ, երբ մարդիկ բերում են ձմերուկ Արցախ, կամ բերում են անանաս, ուզում եմ ասել՝ ամոթ այդ մարդկանց, դա ինձ համար անընդունելի է, որ մարդիկ իրենց փող աշխատելու համար պամելո կամ անանաս կամ ուրիշ բաներ են բերում, ոչ թե ապահովելով մարդկանց՝ ընդհանուր սնունդ ստանան:
Երկրորդը՝ ցավոք, կտրոնները չեն աշխատում ու մարդիկ չեն կարողանում այդ կտրոններով ապրանք առնել, որովհետեւ բերվում է ապրանք, որը վաճառում են ավելի թանկ գնով, քան թե պետք է ապահովեն կտրոնով:
Երրորդը՝ կտրոնների ժամկետը հիմա երկարացրել են ու դարձել է իրավիճակ, երբ կա մարդ, որն իր կտրոնը ծախսել է եւ հիմա չի կարողանում նոր կտրոն ստանա եւ ստեղծվել է անհասկանալի իրավիճակ: Դրա համար, ցավոք, գնաճը դա վերջին կետն է: Դրա համար պետք է սկզբից դնես ճիշտ՝ ո՞վ է առնում այդ ապրանքը, ի՞նչ գներով է առնում, ինչքան թափանցիկ է դա, ոնց է այդ տենդերը կազմակերպվում, որովհետեւ ի վերջո շատ փոքր քանակի մեքենաներ կարող են գնալ-գալ Արցախ եւ պետք է տեսնել սնունդ ապահովելու հնարավորությունն ում ձեռքն է:
Կարդացեք նաև
Թափանցիկ արդարության մեխանիզմներ պիտի ստեղծվեին, աշխատանք շատ կար անելու, այնպես չէր, որ մեր ժամանակ ամեն ինչ իդեալական էր: Մենք հետ ենք ընկել նորից: Ամեն տեղ, ով լավ կապեր ունի պետական բարձր պաշտոնյաների հետ, իրանց ջեբը փող են աշխատում օգտագործելով այս իրավիճակը եւ հասարակ մարդկանցից կտրելով իրենց գումարները: Դա ես համարում եմ անընդունելի: Դրա համար գների աճը առաջանում է ցավոք սահմանափակումների պատճառով՝ մի քանի հոգու օգտին»:
Ըստ Ռուբեն Վարդանյանի, պետք է հավաքվել, բռունցք դառնալ. «Շրջափակման ժամանակ շուկայական օրենքները չեն աշխատում, մենք չունենք հնարավորություն ապահովելու մրցակցությունը: Այդտեղ պետության դերը կարեւոր է դառնում»: Ըստ Ռուբեն Վարդանյանի, պետք է միասին որոշեն խաղի կանոնները, պայմանավորվեն՝ ինչ գնով են ապրանքը գնում Հայաստանում ու քանի տոկոս կարելի է փող աշխատել դրա վրա: Պետք է մասնավորին ասվի՝ չես կարող գրպանդ ավելի մեծ գումար դնել, որովհետեւ կարողացել ես քո կապերի հաշվին դա անել՝ ի վնաս մյուս արցախցիների:
Սա լսելով՝ հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու Վարդան Արամյանը, որի գլխավորած տնտեսագետների մասնագիտական խումբը պատրաստել էր Արցախի վերաբերյալ զեկույցը, արձագանքեց. «Այն, ինչ ասեց պարոն Վարդանյանը, իրականում պետական համակարգի ձախողում է, եթե նման ճգնաժամային իրավիճակում գների նկատմամբ հսկողություն չկա: Ունի գործիքներ՝ մրցակցության պետական պաշտպանության կոմիտեն բա ինչո՞վ է զբաղվում: Եվ երկրորդը՝ դա գիտե՞ք ինձ համար ինչ է, լկտիություն է, եթե տնտեսվարողները նման իրավիճակում այդպիսի բաներ են անում: Դա ոչ այլ ինչ է, երբ երկրաշարժի ժամանակ մարդիկ գնում են, փոխանակ օգնություն ցույց տան, այլ դիերի վրայից ոսկիներն են հանում, լրիվ նույնն է: Սա հասարակության՝ միասնական ճակատով հանդես գալու ճգնաժամային վիճակ է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ