Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր պետական ապարատում հայտնվածների նպատակը համընկնում է Ադրբեջանի նպատակների հետ». Հովհաննես Իշխանյան

Մարտ 29,2023 13:34

«Ադրբեջանն ու Թուրքիան իրենց նպատակին հասնելու համար շարժվում են առաջ, այսինքն, եթե նպատակ ունեն, որ Արցախը հայաթափվի ու անցնի բարբարոսների տիրապետության տակ, մեր մշակույթը, մեր մարդիկ վերանան, անում են բազմաթիվ գործողություններ՝ նայելով, թե որտեղ ենք թերանում, որտեղ ենք դիմադրում ու կոտրում են այդ դիմադրությունները»,-«Հայելի» ակումբում ասաց ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը:

Նրա խոսքով. «Այսինքն, եթե շրջափակված էինք, բայց ունեինք այլընտրանքային ճանապարհ, որով կարող էինք պարեն հասցնել, թշնամին դա ուսումնասիրում է, հասկանում է, որ այն պետք է փակել: Ու այդպես ամեն գործողություն բերում է մեր դիմադրողականության ջարդին: Ցավոք, մեր պետական ապարատում հայտնվածների նպատակը համընկնում է Ադրբեջանի նպատակների հետ, դրա համար էլ մեր դիմադրողականությունը չի բարձրանում, մենք հարձակողական գործողություններ չենք կատարում: Եվ եթե անգամ միջազգային դատարաններում կարող ենք ինչ-ինչ հաջողությունների հասնել, դրանք մնալու են փաստաթղթերի վրա, որովհետեւ բանակցություններ չկան:

Երբ նստում են երկու կողմ, խոսում են այն մասին, թե ինչպես պետք է հանձնեն Արցախը: Ու բանից պարզվում է, որ ոչ միայն Թուրքիայի ու Ադրբեջանի համար է դժվար Արցախը վերցնելը, այլեւ դավաճանների համար է դժվար Արցախը տալը: Նրանք կարծում էին, որ Արցախը կտան՝ 5000 հոգու սպանելով, հասարակության մեջ շոկ ստեղծելով ու դրանով հարցը փակելով, ապա ռուսական ազդեցությունը կհանեն, Թուրքիայի տակ կմտնեն, կամաց-կամաց կդառնան թուրքական պետություն»:

Հովհաննես Իշխանյանն ընդգծում է, որ բարոյական, կենսաբանական եւ դիվանագիտական ու մի շարք այլ առումներով անհեթեթություն է այն գաղափարը, թե Արցախը տալով կարելի է հանգիստ ապրել, հատկապես, երբ նրա բնորոշմամբ, գործ ունենք ցեղասպան երկրների, ֆաշիզմի եւ բարբարոսության հետ:

Նա փաստում է. «Երեւանում եւ Հայաստանում մեծացել է մի սերունդ, որը կարծում էր, թե ինքը պետք լավ ապրի Արցախը հանձնելու գնով, եւ բնիկ տարածքներում ապրող մարդկանց կարծիքը կարող է հաշվի չառնվել»: «Մինչդեռ ինչպե՞ս կարելի է տարածք զիջել նրանց, որոնք ուզում են քեզ վերացնել»,- տարակուսանք է հայտնում նա:

«Ադրբեջանը մի քանի հիբրիդային գործողություններով փորձում է Արցախը քաշել իր կողմ, ու մենք բարդ վիճակում ենք հայտնվել: Մենք կարողանում ենք համաժողովներ անել, ցույց ենք տալիս Հայաստանի ամբողջ իրավաբանական, դիվանագիտական ռեսուրսները, ցույց ենք տալիս, որ Արցախի ճանաչողության հարցում ուժեղ ենք, ռեսուրս ունենք, կարողանում ենք արվեստագետներին, մտավորականներին մոբիլիզացնել, Սփյուռքում փոքր ու մեծ ցույցեր անել, սպորտային խաղերում մեր միտքը տարածել, ինչպես, օրինակ, Հայաստան-Թուրքիա խաղի ժամանակ մի շարք երիտասարդներ Արցախի հետ կապված իրենց մտահոգությունը դաշտից հայտնեցին:

Բայց , ցավոք, Ադրբեջանի կողմից կատարվում են կիրառական գործողություներ, քանի որ այնտեղ պետական ապարատն է աշխատում, իսկ Հայաստանում գործում են միայն մտահոգ մարդիկ, որոնք ունեն կիրառական աշխատանք կատարելու սահմանափակ ռեսուրսներ»,- նշեց Հովհաննես Իշխանյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031