«Ինչպե՞ս եք գնահատում դատախազության պահանջը, 8 մլրդ դրամ ձեզ որտեղի՞ց»,-լրագրողների այս թեմայով հարցերին ի պատասխան՝ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանն ասաց. «Դատախազությունն է ասում, դատախազությունից էլ հարցրեք, եկել եք էստեղ ինչի՞ համար»: Նա պնդեց, որ որեւէ ապօրինի գույք չունի:
Ինչ վերաբերվում է ԱԱԾ-ի տեսանյութին, որտեղ երեւում էր, թե մեքենայից ինչպես է մեծ գումար հանում, այս մասին էլ ասաց. «Դա ձեզ չպետք է ասենք, դատարանին պետք է ասենք: Այդ գումարները ձեր շնորհիվ չէին, ընկերների շնորհիվ էին, իրենց տված գումարներն էին, հանում էի, որ տայի իրենց»:
Հարցին՝ ասում են երկար ժամանակ է, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ չի շփվում, որպեսզի կարողանա իր գույքը պահել, Վաչագան Ղազարյանը պատասխանեց. «Լավ էլ շփվում եմ, ինչ ասում են՝ սուտ են ասում»:
Նա նշեց, որ չի եղել այնպես, որ իրեն պատկանող «Յանսի» հարկերը չվճարի, իսկ 3 մլրդ վերականգնելը, որի մասին հայտարարել է դատախազությունը, իր խոսքով, «Յանսի» հետ կապ չունի, եւ այլ գործի է առնչվում. « Անօրինական բան չեմ արել, մի գեղեցիկ օր կասեմ, թե ինչի ենք դա վերականգնել, այսօր այդ օրը չի: Ամեն ինչ իր ժամանակն ունի…Իսկ Դավիթ Գալստյանին չկապեք էդ փողերին»:
Կարդացեք նաև
Վաչագան Ղազարյանը նաեւ լրագրողներին ասաց. «Բա որ դատարանը 1 մլրդ գրավ էր կիրառում, մեկ օրում բերել մուծել եմ, ո՞վ էր մուծել: Բերել մուծել է այն մարդը, որը Մոսկվայից ուղարկել է»:
Ասաց նաեւ, որ Տերյան փողոցում գտնվող իր տունը գրավ է դրել եւ գումար է վերցրել: Նա լրագրողներից մեկին էլ ասաց, որ իրեն չհարցաքննի, որովհետեւ դատավոր եւ դատախազ չէ: Ապա հավելեց, որ իր շրջապատի շնորհիվ է միջոցներ եւ գույք ստեղծել. «Բանկում դրված ավանդը չի կարող պետությունից թաքցված համարվել, մնացածը դատախազությունից հարցրեք»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ