Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Կամ վարչապետն է ստում, կամ՝ լեյտենանտը». Նորայր Նորիկյանը՝ Ազատ գյուղի զորամասի ողբերգության մասին

Մարտ 29,2023 14:41

«Բենզինի՝ տեղում գտնվելու հանգամանքի վերաբերյալ կան էական հակասություններ: Ողջ մնացած զինծառայողների դերակատարության՝ տեղում գտնվելու, նրանցից ոմանց, ճաղավանդակից դուրս գալու, դռնից դուրս գալու կամ այնտեղ գտնվելու վերաբերյալ կան էական տարբերություններ, կան փաստական տվյալներ մեր կողմից, որոնք ես այսօր չեմ հրապարակելու»,- այսօր այս մասին, «Նոյան տապան» մամուլի սրահում կայացած ասուլիսում ասաց զոհված զինծառայողներից 13-ի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը՝ պատասխանելով հարցին՝ տուժող կողմը սեփական փորձաքննության մասին էր հայտարարել, կա՞ն որոշակի տվյալներ:

Փաստաբանի գնահատմամբ, «շան գլուխը» թաքնված է դատափորձաքննության արդյունքներում, քանի որ գազի առաջացման մեխանիզմը եւ պայմանները դեռ հայտնի չեն. «Իսկ որեւէ մեկը բացառո՞ւմ է, որ շմոլ գազը կարող էր դիտավորությամբ բաց թողնվել»: Պաշտպանը նկատում է՝ դեպքի օրը վարչապետի բերեց վարկած՝ բենզինի բոցից է եղել հրդեհը, բայց նախորդող ժամանակահատվածի իրադարձությունները փաստականացված չեն: Ըստ այդմ, շմոլ գազի գոյությունից, մարդը պետք է վատ զգար իրեն, գիտակցությունը կորցներ, հետո այրվեր, բայց ըստ փորձաքննության, զինծառայողները այրվել են կենդանության օրոք: Պաշտպանն էական հակասություններ է արձանագրում նաեւ վարչապետի արած հայտարարության եւ այդ օրը հարցազրույց տված լեյտենանտի հայտարարություններում ու արձանագրում է՝ երկուսից մեկը ստում է:

Պաշտպանը մի շարք հարցեր է հնչեցնում նաեւ՝ կապված զորամասի տեղակայման, պայմանների հետ, «քուն» հրամանը տալուց հետո վառարանը վառելու, վառարան վառելու արդյունքում շմոլ գազի առաջացման եւ մի շարք այլ հանգամանքների վերաբերյալ: Նա նկատեց, որ կից եղել է նաեւ մեկ այլ սենյակ, որտեղ ռազմատեխնիկական միջոցներ են եղել ու տարակուսեց՝ միգուցե այլ հանգամանքի հե՞տ գործ ունենք: Ու հայտարարեց նաեւ, որ եթե կպարզվի, որ թմրանյութերի հետ կապված ինչ-ինչ հանգամանքների արդյունքում է եղել ողբերգությունը, քանի որ վարկած շրջանառվեց, որ զորամասի կապիտանի՝ թմրանյութերի հետ ինչ-ինչ կապի արդյունքում է հրդեհն առաջացել, տուժող կողմը հետամուտ է լինելու ճշմարտության բացահայտմանը:

Ասուլիսին ներկա զոհվածների ծնողները հայտարարեցին, որ թեեւ իրենք հանգիստ են, բայց իրենց հանգստությամբ են վտանգ ներկայացնում ու տեղեկացրին, որ հետամուտ են լինելու իրականությունը պարզելուն:

«Ամեն ինչ տանում է նրան, որ սա սարքած է. չգիտեմ, թե դիվերսիա է եղել, թե էդ երեխեքը ինչ-որ բան են իմացել ու իրանց պետք չի եղել, որ դա դուրս գա… էդ հրդեհը սարքել են, որ ծածկադմփոց անեն»,- կարծում են ծնողները:

Տարբեր գերատեսչություններ հրդեհի տարբեր ժամեր են արձանագրել. սա էլ է ծնողների մոտ տարակուսանք առաջացնում: Հրդեհի արձանագրված առաջին ժամը 24.30-նն է, ծնողը չի հասկանում, իր որդին, որը 24.15 ընկերուհու հետ հեռախոսով խոսել է, ինչպե՞ս կարող էր 10 րոպե հետո հրդեհից մահանալ: Ծնողների մոտ տարակուսանք են առաջացնում նաեւ իրենց որդիների հետ զորամասում ծառայող այլ զինվորների հետ զրույցներից ստացած հակասական տեղեկությունները: Թե ո՞ւմ կողմից եւ ի՞նչ ճնշումներ են լինում, պարզ չէ, բայց նրանք ողջ մնացած զինծառայողներին հորդորում են՝ չվախենալ եւ ասել ճշմարտությունը, քանի որ ծածկադմփոցը կարող է նոր ողբերգությունների հանգեցնել:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031